Սահմանազատման հետ կապված հանրային մտահոգությունները չեն խաղաղվում։ Իշխանության ներկայացուցիչները գոհացնող, սպառիչ պատասխաններ չեն տալիս, չեն կարողանում ցրել կասկածները, թե Հայաստանը սահմանազատման անվան տակ չի լեգիտիմացնելու չբարեկամների ագրեսիվ և ապօրինի նկրտումները։
«75 թվականի քարտեզները, որոնք կազմվել են 74-78 թվականներ և 79 թվականին, միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, և կամ, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները էդ քարտեզները չեն տալիս»,- հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սահմանազատման կանոնակարգի նախագծի քննարկմանը հայտարարել է փոխվարչապետ, փաստաթղթի հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանը:
Ի՞նչ հարցերի պատասխան չեն տալիս այս քարտեզները։ Ավելի պարզ՝ ո՞ր տարածքներն են, որոնց վերաբերյալ քարտեզները չեն համաձայնեցվել։
Առաջին հերթին աչքի առաջ են գալին 2021-2022-ին Հայաստանից զավթված տարածքները, ռազմավարական նշանակության բարձունքները։ Դրանք չեն դարձել խաղաղության պայմանագրի բանակցային նախապայման։ Դրանց վերադարձնելու հարցը Նիկոլ Փաշինյանը կապում է սահմանազատման գործընթացի հետ։ Եվ եթե Ադրբեջանն այդ տարածքները չուզնենա հանձնել, ապա մտավախություն կա, որ Փաշինյանն այդ պահանջը չի մղելու առաջ, չի փորձելու ազատագրել։ Հետևաբար՝ կասկած կա, որ քարտեզից դուրս մնացող անպատասխան հարցերից առաջինը այդ զավթված տարածքներն են։
Երկրորդն Արծվաշենն է, որն Ադրբեջանը բռնազավթել է Արցախյան առաջին պատերազմի սկզբում, երբ ՌԴ-ն աջակցում էր Բաքվին ՀՀ-ի և Արցախի դեմ պատերազմում։ Որոշ ՔՊ-ական պատգամավորներ ակնարկել են, որ ՔՊ-ական իշխանությունը, հնարավոր է՝ ինչ-որ պայմաններով հրաժարվի Արծվաշենից։ Ուստի ենթադրելի է, որ Արծավենը վերադարձնելու քարտեզ նույնպես չունեն։
Երրորդ կասկածը վերաբերում է հայկական 31 գյուղերի տարածքներին, որոնց վերաբերյալ ՀՀ իշխանությունը մի անգամ ակնարկել է Տավուշի սահմանակից 4 գյուղերը հանձնելու շրջանում։ Հայկական պահանջին ի պատասխան՝ Ադրբեջանն ասել է, որ ՀՀ այս պահանջը հիմնավոր չէ, ապա հավելել, որ մտադիր չէ նույնիսկ ուշադրության արժանացնել այս պահանջին։ Դրանից հետո ՀՀ-ն չի կրկնել նույն պահանջը։ Ուստի կասկած կա, որ 31 գյուղերի տարածքների վերդարձման հարցի պատասխանը ևս սահմանազատման քարտեզները չեն տալու։
Միևնույն ժամանակ չի փարատվում մտավախությունը, որ ՔՊ-ական իշխանությունն, ընդառաջելով որոշ ռուսամետ ուժերի առաջարկին, առանց կռվի կարող է հանձնել նաև Սյունիքի միջանցքը։ Այս կասկածը կա, քանի որ ՔՊ-ական իշխանությունը շարունակում է ՌԴ իշխանությունների հետ քննարկել միջանցքի թեման։ Վերջին այդպիսի քննարկումը տեղի է ունեցել օրեր առաջ։ Մոսկվան, որը ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ չգիտեր, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը, շարունակում է պահանջել ՀՀ միջազգային ճանապարհները վերահսկելու իրավունքը։ Միայն այս պահանջը բավարար է, որ ՀՀ-ն հիմնովին վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Կասկած կա նաև, թե սահմանազատման գործընթացն ավարտվել է Կիրանցում։ Այսինքն՝ Ադրբեջանին պետք էին միայն այդ 4 գյուղերը Տավուշում։ Ու ենթադրելի է, որ Ադրբեջանը չի շարունակելու սահմանազատումը, որը հորինվել էր, որ հիմնավորվեր այդ 4 գյուղերի հանձնումը։ Իսկ եթե Բաքուն այնուամենայնիվ վավերացնի այս կանոնակարգն, ապա ամեն շաբաթ կարող է նոր նախապայման դնել Հայաստանի սեղանին, անվերջ ձգձգել սահամազատումը, պահպանելով ստատուս քվոն։ Իսկ երբ քաղաքացին հարցնի, թե ինչու՞ չի շարունակվում սահմանազատումը, ու ե՞րբ են ՀՀ-ին վերադարձվելու զավթված բարձունքները, 31 գյուղերի տարածքներն ու Արծվաշենը, ՀՀ կողմի բանակցողը կասի, որ քարտեզներն այդ տարածքների վերաբերյալ պատասխան չունեն։
Սահմանազատման գործընթացին առնչվող կասկածների կողքին միակ հուսադրողն այն է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանն ազնվորեն խոստովանում է, որ կան ՀՀ տարածքի հատվածներ, որոնց վերադարձնելու հարցերը քարտեզները չեն տալիս։ Եթե փոխվարչապետի օրինակը վարակիչ դառնա, ապա ՔՊ-ն գուցե մի օր կհրաժարվի ժողովրդին անվերջ խաբելու և անորոշության մեջ պահելու մարտավարությունից։
Թաթուլ Մկրտչյան