Ներքին 4 շաբաթ առաջ - 18:30 08-11-2024

Երբ վարունգը թարս է բուսնում․ իրականում Թրա՞մփը խայտառակվեց, թե Հայաստանի «արևմտամետները»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Քաղաքական պատասխանատվությունն արևմտյան արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Քաղաքական պատասխանատվության դրսևորում է, երբ քաղաքական գործիչները կամ վերլուծաբանները իրենց գնահատականներում սխալվելու դեպքում հրապարակային կերպով ներողություն են խնդրում՝ պարզաբանելով, թե ինչ իրողություններ հաշվի չէին առել, որի հետևանքով սխալվել էին։ Սխալներն ընդունելու ու ներողություն խնդրելու մեջ ամոթալի ոչինչ չկա, ավելին՝ դա նաև նպաստում է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

Հայաստանում քիչ չեն այն ուժերը, ովքեր իրենց դիրքավորում են որպես արևմտամետ՝ պնդելով, որ բարձր են գնահատում արևմտյան արժեհամակարգն ու անձամբ դրա կրողներն են։ Այս ուժերն անգամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ստորագրահավաք են սկսել ու մարդկանց եվրոպական ապագա են խոստանում, թեպետ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել, իսկ ԵՄ-ից էլ ամենաբարձր մակարդակով հայտնել են, որ վիզաների ազատականացման հարցով երկխոսության մեկնարկը չպետք է շփոթել կառույցին անդամակցելու գործընթացի հետ, նման հարց չի քննարկվում։

Անգամ այս հայտարարությունները չկաշկանդեցին Հայաստանի արևմտամետներին, ովքեր շարունակեցին ստորագրահավաքը՝ հանրության շրջանում ԵՄ-ին անդամակցելու ակնկալիքներ գեներացնելով։ Այսպես կոչված «Եվրաքվե»-ի նախաձեռնողները պնդում են, որ անհրաժեշտ թվով ստորագրությունները արդեն հավաքվել են, ինչը, եթե համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ մեր հանրությունը առնվազն հետաքրքրված է այս օրակարգով։

Ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք, սակայն առիթներ ունեցել ենք պնդելու, որ «Եվրաքվե»-ի իրական նպատակը բացառապես հաջորդ ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական դիվիդենտներ շահելն է, որոնք իրենց արևմտամետ հռչակած ուժերից որոշներին թույլ կտան հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը ու հայտնվել խորհրդարանում։ Բարձր են գնահատվում հատկապես Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակից Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության շարքերը, որը նախորդ անգամ շուրջ 3% ձայն էր ստացել և հաջորդ անգամ մեծ հավանականությամբ կկարողանա հայտնվել ԱԺ-ում։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Նախագահի 2 թեկնածուներն էլ՝ հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Քամալա Հարիսը, ունեին գրեթե հավասար վարկանիշ, և լուրջ փորձագետները մինչև վերջին պահը դժվարանում էին կանխատեսել, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը։ Չնայած այս իրողությանը, «Եվրաքվե»-ն առաջնորդող Հայաստանի «արևմտմետները» ամիսներ շարունակ իրենց հրապարակային խոսքում հայ հասարակությանը վստահեցնում էին, որ ԱՄՆ հաջորդ նախագահ է ընտրվելու Քամալա Հարիսը, իսկ Դոնալդ Թրամփի հաղթանակը պարզապես բացառում էին․

Մասնավորապես «Եվրաքվե»-ի ջատագով, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը պնդում էր՝ ԱՄՆ հաջորդ նախագահ է ընտրվելու Քամալա Հարիսը։ «Դոնալդ Թրամփը չի անցնելու, ընտրություններում հաղթելու է Դեմոկրատական կուսակցությունը՝ Քամալա Հարիսը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի քաղաքականությունը Ուկրաինայի, հետևաբար նաև Հայաստանի հանդեպ պահպանվելու է»,- հայտարարում էր նա։

«Եվրաքվե»-ի առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես վստահ էր, որ Դոնալդ Թրամփը չի ընտրվելու․ «Համոզված եմ, որ Թրամփը չի ընտրվելու։ Ես ի սկզբանե այդ կարծիքին եմ եղել, որ չի ընտրվելու»։

Քաղաքագետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համոզմունք էր հայտնում, որ ԱՄՆ նախագահ է ընտրվելու Քամալա Հարիսը, թեպետ իր խոսքում ընդունում էր, որ աշխարհում սպասում են Թրամփի հաղթնակին․ «Իհարկե աշխարհը սպասում է, որ Թրամփը կհաղթի, ենթադրյալ շատ բան կփոխվի, բայց ինձ թվում է, որ չի հաղթի, չի հաղթի, թող այդ կարծիքն էլ լինի»։

