Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկիրն էր, որը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ չսահմանեց, այլև խորացրեց այդ երկրի հետ իր հարաբերությունները ու դրա արդյունքում միլիարդավոր դոլար լրացուցիչ եկամուտներ ստացավ։ Անկարան իր որդեգրած քաղաքականությունը հիմնավորում էր այն հանգամանքով, որ մտադիր չէ հակամարտության կողմ դառնալ, պնդում՝ պատժամիջոցներ սահմանելու դեպքում իր տնտեսությունն ավելի շատ կտուժի, քան ռուսականը։ Ընդունենք՝ թուրքական դիվանագիտությունից սովորելու շատ բան ունենք։
Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն զուգահեռ՝ Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի դատապարտում այդ երկրի ինքնիշխան տարածքի մի հատվածի, այդ թվում Ղրիմի միացումը ՌԴ-ին։ Բացի այդ, պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Անկարան նաև քողարկված քողարկված ռազմական աջակցություն էր ցուցաբերում Կիևին, Ուկրաինայի տարածքում թուրքական ԱԹՍ-ների արտադրության գործարան կառուցում, ինչը տևական ժամանակ Մոսկվայում կարծես թե «չէին նկատում», քանի որ ձգտում էին ամեն կերպ խուսափել Թուրքիայի հետ առճատակումից կամ գոնե հնարավորինս հետաձգել այն։
2023 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց (նաև Ռուսաստանի աջակցության շնորհիվ-Դ․Գ․) ու իր իշխանությունը ևս 5 տարով վերարտարելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց ռևերանսներ կատարել դեպի արևմուտք, ինչը Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության միտումներ առաջացրեց։ Հենց այս պատճառով ռուսական կողմը 2023-ի հուլիսին դուրս եկավ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրից, որի գլխավոր շահառուն հենց Անկարան էր, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առ այսօր Թուրքիա չի այցելում ու Էրդողանին իրեն հյուրընկալելու պատվին չի արժանացնում, ինչի ցանկությունը վերջինս տևական ժամանակ ունի։ Պուտինի հնարավոր այցի մասին խոսվում է արդեն գրեթե մեկուկես տարի, սակայն առ այսօր դրա ժամկետները «չի հաջողվում համաձայնեցնել»։
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը՝ համոզմունք հայտնելով, որ այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ հակամարտությունը հնարավոր է լուծել։ Ֆիդանի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում «հիշեցին», որ Թուրքիան սպառազինություն է մատակարարում Ուկրաինային, ինչն ազդեցություն է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա։
Այսպիսով՝ ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության միտումներն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է առճակատման, որքան էլ երկու երկրներն այժմ փորձում են խուսափել դրանից։ Այս իրողությունը հերթական անգամ ընդգծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները հեռու են դաշնակցային լինելուց, թեպետ բազմաթիվ փորձագետներ մեզ փորձում էին հակառակում համոզել, պարզապես ելնելով սեփական շահերից՝ երկու երկրները վերջին տարիներին սերտ համագործակցում են, ինչը ժամանակավոր բնույթ է կրում։ Վերջերս էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ուկրաինական ճակատում որևէ միջանկյալ լուծման չի գնալու, որն իր հերթին էլ ավելի փոքրացնում Թուրքիայի մանևրելու շանսերն ու անխուսափելի դարձնում երկու երկրների առճակատումը։
Նկատենք, որ ռուս-թուրքական հնարավոր առճակատումից ամենամեծ վնասը կրելու է Ադրբեջանը, քանի որ այս երկիրը 2022-ի փետրվարի 22-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից 2 օր առաջ, դաշնակցային համագործակցության հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, որոշակի պարտավորություններ է ստանձնել նաև Մերձկասպյան երկրների հետ կնքնված համաձայնագրերով, որոնց իրագործումը ռուս-թուրքական և ռուս-իրանական հարաբերություններում լարվածության դեպքում լուրջ բարդությունների է բախվելու, ինչպես նաև հակասելու է այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» դրույթներին։ Փաստացի Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, երբ իրեն այլևս մանևրելու տեղ չի մնացել, ու իրավակի սրման պարագայում վերջինս դժվար թե կարողանա պահպանել իր այսօրվա շահեկան դիրքը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եթե Ադրբեջանի շուրջ օղակը սեղմվի, ապա մեծ հավանականությամբ դա լուրջ ռիսկեր կստեղծի նաև Հայաստանի համար, քանի որ տվյալ իրավիճակում Ալիևի ռեժիմն իրեն չի զրկի նոր էսկալացիա սանձազերծելու գայթակղությունից՝ իր կրած վնասները փոխհատուցելու համար։ Հայաստանն այս իրավիճակում պետք է ոչ թե իր հույս կապի խաղաղության պայմանագրի հետ, որի ստորագրումն օրեցօր ավելի մշուշոտ է դառնում, այլ պրոակտիվ դիվանագիտություն վարի՝ թույլ չտալով, որ այս հարցի շուրջ միջազգային կոնսենսուս հաստատվի, ինչպես նաև բարձրացնի սեփական զինված ուժերի մարտունակությունը՝ հնարավոր ագրեսիային հակազդելու ու իր տարածքները օկուպացնելու փորձերը կանխելու նպատակով։
Դավիթ Գույումջյան