Ներքին 4 տարի առաջ - 20:50 18-07-2022

Երևանի ամենահին խանութը կդառնա սրճարան, իսկ պետությունը լուռ է

Երևանում գտնվող ամենահին կոլորիտային խանութը՝ «Լույս» գրախանութը, դադարեցնում է գործունությունը Մաշտոցի 45 հասցեում, իսկ գրքերն այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն տարբերակով։ Բանն այն է, որ գրախանութի փոխարեն կառուցվելու է սրճարան։ Գրախանութը Երևան քաղաքի ամենահին խանութն է, որը մշտապես աչքի է ընկել իր կոլորիտայնությամբ։

Oragir.news-ը կապ հաստատեց խանութի նախկին գրավաճառ Կարեն Գասպարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Գրախանութի վաճառքի հետ կապված ես որևէ բան չեմ կարող ասել, սեփականատերն ուզեցել է վաճառի, վաճառել է։ Հիմա ԱՄՆ-ում է բնակվում սեփականատերը, ով գրախանութից օգտվել է տարիների ընթացքում, ինքը տեսել է՝ ոնց է այդ խանութը մնացել ու ոնց է պահպանվել․ ոչինչ չունեմ ավելացնելու։ Հիմա չեմ ուզում որևէ կարծիք ասել դրա վերաբերյալ, ուղղակի հարցին, թե հիմա ոնց է, ես պատասխանում եմ հետևյալ կերպ․ ով մտել է խանութ, տեսել է, թե ինչ է, ու ես չեմ կարծում, օրինակ, որ գրախանութը վատ վիճակում է եղել։ Սեփականտերը 27 տարի առաջ տվել է այդ խանութը, և նույն ձևով ես իրեն վերադարձրել եմ։ Իհարկե, կարևորն այն է, որ տարածքը նույն ձևով մնում է, որ վերանորոգում են․ այլ ճանապարհ չկա, որ օրինակ՝ վերանորոգման վրա մեծ ներդրում արվեր։ Իրենք շատ բան չեն փոխի։ Չեմ կարծում, որ կփոխեն, որովհետև ամբողջ հմայքը հենց դրա մեջ է։ 2,5-3 ամիս է՝ այդ խանութը փակ է, չեմ հասկանում, թե ինչու են հիմա էլի խոսում դրա մասին։ Մարդիկ կան՝ վերջին 20 տարվա մեջ, ինչքան Հայաստան են գալիս, այդքան գալիս են նաև այս գրախանութ։ Ես այստեղ ուղղակի աշխատող եմ , արենդայով վերցրել, աշխատել եմ, սեփականատերը չեմ, ավելի լավ կլինի՝ սեփականատիրոջից հարցնեք։ Ես հիմա պատրաստ չեմ շատ բաներ խոսել խանութի մասին»,- ասաց Գ. Գասպարյանը։



Պարզելու համար, թե որն է գրախանութի փակվելու պատճառը, Oragir.news-ը զրուցեց վարձակալ Արթուր Գևորգյանի հետ, ով արդեն սկսել է շինարարական աշխատանքները։

Արթուր Գևորգյանն ասաց, որ նախկին աշխատակիցները չեն կարողացել գրախանութ պահել, մաքրություն չեն արել, և սեփականատերը որոշել է փակել, և եթե երեք-չորս տարի էլ այդպես շարունակվեր, ուղղակի այդ գրախանութից բան չէր մնա։

«Այս ամենն ինձ սեփականատերն է ասել, որ շատ վատ են վերաբերվել, բայց ով վերցրել է ՝ նախկին աշխատացնողը՝ Կարենը, իր բարեկամներից մեկն է։ Այս ամենը եթե բացենք, ապա սեփականատերը կարող է խնդիր ունենալ իր բարեկամի հետ, դրա համար ես չեմ ուզում ոչ մի քննարկում ունենալ այդ հարցի հետ կապված։ Սա մարդու անձնական գործն է․ որոշել է փակի, ինձ այն տվել է վարձակալության հիմունքով, այսինքն՝ ես չեմ կարող ինչ-որ փակագծեր բացել։ Ես այն վերցրել եմ սեփականատերից՝ Անդրանիկից։ Սրճարանը միանշանակ պահում է գրախանութի տեսքը, ու ոչ մի բան չի փոխվելու այնտեղ, և միանշանակ ավելի լավն է դառնալու, քան կար նախկինում, երեք-չորս տարի հետո մենք գրախանութի կահույք չէինք ունենալու, որովհետև ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ կեղտի մեջ կորած է, ու այնպիսի փոշի է նստած, որ հատուկ ծառայություններ պետք է կանչենք, որ մաքրելիս չվնասեն»,- նշեց Գևորգյանը։

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք կա ԿԳՄՍՆ-ից թույլտվություն, պատասխանեց. «ԿԳՄՍՆ-ն իրավասու չէ պատասխանել այդ հարցին, քանի որ այն մասնավոր սեփականություն է հանդիսանում»։