Կրկին իրեն քաղաքագետ համարող, չափից ավելի արևմտամետ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես բացառում էր Դոնալդ Թրամփի հաղթանակը․ «Ասում են՝ Թրամփի նման մեկը կդառնա, կհասնի մինչև Սպիտակ տուն և այստեղ հավանականությունն ավելի մեծ է, որ չի հասնի»։

«Եվրաքվե»-ի առաջնորդներին այս հարցում ձայնակցում էին նաև իրենց խոսափող քաղաքագետ-վերլուծաբանները, ովքեր իրենց մի քանի հազար հետևորդներին համոզում էին, որ ԱՄՆ-ում հաղթելու է Քամալա Հարիսը․

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, ով նաև ավելի քան 80 հազար հետևորդ ունեցող յութուբյան ալիք ունի, ասում էր․ «Ամերիկացիներն ասում են՝ սա այն տղամարդն է, որը բոլոր տեղերից Ամերիկային հետ է քաշում, սա էլ այն կինն է, որն ասում է՝ այս ծրագիրը առաջ եմ տանելու, հավանականությունը Քամալա Հարիսի շատ ավելի մեծ է»։

Իշխանամետ քաղաքական վերլուծաբան ու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը կարծում էր, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի շանսերը զրոյական են։ «Թրամփը զրո շանս ունի հաղթելու, զրո, բացառվում է դա։ Հարցը միայն նրա մասին է, թե ինչքան խայտառակ է նա պարտվելու։ Իսկ ասեմ՝ ինչի համար են Ձեզ մոտ ամերիկյան հասարակությունը տաք պահում, սա զուտ մասնագիտական է։ Տաք են պահում, որ փող ֆռա, թե չէ փող չի ֆռա»։

Ինչպես ասում են, վարունգը թարս բուսնեց և Հայաստանի «արևմամետների» կանխատեսումներն իրականություն չդարձան, սակայն վերջիններս ներողություն խնդրելու խիզախություն չունեցան։ Սա հերթական անգամ փաստում է, որ վերջիններս ոչ թե արևմտյան արժեհամակարգի կրողներն են, այլ պարզապես դա օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար՝ հույս ունենելով, որ հանրության հիշողությունը կարճ է, ու մարդիկ կարճ ժամանակ անց կմոռանան իրենց ամպագորգոռ հայտարարությունները։

ԱՄՆ նախագահական ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ հանրապետական Դոնալդ Թրամփը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահը, ով նախագահի պաշտոնը թողնելուց հետո կարողացավ կրկին ընտրվել, ընդ որում բավականին տպավորիչ կերպով։ ԱՄՆ-ում նման բան տեղի էր ունեցել միայն 1 անգամ՝ հեռավոր 19-րդ դարի վերջին, երբ դեմոկրատ Սթիվեն Գրովեր Կլիվլենդը 1 ժամկետ՝ 1885-1889թթ․ պաշտոնավարելուց հետո թողեց պաշտոնը, ապա 1893 թվականին վերընտրվեց ու ևս 1 ժամկետ պաշտոնավարեց։

Ամենևին դեմ չլինելով ԵՄ-ին անդամակցելու օրակարգին՝ վստահ ենք, որ այս հարցում նույնպես «արևմամետներ» ուժերին ու նրանց նախաձեռնած ստորագրահավաքին միացած ավելի քան 50 հազար քաղաքացիներին հերթական ֆիասկոն է սպասվում։ Արդեն նշեցինք՝ ԵՄ-ն դիտարկում է բացառապես Հայաստանի քաղաքացիների համար վիզաները ազատականացնելու հնարավորությունը, որը չպետք է շփոթենք անդամակցության գործընթացի հետ։

Այս ամենից հայ հասարակությունը պետք է լուրջ հետևություններ անի, քանի որ հաջորդ ընտրությունները սարերի հետևում չեն և հիշյալ քաղաքական ուժերը խորհրդարանում հայտնվելու համար փորձելու են ամեն կերպ քաղաքացիների վստահությունը շահել։

Տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչպես էին հիշյալ գործիչները հայ հանրությանը վստահեցնում, որ ԱՄՆ հաջորդ նախագահը լինելու է Քամալա Հարիսը, իսկ Դոնալդ Թրամփը հաջողության հասնելու հնարավորություն չունի։


adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում