Առջևում ընտրություններ են․ Քյարամյանին պատժելով՝ իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ յուրայիններ չկան
copy image url

Առջևում ընտրություններ են․ Քյարամյանին պատժելով՝ իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ յուրայիններ չկան

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 14:00 29-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների առնչությամբ Գլխավոր դատախազությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: ՔՊ-ական պատգամավորը ՔԿ նախագահին հորդորել էր պատգամավորների հետ հարգալից շփվել, Քյարամյանն էլ պնդել էր, որ իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց՝ կարծում է, որ սա քաղաքական որոշում է, ոչ թե իրավական։ Նրա խոսքով՝ դատախազությանը հանձնարարվել է քրեական հարուցել, որովհետև իշխանությունները պատրաստվում են ընտրությունների․

«Իրենց բոլոր գործողությունները դա են հուշում։ Սա կօգտագործեն այնքան ժամանակ, քանի դեռ կարիքը կունենան ցուցադրելու, թե ինչ-որ պրոցես է տեղի ունենում․ եթե պարոն Քյարամյանը կշարունակի համագործակցել այս իշխանությունների հետ և նրանց օգտակար լինել՝ իր հավաքած նյութերով, տեղեկատվություններով ու բոլոր այն հնարավորություններով, որոնք ունի Քննչական կոմիտեն, կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ինչ-որ պահի իր ծառայություններն այլևս օգտակար չլինի, իրեն կարող են զոհաբերել։ Սա մաքուր քաղաքական պրոցես է, ոչ մի իրավական պրոցես այստեղ չկա»։

Նինա Կարեպետյանցը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ իշխանությունները փորձում են հանրության շրջանում իմիտացիա ստեղծել, որ իրենց համար յուրայիններ չկան և պատրաստ են անգամ սեփական թիմակիցներին պատասխանատվության ենթարկել։ «Անպայման, առաջինը այդ իմիտացիան է, հասարակության մոտ շղարշ-տպավորություն ստեղծելը, դրա ամենավառ ապացույցները Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործերն էին, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի գործը, Քերոբյանի գործը, որը, ինչպես կողմերն են պնդում, ոչ մի լուրջ հիմք չուներ և այլն։ Ինչպես տեսնում ենք ժամանակի ընթացքում, բոլոր գործերն օգտագործում են շղարշ, տպավորություն ստեղծելու համար, իսկ հետո լուռ, թաքուն, հասարակությունից գաղտնի կա՛մ կառճվում են, կա՛մ էլ նույնիսկ դատարան չեն հասնում»,- կարծում է նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ մյուս տարբերակն էլ կարող է այն լինել, որ իշխանություններն այս քրեական գործերը յուրայինների նկատմամբ օգտագործում են որպես գործիք, որպեսզի նրանց կարողանան կառավարելի դարձնեն։ Նա այս հանգամանքում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում ու իշխանությունը ձգտում է ավելի կառավարելի թիմ ունենալ․ «Երբ քո վրա քրական գործ կա հարուցված, դու ավելի քան կառավարելի ես դառնում։ Այս գործիքը բոլոր ժամանակներում և բոլոր իշխանությունների կողմից օգտագործվել է, իսկ այս իշխանությունը ոչ պակաս «արդյունավետ» օգտագործում է այն՝ կառավարելի զոնայում պահելու համար»։

Մեր զրուցակիցը հենց քաղաքական շարժառիթով է պայմանավորում, որ Արգիշտի Քյարամյանի հայտարարություններից միայն 2 շաբաթ անց է դատախազությունում վարույթ նախաձեռնվել։

«Ամենայն հավանականությամբ հենց քաղաքական նպատակահարմարությունն է կամ գուցե ներքին տարաձայնությունները, քանի որ շատ հնարավոր է ներսում նման տարաձայնություններ լինեն, ներքին խմբեր ու խմբավորումներ, վարչապետն իր անհանգստություններն ունի։ Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց փաստն այն է, որ իր հանրային ելույթից 2 շաբաթ հետո է վարույէթ նախաձեռնվել, ու այնպես չէր, որ դա ինչ-որ հեռավոր գյուղում տեղի ունեցած իրադարձություն էր և անհրաժեշտ էր տեղեկատվությունը հավաքել, բոլորս ուղիղ եթերով նայել ենք՝ թե՛ մենք, թե՛ գլխավոր դատախազը ու թե՛ մնացած բոլորը։ Հետևաբար՝ եթե ընդամենը 2 շաբաթ հետո է նպատակահարմար գտնվել ինչ-որ գործողություններ իրականացնել, բնականաբար սա ավելի շատ քաղաքական ինչ-որ միտում ունի, քան իրավական»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»

Ձեզ գուցե հետաքրքրի