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով գրախանութի վերաբերյալ հարցին, ասաց, որ այդ հարցի վերաբերյալ զուտ որպես անձ վատ կարծիքի է. «Նման հարցերով զբաղվում են քաղաքային մշակույթով զբաղվող ազգագրագետները, դա նեղ մասնագիտական է, բայց զուտ որպես մարդ՝ մտածում եմ, որ գրախանութ էլ է քաղաքային մշակույթի մաս, սրճարանն էլ։ Այն պատմություն ունի․ դա խորհրդային շրջանում ավելի կոմիսիոն գրախանութ էր, բուկինիստական գրախանութ էր, ես անձամբ վատ եմ վերաբերում գրախանութների փակվելուն, բայց կապիտալիզմի պայմաններում ոչ մի բան չես կարող անել․ դա է ամբողջ հարցը։ Պետությունը, քաղաքապետարանը պատմություն ունեցող, արժեք ունեցող գրախանութները, եթե շուկայական տեսանկյունից ձեռնտու չեն, չեն աշխատում, բայց կարևորություն ունեն քաղաքի համար, պետք է հատուկ կարգավիճակ տա, պետք է կարողանան ինչ-որ հատուկ քաղաքականություն մշակել ու աջակցել։ Այդ տիպի խնդիրը տարբեր մասնագետների հետ քննարկելու կարիք ունի։ Եթե մասնավոր սեփականության խնդիր է, ու մարդն ուզում է վաճառել իր խանութը, ոչինչ անել հնարավոր չէ։ Բայց այդ գրախանութը տեր ունի ու եթե ուզում է այդ գրախանութը վաճառել, ինչ կարող ենք անել։ Ուրիշ բան, որ այդ գրախանութն ունենար ինչ-որ ստատուս, գրանցված լիներ քաղաքային հուշարձանների ցանկում, ինչը իրավական հիմք կտար պետական մարմիններին՝ ինչ-որ գործողության դիմելու, բայց եթե չկա, ես տեղյակ չեմ այդ հարցի մասին։ Ես ավելի պատմական գրախանութներ գիտեմ, որոնք Լևոն-Տեր Պետրոսյանի ժամանակ վերացվեցին, Քոչարյանի ժամանակ վերացրեցին։ Համար առաջին գրախանութը, որը գտնվում էր երիտասարդական մետրոյի մոտ՝ այսօրվա «Փարիզյան սուրճ» սրճարանից մի փոքր վերև, այդտեղ «Ռոբերտո» խանութ է կառուցված, դա մաս-մաս արեցին, վերացրին, իսկ ձեր ասած խանութը, ես շատ լավ գիտեմ, ապրել եմ այդ շրջանում և շատ լավ գիտեմ Երևանի գրախանութները։ Թումանյան փողոցի վրա, օրինակ, կար գրախանութ, որի փոխարեն հիմա «ՍԱՍ» սուպերմարկետն էր, իսկ «Ադիդաս» խանութի տեղում գտնվող գրախանութը, որը պատմական նշանակություն ուներ, տվեցին այսօրվա պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Այնքան բաներ են վերացրել, որ այդ խանութը , որի մասին դուք խոսում եք, այն ժամանակ, որ ես ուսանող եմ եղել, հիշում եմ, փոքրիկ բուկինիստական խանութ էր, ու ավելի լավ բուկինիստական գրախանություն էլ կային։ Հիմա մեր երկրում ամեն ինչ վերացրել են, ու մնացել է միայն այդ խանութը, հետո ես պատմությանը ծանոթ չեմ, գրքերի առևտրով էին զբաղվում, պետական խանութ էր, բայց ոնց որ դա սեփականաշնորհեցին հետո, հիմա էլ որոշել է վաճառել։ Հիմա այդ մարդու էլ ինչի՞ն է պետք գրախանութը, որևէ մեկը տեր-տիրական փաստորեն չունի։ Ես ինքս կողմ եմ, որ չքանդեն, չփչացնեն»։

Իսկ քաղաքապետի կարծիքը լսելու համար մենք կապ հաստատեցինք նաև քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ։

«Դա մասնավոր սեփականություն է։ Ես որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ եմ ասում․ հիմա դուք, ենթադրեք, ունեք գրախանութ, որն իրեն չի արդարացրել, որոշել եք այնտեղ սրճարան աշխատեցնել, ես իրավունք ունե՞մ միջամտելու։ Դրան, որպես այդպիսին, տրված չէ պատմամշակութային կոթողի կարգավիճակ։ Վստահ եմ՝ ներքին հարդարանքի մասին է խոսքը։ Ես հույս ունեմ, որ իրենց խելքն այդքան կհերիքի, որ պահեն ներքին հարդարանքը։ Դե հիմա մասնավոր սեփականություն է, ես իրավունք չունեմ միջամտելու, ասեմ՝ սենց կամ նենց սարքեք»,-ասաց Սարդարյանը։