Ուղիղ եթեր
Թրամփը վերադարձավ. հնարավո՞ր է կրկնվի աղետը
copy image url

Թրամփը վերադարձավ. հնարավո՞ր է կրկնվի աղետը

Միտք 6 ամիս առաջ - 09:00 07-11-2024
Թրամփի հաղթանակը տարբեր արձագանքներ է ստացել ՀՀ-ում։ Հանրության մի մասը տխրության և հիասթափության մեջ է։ Ոմանք հիշում են, որ 2020-ին աշխարհը հայ ժողովրդին չպաշտպանեց, քանի որ ԱՄՆ-ն կանաչ լույս էր վառել Թուրքիայի և Ռուսաստանի համար Արցախի բռնազավթման հարցում։ Եվ Թրամփի նոր հաղթանակը նրանց մոտ մտահոգություն է առաջացնում, որ պատմությունը կարող է կրկնվել, և ռուս-թուրք չբարեկամները կարող են գլուխ բերել իրենց ագրեսիվ նկրտումներն ու միջանցք զավթել Սյունիքի հատվածում։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Թրամփի այս նախագահության օրոք, և հիմնավո՞ր են հանրային մտահոգությունները։

2018-2020 թվականներին ՀՀ-ն վարում էր ընդգծված ռուսամետ կուրս։ Նիկոլ Փաշինյանը փաստացի սառեցրել էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների առաջարակներն, այդ թվում՝ ներդրումային նախաձեռնությունները մերժվում էին։ ՀՀ-ն միջազգային հարթակներում պաշտպանում էր Մոսկվային, քվեարկում նրա օգտին։ Նա ազատ աշխարհի կողմից ընկալվում էր, որպես հակաքաղաքակրթական ուղեգիծ վարող, ռուսական շահերը սպասարկող պետություն։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը ներկայանում էր որպես Կրեմլի միջնորդությամբ իշխանության եկած խամաճիկ վարչախումբ, որն աներկբա կատարում է Մոսկվայի կամքը։ Այս շրջանում ՀՀ-ն հրաժարվում էր մասնակցել նաև ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ձևաչափով վարժանքներին։

Այս պատկերը մատի փաթաթան դարձրեց Թուրքիան դեռևս 2018-ին և կարողացավ ԱՄՆ-ին ներկայացնել, որ ագրեսոր Հայաստանի դեմ պատերազմը լեգիտիմ է։ Հաջորդիվ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Երևան և անձամբ համոզվեց, որ ՔՊ-ական իշխանությունը ռուսական շահերն ավելի վեր է դասում, քան Արցախի ազատությունն ու ՀՀ անկախությունը։

44-օրյայի շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, Ֆրանսիան փորձեց միջնորդել հրադարար հաստատելու հարցում, որին ներգրավվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սակայն ՀՀ ԱԳ նախարարը չմեկնեց Ժնև, մերժելով Ֆրանսիայի նախագահությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կարգավորման առաջարկը։ Դրա հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը վազելով գնաց Մոսկվա, որտեղ Պուտինի և Լավրովի ճնշման տակ ՀՀ-ն ընդունեց պարտության պայմանները։ Նիկոլ Փաշինյանը մերժեց նաև Արցախում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, նախապատվություն տալով ռուս խաղաղապահներին։ Այս աղետալի սխալներն են պատճառը, որ Թրամփի օրոք հավաքական Արևմուտքը չաջակցեց ՀՀ-ին։ Թրամփը հարգեց ռուսների իրավունքն ու Փաշինյանի ընտրությունը։ Այլ հարց է, որ Փաշինյանի ընտրությունը աղետալի սխալ էր։

Նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո էլ ՔՊ-ական իշխանությունը չվերանայեց վառ ռուսամետ կուրսը։ Եվ այս իներցիան հիմք տվեց ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին 2021-2022 թվականներին ներխուժել ՀՀ տարածք ու զավթել ՀՀ տարածքի մի մասը։ Այսինքն՝ ՌԴ-ն աշխարհին ցույց էր տալիս, որ ՀՀ-ն իր գաղութն է, իր քայլերը լեգիտիմ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չէր համարձակվում ապացուցել հակառակը։ Եվ այստեղ ո՛չ Թրամփն է մեղավոր, ո՛չ էլ Բայդենը։

2022-ից հետո, սակայն, աշխարհը փոխվում է։ Փոխվել է նաև ԱՄՆ-ի դիրքն աշխարհում։ Ուկրաինա-ռուսական պատերազմի պայմաններում ազատ աշխարհը չի ճանաչում ռուսական երբեմնի ազդեցության գոտիներում ռուսական հեգեմոնիայի վերականգնման իրավունքը։ Թրամփն այս իրականության հետ հաշվի է նստելու օբյեկտիվորեն։ Եվ ինչքան էլ Մոկսվան կամ ռուսամետ ուժերը հուսադրվեն, որ ԱՄՆ-ն վերանայելու է Ռուսաստանի նկատմամբ անհաշտ վերաբերմունքը, այն էապես չի փոխվելու։ Սա քաղաքակրթական խնդիր է։

Ամփոփելով նշենք, որ եթե 2018-2022 թվականներին Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության և ՀՀ անկախության պաշտպանության դիրքերում լիներ, ապա ԱՄՆ-ի արձագանքը կլիներ համարժեք դրական։ Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հիմքում երկու փաստաթուղթ կա. ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ հայտարարությունը՝ ստորագրված 2024-ի հունիսի 11-ին, և ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարությունը՝ ընդունված 2024-ի ապրիլի 5-ին։

Այս փաստաթղթերը թույլ հիմքեր են, որոնք կարող էին բավարարել դեմոկարտներին, սակայն հանրապետականներին չեն բավարարելու։ Մեր տարածաշրջանի վրա Բայդենի և Թրամփի կառավարման տարբերությունը լինելու է ԱՄՆ ներգրավվածության արագության, ծավալի և գործիքների միջև։ Այս առումով՝ Թրամփը ռեալ քայլերի է հակված։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Թրամփի օրոք չի կարող լղոզ քաղաքականություն վարել, ձևացնելով, թե ռուսական շահեր չի սպասարկում, ՀՀ անկախության պաշտպանության դիրքերում է, ժողովրդավարության ջատագով է և այլն։ Ի տարբերությունը դեմոկրատների, Թրամփը Փաշինյանից ակնկալելու է գործուն ապացույցներ։

Այս փորձությանն են բախվելու Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն առաջիկայում։ Մասնավորապես՝ Թրամփը փորձելու է արագ հասնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանը, բացելով Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհը։ Եթե ՀՀ-ն սրան զուգահեռ անկախության պաշտպանության քայլեր անի, ապա ԱՄՆ միջնորդությունը հայանպաստ կլինի։ Եթե այս գործընթացներում ՔՊ-ական իշխանությունը դարձյալ կաշկանդվի ռուսական պայմանավորվածություններով, ապա ճանապարհները կբացվեն, բայց դրանից ՀՀ-ն չի շահի։

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում էական նշանակություն է ունենալու նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը։ Հանրապետականներին դժվար կլինի գոհացնել եվրոպական ձգտումների մասին ակնարկներով։ Եթե ՀՀ-ն հետևի Մոլդովայի օրինակին և ԵՄ անդամակցելու հարցում վճռական քայլեր անի, առաջին հերթին օրակարգ բերելով ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու հարցերը, ապա Թրամփի աջակցությունը կլինի համապատասխանաբար դրական։ Եթե շարունակվի այսօրվա լղոզ ընթացքը, ապա աջակցության փոխարեն կունենանք արհամարհանք։

Պարզ ասած՝ խնդիրը Թրամփը չէ, այլ ՀՀ իշխանությունը, որի սխալ կամ ճիշտ, ռեալ կամ լղոզ քայլերի արդյունքում կարող է լինել ազգային աղետ կամ քաղաքական առաջընթաց։ Պատկերավոր ասած՝ վաղվա Թրամփը կարող է լինել լրիվ այլ Թրամփ, եթե ՀՀ իշխանությունը ողջամիտ քաղաքականություն վարի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել