Բռնադատվածների հուշահամալիրում նորաձևության ցուցադրության հետ կապված հանրային քննարկումներին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը, փորձելով պաշտպանել քաղաքապետին հանրային հանդիմանանքից։
Նկատենք, որ հանրության մեծ մասը բացասաբար է անդրադարձել նոյեմբերի 7-ի միջոցառմանը ոչ այն պատճառով, որ նորաձևության դեմ են։ Բացասական հույզեր է առաջացնում այն, որ միջոցառումն անցկացվել է Բռնադատվածների հուշահամալիրում, որտեղ Հունիսի 14-ին՝ Բռնադատվածների հիշատակի օրն, այցելում են քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք սկզբունքային դիրքորոշում ունեն մարդկության դեմ կատարված հանցագործությունները դատապարտելու հարցում և կաշկանդված չեն ռուսական շահեր սպասարկելու պայմանավորվածություններով։
Այսպիսի սկզբունքային դիրքորոշում չունեն Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը։ 2018-ից ի վեր ՔՊ-ն ոչ մի անգամ Հունիսի 14-ին չի այցելել Բռնադատվածների հուշահամալիր, մի ծաղիկ չեն խոնարհել, հիշատակի մի խոսք չեն ասել։ Սա ամենն էր, ինչ մինչև 2024-ի նոյեմբերի 7-ը գիտինք ՔՊ-ական իշխանության՝ խորհրդային հակամարդկային ռեժիմի կողմից հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի և դիրքորոշման մասին։
Տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը չի հայտնել կարևորը, թե ո՞ւմ մտքով է անցել Բռնադատվածների հուշահամալիրում գունեղ, աղմկոտ և ժամանցային միջոցառում կազմակերպելու գաղափարը, և ո՞ր քաղաքական պաշտոնյան է թույլ տվել դա։
Տուրիզմի բաժնի պետը, սակայն, միանշանակ իրավացի է մի քանի հարցում։ Իրոք, քչերը գիտեն Բռնադատվածների հուշահամալիրի տեղը, քանի որ ՔՊ-ական իշխանություններն ամեն ինչ արել են այս թեման արհամարհելու, անտեսելու, անուշադրության մատնելու համար։ Դրա համար էլ այս վայրը փոշու, կեղտի, աղբի մեջ է տարվա 364 օրը։ Մաքրվում է միայն հունիսի 14-ի առավոտյան կամավորների ջանքերով։ Եվ ՔՊ-ական մամուլն երբեք սրան չի անդրադարձել, քանի որ Նիկոլ Փաշինյանի և նրա մոսկովյան հովանավորների կողմից են ուղղորդվում բռնադատվածների թեմայի վերաբերյալ արհամարհանքն ու անուշադրությունը։
Ուշագրավ է նաև տուրիզմի բաժնի պետի հետևյալ ընդգծումը՝ «Բռնադատվածների հուշահամալիրում նորաձևության ցուցադրության շնորհիվ միջազգային մամուլն անդրադարձել է Բռնադատվածների հուշահամալիրին և սովետական բռնաճնշումներին: Եվ երբեք ոչ մեկն այս հուշարձանն այսքան չի կարևորել»։ Այսպիսով՝ տուրիզմի բաժնի պետը հավելյալ հանդիմանում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ական իշխանությանը, որ նրանք տարիներ շարունակ փոքրոգաբար կամ դավաճանաբար արհամարհել են խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների թեման։ Նիկոլ Փաշինյանի հասցեին այս թեմայով այսպիսի ջախջախիչ քննադատություն մինչ օրս չէր եղել։
Ամենայն հաջողություն մաղթելով նորաձևության երիտասարդ ստեղծագործողներին, վերստին կրկնենք, որ բռնադատվածների հուշահամալիրի տարածքը պետք է ծառայի իր խորհրդին համապատասխան։ Իսկ եթե Երևանի տուրիզմի բաժինն ուզում է հանրահռչակել այս վայրը, ապա կարող են այսօր գործակարգավարական նիստում բարձրացնել հարց ու միջոցներ հատկացնել, որ հուշահամալիրի տարածքը մաքուր ու խնամված լինի տարվա բոլոր օրերին, այնտեղ տեղադրվեն տեղեկատվական վահանակներ, լուսանկարներ, որոնք Երևան այցելող զբոսաշրջիկին կծանոթացնեն թեմային և ՀՀ իշխանությունների դիրքորոշմանն այս հարցում։
Ի վերջո՝ նորաձևությունն ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերին երևակայական մեկ խորհրդանշական տեսարանի մեջ համադրելու պարագայում սարսափելի պատկեր է ստացվում։ Հուշահամալիրի ներսում հավաքված հանդիսատեսին կարող են համեմատել ժողովրդի հետ, որն ուշադիր ու լուռ հետևում էր բռնաճնշումներին։ Նորաձևություն ցուցադրողները բռնադատվող, բեռնատար գնացքներով աքսորվողներն էին, որոնց շարքով տանում, բերում էին այս ու այն կողմ։ Քաղաքապետն ու կազմակեպիչները՝ խորհրդային դահիճների կերպարի մեջ էին տեղավորվում, որոնց ձեռքով զոհ են գնացել հազարավոր հայեր։ Իսկ գերիշխող կարմիր գույնը բոլշևիկյան կարմիրն էր կամ զոհերի արյան կարմիրը։ Այսպիսի կամ նման այլ ռեալ համարդություն իշխանությունների օգտին չէ, նրանց մասին լավ բան չի ասում։ Դժվար, թե քաղաքապետ Ավինյանն ու մյուս կազմակերպիչները գիտակցաբար մտնեին խորհրդային դահիճների կերպարի մեջ։
Այս առումով՝ ենթադրելի է, որ Բռնադատվածների հուշահամալիրում նորաձևության ցուցադրությունը ՔՊ-ի դեմ կազմակերպված դավադրություն էր։ Այսինքն՝ եթե մինչև նոյեմբերի 7-ը ՔՊ-ին համարում էին ռուսական դրածո, ապա նոյեմբերի 7-ին նրան, ի դեմս Տիգրան Ավինյանի՝ մտցրին խորհրդային դահիճների կերպարի մեջ։ Եվ եթե ՔՊ-ն վաղը խոսի անկախության և ժողովրդավարության մասին, ապա ոչ ոք չի հավատա։
Թաթուլ Մկրտչյան