«Օպերատիվ տվյալների» պատճառաբանությամբ իշխանությունը չարաշահումներ է անում ձերբակալություններով
copy image url

«Օպերատիվ տվյալների» պատճառաբանությամբ իշխանությունը չարաշահումներ է անում ձերբակալություններով

Ներքին 7 ամիս առաջ - 20:51 31-10-2024
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․

Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։

Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից «օպերատիվ տվյալների» հիմնավորմամբ ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են քաղաքացիներ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը և Արտեմ Խառատյանը։

Փաստաբանների հաղորդմամբ՝ նշված անձինք պարբերաբար հրապարակային կերպով հանդես են եկել քաղաքական քննադատական խոսքով։ Հաշվի առնելով այս պնդումները, ինչպես նաև այն, որ ձերբակալված անձանց մեքենաների և անձնական խուզարկություններով որևէ ապօրինի զենք և զինամթերք չի հայտնաբերվել, ավելին՝ առերևույթ օրենքի խախտմամբ խուզարկությունների ժամանակ քննիչների կողմից հայտնաբերվել և առգրավվել են միայն քաղաքական բովանդակությամբ պաստառներ [3]՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) արձանագրում է, որ իրավապահ մարմինների գործողությունները կարող են հետապնդել հիմնարար իրավունքների սահմանափակման օրենքով չնախատեսված նպատակներ։

Հարկ է նկատել, որ 2024թ. մայիսին համանման հանգամանքներով՝ «ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով» ձերբակալվել էր նաև Իշխան Գևորգյանը և ևս 4 քաղաքացի [4], ում ձերբակալությունները դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ [5]։ Նմանատիպ այլ գործերի առկայության մասին փաստաբանը հայտնել է նաև հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ [6]։

ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։

Առերևույթ չհիմնավորված «օպերատիվ տվյալներով» մարդու ազատության սահմանափակման դեպքերը արատավոր նախադեպ են սահմանում իրավական պետությունում, որտեղ իրավունքի ցանկացած կամայական սահմանափակում կարող է քողարկվել «օպերատիվ տվյալների» առ­կայության ներքո։

Այս համատեքստում Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին, հետևաբար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածին։ Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։

Ամենից շատ դիտված