Ուղիղ եթեր
Թող միշտ պանծա ավանակ
copy image url

Թող միշտ պանծա ավանակ

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 13-11-2024
ՀՀ օրհներգը հերթական ոտնձգությանն է ենթարկվում։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծն արդեն մշակվել է և տեղադրվել ԱԺ կայքում։ Ինչու՞ են ուզում փոփոխել ՀՀ օրհներգն, ու հետո ի՞նչ են փոխելու ազգային խորհրդանիշում։

Երբ ՔՊ-ն նոր էր եկել իշխանության, հեղափոխական ոգևորության մեջ փորձեց ոտնձգություն կատարել ՀՀ օրհներգի նկատմամբ։ Փոփոխության ջատագով էր հանդես գալիս Ալեն Սիմոնյանը, որը պարզորոշ չէր էլ կարողանում բացատրել, թե ի՞նչն են ուզում փոխել։ Ակնհայտ էր միայն փոխելու մղումը։ Այդ ժամանակ հանրային քննադատության տակ ՔՊ-ն նահանջեց։ Լավատեսական ենթադրություն տարածվեց, թե ՔՊ-ն հասկացավ, որ օրհներգը խաղալիք չէ, որ ով, երբ, ինչպես ուզենա՝ փոփոխի։ Ժամանակը ցույց տվեց, որ լավատեսները սխալվում էին։ ՔՊ-ն չի հրաժարվել օրհներգը փոխելու մտքից։

Այսպիսով՝ ՔՊ-ն առաջարկում է օրհներգի 2-րդ և 4-րդ տները փոխատեղել։ Նախագծի հեղինակները դեռ չեն պարզաբանել այս վերադասավորան նպատակը։ Ենթադրելի է, որ ՔՊ-ականները վատ են զգում, նյարդայնանում են օրհներգի 4-րդ տան վերջին՝ ազգի ազատության համար զոհվելու մասին բառերից։ Այսինքն՝ չեն ուզում ազգի ազատության համար զոհվել։ Դրա համար առաջարկում են այս տունը բերել առաջ, թաքցնել տողերի արանքում, իսկ օրհներգն ավարտել՝ «Թող միշտ պանծա Հայաստան» բառերով։

Կա հիմնավոր կասկած, որ ազգ ազատության համար զոհվելու մասին տողը ՔՊ-ականներին հիշեցնում է իրենց խայտառակ ու աղետալի պարտությունները։ Նրանց անշրջահայաց քաղաքականության արդյունքում պետությունն ու ժողովուրդը ներքաշվեցին 44-օրյա պատերազմի մեջ, որի ժամանակ հազարավոր հայեր զոհվեցին ազգի ազատության համար։ Իսկ պատերազմի ժամանակ ՔՊ-ն չկարողացավ վարել այնպիսի քաղաքականություն, որ այն չավարտվեր լիակատար պարտությամբ։ Ի դեպ՝ 44-օրյայի ժամանակ ՔՊ-ն աշխարհին ներկայացնում էր, թե սա գոյապայքար է, էքզիստեցիալ սպառնալիք կա և այլն։ Ազգի ազատության համար պատերազմը ներկայացնում էին որպես գոյապայքար, ստեղծելով աղետալի հանգուցալուծման ռեալ նախադրյալներ։ Միայն մի քանի տարի անց որոշ ՔՊ-ականներ հասկացան, որ այդ կռիվը Հայաստանի անկախության, ազգի ազատության համար էր, գոյություն քարշ տալու համար չէր։

Աներկբա է, որ օրհներգն ազգի ազատության համար զոհվելու մասին բառերով ավարտելը նշանակում է, որ հայերը պատրաստ են պատերազմել և նույնիսկ զոհվել ազգի ազատության, այսինքն՝ Հայաստանի անկախության համար։ Հիշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, ընդառաջ գնալով Բաքվի պահանջին, սահմանազատման կանոնակարգի սահմանադրականությունը քննելիս ընդարձակ անդրադաձ կատարեց Անկախության հռչակագրին։ Ենթադրելի է, որ ՀՀ օրհներգի փոփոխությունն արվում է նույն տրամաբանութամբ, որպեսզի այն չպարունակի ակնարկ, թե ազգի ազատության համար զոհվելու պատրաստակամությունը շատ կարևոր է Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար։ Այսինքն՝ տողերի արանքում ազգի ազատության համար զոհվելու երանին թաքցնելը նվեր է չբարեկամներին։

Այս առումով՝ ենթադրելի է, որ օրհներգի փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու։ Եվ առաջիկայում ՔՊ-ն կարող է առաջարկել օրհներգից լրիվ հանել ազգի ազատության համար զոհվելու մասին տունը։ Առաջարկվող նախագծում հիշեցվում է, որ տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ օրհներգը հնչում է կարճ տարբերակով։ Ենթադրելի է, որ այսպես կոչված՝ կարճ տարբերակում ազգի ազատության համար զոհվելու մասին խոսքը չի հնչելու։

Պարզ ասած՝ օրհներգը փոխելու ՔՊ-ի այս առաջարկը տպավորություն է ստեղծում, թե հայ ժողովուրդն ընտրել է պարտված ազգի ապագան, ուզում է երկրորդ պլան մղել ազգի ազատության գաղափարը, գոյություն քարշ տալը համարել պանծալի։ Եթե իրոք այսպես է, ապա սա կարող է ստեղծել ազգային անվտանգային ռեալ սպառնալիք, ժողովրդի դանդաղ մահվան իրական վտանգ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված