Ուղիղ եթեր
Սոցիալական արդարության հարցում ՔՊ-ն ջայլամություն է անում
copy image url

Սոցիալական արդարության հարցում ՔՊ-ն ջայլամություն է անում

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 06-11-2024
Ժողովրդավարական երկրներում սոցիալական արդարությունը համարվում է հիմնարար արժեք, որն ընդգրկում է հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների սկզբունքները։ Միայն այս սահմանումն արդեն հուշում է, որ Հայաստանում չկա սոցիալական արդարություն։ Այս ֆոնին ծիծաղելի է, որ Երևանում անցկացվում է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողով սոցիալական արդարության թեմայով։ Որո՞նք են ՀՀ-ում սոցիալական արդարության հիմնական մարտահրավերները։

Քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է, որ ՔՊ-ական իշխանության օրոք ձևավորվել են լուրջ խզումներ հասարակության տարբեր շերտերի միջև։ Ատելության խոսքը, հասարակությունը սև-սպիտակի բաժանումը, ակնհայտ արհամարհանքը ընդդիմախոսների, աղքատների նկատմամբ անարդարության անթաքույց զգացում է առաջացրել հանրության շրջանում։ Եվ հանրության մի մասը ձայնակցում է իշխանափոխության ջատագովներին հենց սոցիալական արդարության բացակայության պատճառով։ Այս ամենին գումարվել է նաև Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման նախաձեռնությունը, որը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացնելու հանրության մեծ մասի համար։

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով նոյեմբերի 5-ի միջազգային համաժողովում, իրական խնդիրները հիշելու փոխարեն, չգիտես ինչու՝ հիշեց խորհրդային բռնազավթման շրջանը, ակամա ցույց տալով, որ իր՝ սոցիալական արդարության և սոցիալական հավասարության մասին պատկերացումները հակաքաղաքակրթական են, կրում են խորհրդային բռնազավթման տարիների իներցիոն կնիքը։

Համաժողովին մասնակցում էին քաղաքականապես կիրթ հյուրեր, որոնք, հավանաբար, գիտեն, որ սոցիալական արդարության պայմաններում մարդիկ վստահ են, որ իրենց իրավունքներն ու հնարավորությունները պաշտպանված են ոչ միայն օրենքով, այլև քաղաքական, հանրային բարքերով։ Գիտեն, որ ժողովրդավարական երկրներում իշխանություններն անկախ քաղաքական կրեդոներից, խթանում են բոլորի բարեկեցությունը ոչ միայն սոցիալական արդարության գաղափարից ելնելով, այլև պետության առաջընթացի համար, քանի որ այն երկրները, որտեղ սոցիալական արդարություն չկա, վաղ թե ուշ հայտնվում են աղետալի ճգնաժամի մեջ։ Այս առումով՝ Փաշինյանի ելույթը թույլ էր, վերացական ու վտանգավոր, քանի որ շրջանցում էր ՀՀ-ում սոցիալական արդարության իրական խնդիրները։

Ազնիվ կլիներ, եթե Փաշինյանն ասեր, որ ՀՀ-ում չկա հանրային համերաշխության բանաձև, որը հնարավորություն կտա նվազեցնելու հակասությունները և ներդաշնակ ապրելու գիտակցություն կարմատավորի։ Այս կարևոր թեման շրջանցելը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ընտրություններում, որին արդեն պատրաստվում են բոլորը, ՔՊ-ն կրկին հանրությունը բաժանելու մարտավարություն է կիրառելու և ատելություն գեներացնելու, քանի որ սոցիալական թեմայով այլ ասելիք, նպատակ կամ գաղափար չունի։

ՔՊ-ական իշխանությունը, հավանաբար, չի հասկանում, որ աշխատողների մեծ մասի ցածր աշխատավարձը հարված է ոչ միայն սոցիալական արդարությանը, այլև՝ տնտեսության զարգացմանը: Աշխատավարձի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության նվազեցման ուղղությամբ կատարվող քայլերն անբավարար են։

Մտահոգիչ է նաև սոցիալական տարբերակված մոտեցումները։ Օրինակ՝ ՔՊ-ի հետ ասոցիացվող հիմնադրամը հանգանակություն հավաքելու ժամանակ չի դիմում ամբողջ ժողովրդին, այլ միայն հարուստ գործարարներին։ Այդպիսով՝ կարևոր սոցիալական նախաձեռնություններին անմասն են դարձնում հանրության մեծ մասին, կարծես՝ արհամարհում են նրանց ներդրումը։

ՔՊ-ական իշխանությունը նաև մատների արանքով է նայում այն հանգամանքին, որ աղքատության մակարդակի նվազեցումը և հավասար հնարավորությունների առկայությունը անհրաժեշտ պայման է եվրաինտեգրման ճանապարհին։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն այս առումով շատ հեռու է ԵՄ ստանդարտներից։ Եվ այս ուղղությամբ անգործությունը հավելյալ ապացույց է, որ ՔՊ-ն ԵՄ չի ուզում, ուզում է մնալ ռուսական հետամնաց ուղեծրում։

Սոցիալական արդարության հաջորդ իրական մարտահրավերն է կոռուպցիան, որի դեմ պայքարը սահմանափակվում է նախկիններին հետապնդելով։ ԿԿՀ-ի և նրա նախագահի դեմ բաց գրոհները հավելյալ վկայում են, որ ՔՊ-ականները կոռուպցիայի հարցում վերապահումներ և հատվածական ընկալում ունեն։

Պարտկերավոր ասած՝ սոցիալական արդարության հարցում ՔՊ-ն ջայլամություն է անում։ Առավել մտահոգիչ է, որ ոչ միայն ՔՊ-ն, այլև քաղաքական համայնքը հասարակության խավերի ներդաշնակ ապրելու, պետության և հասարակության առաջընթացը սոցիալական արգելակներից ազատելու, համախառն երջանկության համաթիվը բարձրացնելու ծրագիր չի ներկայացում։ Նույնիսկ՝ տեսլական չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
17:18 Սարատակի էն հայտնի փողոցն է․ չեք պատկերացնի՝ ինչ վատ են արել ամեն ինչ, ինչքան ուժ ունի բարակ է ասֆալտը