Ուղիղ եթեր
Բռնաբարվում է ժողովրդավարությունը, իսկ արդարները կրկին լուռ են
copy image url

Բռնաբարվում է ժողովրդավարությունը, իսկ արդարները կրկին լուռ են

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:00 19-11-2024
Նոյեմբերի 18-ի պաշտոնանկությունների շքերթում Կարեն Անդրեասյանի հրաժարականն է ամենահատկանշականը։ Փաստորեն դուրս է գալիս, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, որն ըստ սահմանադրության՝ անկախ կառույցի ղեկավար է, հրաժարական է տալիս գործադիրի ղեկավարի խնդրանքի հիման վրա։ Այսպիսով՝ հերթական անգամ բռնաբարվում է Սահմանադրությունը, խախտվում է իշխանությունների տարանջատման ու հավասարակշռության ժողովրդավարական սկզբունքը։

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե՛ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել», Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ նախագահը։

Հակաժողովրդավարական այս պատկերի մեղավորն առաջին հայացքից՝ Կարեն Անդրեասյանն է, որը Փաշինյանի խնդրանք-պահանջին ընդառաջ է գնացել ու թողել պաշտոնը։ Կողմնակի հայացքով դիտելիս կարելի է նկատել, որ նա սկզբունքորեն կարող էր պահանջել, որ իր պաշտոնանկությունն ընթանար ըստ օրենքի, հրապարակավ ներկայացնելով պատճառները։ Ենթադրաբար՝ Անդրեասյանին այսպիսի դիրքորոշումից հեռու են պահել տխուր նախադեպերը։ ԲԴԽ նախորդ նախագահները փորձել են հակառակվել Փաշինյանի կամայական ցանկություններին։ Արդյունքում՝ նրանք տուժել են, նրանց նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Իսկ Փաշինյանը վերջնահաշվարկում հասել է իր ուզածին։

Պատկերավոր ասած՝ Կարեն Անդերասյանը դաս է քաղել ԲԴԽ նախկին նախագահների կրած վնասներից, հասկացել, որ չի կարող պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը, և առանց դիմադրության՝ հրաժարական է տվել։ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում՝ ամենաերկարը դիմացած», գրել է նա:

Այս գրառումը հավելյալ ապացուցում է, որ ԲԴԽ նախորդ նախագահներին ևս հրաժարական է պարտադրել վարչապետը, բռնաբարելով ժողովրդավարությունն ու սահմանադրությունը։ Այսինքն՝ սա արդեն դարձել է նորմ։ Եթե Փաշինյանին փոխարինի բռի, անկիրթ ու սուպերպոպուլիստ մեկը, ապա վարչապետի կամայականությունը, որն արդեն դարձել է չգրված նորմ, կարող են ամրագրել օրենքով։ Դրանից հետո արդեն ամբողջ աշխարհը Հայաստանը կհամարի հակաժողովրդավարական, հետամնաց, ավտորիտար երկիր։ Այնպես որ՝ եթե երկրում կան ժողովրդավարության ու սահմանադրական կարգի պահպանման ջատագովներ, ապա պետք է դիրքորոշում արտահայտեն և պարզություն մտցնեն, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, թե ժողվուրդը ժողովրդավարությանը դեմ է։

Հետադարձ հայացքով կարող ենք նկատել, որ եթե ժողովրդավարության նորմերի և սահմանադրական կարգի ջագատովները սկզբունքայնություն ցուցաբերեին նախորդ ԲԴԽ նախագահների պարագայում, ապա այս հերթական կամայական պաշտոնանկությունը չէր լինի։ Հոռետեսորեն կարելի է ասել, որ եթե այս անգամ էլ արդար մարդիկ լուռ մնան, ապա հաստատվող ավտորիտար ռեժիմի կամայականությունները մի օր կարող են թակել նրանց դուռը։ Իսկ եթե երկրում արդարներ չլինեն, ապա այն կկործանվի Սոդոմի նման։

Այնպես որ՝ ինչքան Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն են մեղավոր այս հակաժողովրդավարական կամայականությունների համար, նույնքան էլ ժողովրդավարության ջատագովները, մեծ հաշվով՝ արդարները, որոնց լուռ համաձայնությամբ երկիրը գլորվում է հետ, հավասարվելով հակաքաղաքակրթական դիրքավորում ունեցող Ռուսաստանին, Բելառուսին, Հյուսիսային Կորեային և այլ հետամնաց երկրներին, բռնելով կործանման ուղիղ ճանապարհը։ Գուցե կործանարար այս հետընթա՞ցն էր 2018-ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության իրական նպատակը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված