Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ամիսներ առաջ՝ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելուց հետո, կրկին դիրքավորվեց ընդդիմադիր դաշտում և սկսեց պատրաստվել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս համատեքստում Մարուքյանն առավելապես քննադատում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, այլ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, հայտարարում՝ քանի դեռ վերջիններիս իրենց թիմակիցների հետ միասին քաղաքականության մեջ են Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է պահպանել իր իշխանությունը և վերարտադրվել։
Մարուքյանը դեսպանի պաշտոնից իր հրաժարականը պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններով, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցի շուրջ։ Նա փորձում էր հրաժարականի միջոցով իրենից արդարացի սկզբունքային քաղաքական գործչի կերպար կերտել՝ հայտարարելով, որ դեմ է եղել պետականության հիմքերը վերանայելուն, սակայն իր գործունեության ողջ ընթացքում խախտել է Հայաստանի մայր օրենքը, բանակցել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։
Հատկանշական է, որ մի կողմից Էդմոն Մարուքյանը խոսում էր սկզբունքայնությունից ու իր պնդմամբ հենց դրանից ելնելով է հրաժարվել դեսպանի պաշտոնից, քննադատում, որ նախկին նախագահների հետ փոխկապակցված ընկերությունները մասնակցում են պետական գնումների գործընթացին և հաղթում դրանցում, սակայն մյուս կողմից էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, շարունակում է ղեկավարել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը։
Մարուքյանի կինն այս պաշտոնում նշանակվել է 2023-ի մայիսին՝ կենտոնի հիմնադրման ժամանակ և առ այսօր շարունակում է պաշտոնավարել․ այս մասին տեղեկատվությունն առկա է ինչպես կենտրոնի պաշտոնական կայքում, այնպես էլ Տաթիկ Մատինյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ վերջինս պարբերաբար ներկայացնում է իր գործունեությունը, կիսվում կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներով։


Նշենք, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Արդարադատության նախարարության օրենսդրական աջակցությամբ, տարբեր ծրագրերով դրան օժանդակում են նաև Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը և Եվրոպայի խորհուրդը: Այս կենտրոնի ստեղծումը նախատեսված էր Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ։
Տաթևիկ Մատինյանը միայն Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնից 2023 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել է 7․381․621 դրամ մաքուր աշխատավարձ՝ ամսական շուրջ 922․702․625։ Անշուշտ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունում, որտեղ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նվազագույն՝ 75․000 դրամ կամ մի փոքր ավելի աշխատավարձ է ստանում, սա բավականին գրավիչ վարձատրություն է, ինչից մեծ սկզբունքայնություն և ալ կարմիր գծեր ունեցող Էդմոն Մարուքյանի կինը չէր կարող հրաժարվել։
Հատկանշական է, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնից ստացված աշխատավարձը Տաթևիկ Մատինյանի միակ եկամուտը չէ։ 2023 թվականին նրա տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 810․891 դրամ, որոնք այդքան էլ ընդդիմադիր տեսք չունեն ու գոյացել են հետևյալ կերպ․
7․381․621 դրամ՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնից ստացված աշխատավարձ
3․205․270 դրամ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամ կենտրոնից ստացված աշխատավարձ
4․669․594 դրամ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից ստացված աշխատավարձ
1․294․406 դրամ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից քաղիրավական պայմանագրերով ստացված եկամուտ
1․200․000 դրամ՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ից քաղիրավական պայմանագրերով ստացված եկամուտ
600․000 դրամ՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնից քաղիրավական պայմանագրերով ստացված եկամուտ
Տաթևիկ Մատիկյանի եկամուտների թնջուքն այսքանով չի սահմանափակվում․
ՏԱԿՈ ՍՊԸ-ն, որտեղից Էդմոն Մարուքյանի կինը նախորդ տարի 1․2 մլն դրամ եկամուտ է ստացել, 2022 թվականի սեպտեմբերին հայտնվել էր ռուսական պատժամիջոցների տակ, քանի որ վերջինս շրջանցել է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, իսկ ռուսական «Радиоавтоматика» ընկերությունը «ՏԱԿՈ» ՍՊԸ-ին վճարել է մասերի ներմուծման և Հայաստանում գնումների գործընթացի կառավարման համար։
Տաթևիկ Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում չի նշել, որ աշխատում է «ՏԱԿՈ» ՍՊԸ-ում, ուստի ենթադրում ենք, որ երբեմնի արևմտամետ Էդմոն Մարուքյանը մեծ հավանականությամբ այդ մասին չի իմացել, հակառակ դեպքում իր կնոջը կհորդորեր չաշխատել ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ընկերության հետ ու այնտեղից եկամուտներ չստանալ։ Համապատասխան տեղեկությունը առկա է միայն Տաթևիկ Մատինյանի հայտարարագրում, որին Էդմոն Մարուքյանը կարող է ծանոթանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Էդմոն Մարուքյանի կինը դասավանդում է նաև Լիբերալ քաղաքականության ինստիտուտում, ու հավանաբար այնտեղի ուսանողներին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հմտություններ է փոխանցում։