Հիմա Դուք գողակա՞ն եք, թե՞ պետական պաշտոնյա
copy image url

Հիմա Դուք գողակա՞ն եք, թե՞ պետական պաշտոնյա

Ներքին 8 ամիս առաջ - 10:50 17-10-2024
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում տեղի ունեցած Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի վեճը, տղայական մոտեցումները, միմյանց վիրավորելը հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ քաղաքական գործիչն իր տեղը, դերը, առաքելություն չի ճանաչում, արհամարհում է քաղաքացուն ու պետությունը։ Ինչու՞ են ԱԺ պատգամավորն ու ՔԿ նախագահն այսպիսի ամոթալի վեճ զարգացնում ԱԺ-ում։

ՔԿ նախագահի և պատգամավորի վարքը դիտողության արժանացավ նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Սակայն դիտողությունը չսթափեցրեց, հավելյալ ապացուցելով, որ դա պահի տակ թույլ տված սխալ չէր, այլ ներքին հաղորդակցության նորմալ ձև, որն ընդունված է ՀՀ իշխանության օղակներում, մասնավորապես՝ իրավապահ համակարգի պաշտոնյաների շրջանում։

Սա նորություն չէ։ Այսպիսի բազմաթիվ օրինականեր եղել են նախկինում։ Շատերն են հիշում ՆԳ նախարար, գրող Վանո Սիրադեղյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արած հայտարարությունը միակ գողի մասին, Ռոբերտ Քոչարյանի՝ միակ տղամարդու մասին պատկերացումները, Հակոբ Հակոբյանի արած հայհոյանքներն ԱԺ-ում։ Շատերը կհիշեն նաև, որ երբ Երևան էր ժամանել քրեական հեղինակություն Յապոնչիկը, նրան օդանավակայանում դիմավել էին ՀՀ նախարարներ։ Նախկին իշխանությունների օդիոզ դեմքերի արտահայտությունները նույնպես վառ են մարդկանց հիշողության մեջ։ Նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Դուք հիմա ոստիկա՞ն եք, թե՞ գողական» արտահայտությունը թևավոր խոսք էր այսպիսի դեպքերում։ Այն վերահասցեագրելի է նաև Աղազարյանին ու Քյարամյանին։

Այսինքն՝ գողական կամ փողոցային բառապաշարն ու մոտեցումները նորություն չեն ՀՀ իշխանության օղակներում։ Արգիշտի Քյարամյանն առաջին պաշտոնյան չէ, որ աչքի է ընկնում այսպիսի վարքով։ Եվ ՔՊ-ն, որպես նախկինների արժանի հետնորդ, շարունակում է տգեղ, մերժելի ու վտանգավոր վարք դրսևորել։ Պատճառները շատ են։ Դիտարկենք դրանցից երեքը։

Առաջինը՝ պաշտոնյաները թյուր պատկերացում ունեն քաղաքական գործչի, պետական պաշտոնյայի առաքինի կերպարի և առաքելության մասին։ Քաղաքական դպրոցների բացակայության ու կադրային սովի պատճառով բարձր պաշտոնի են նշանակվում քաղաքական կրթություն և քաղաքական դաստիարակություն չստացած մարդիկ։ Պատկերավոր ասած՝ փողոցից բռնում, բերում, նշանակում են պաշտոնի, տալիս են մանդատ, պորտֆել։ Վերջիններս ինքնակրթությամբ չեն զբաղվում։ Ու արդյունքում փողոցային խոսույթը թափանցում է ԱԺ և իշխանության մյուս օղակներ ու դառնում դոմինանտ, ընդօրինակելի։

Երկրորդը վերաբերում է բացառապես իրավապահ կառույցների ներկայացուցիչներին։ Այստեղ հոգեբանական ամրության պակասն է նկատելի։ Մարդիկ գործի բերումով առնչվում են հանցագործների հետ։ Հանցագործությունը բացահայտելու խնդիրների բախվելով, իրավապահը փորձում է երևակայորեն մտնել հանցագործի մտածողության, գողականի կերպարի մեջ, որպեսզի տարբերի հանցագործին անմեղ մարդուց, լավ հասկանա հանցանքի շարժառիթները և այլ մանրամասներ։ Այսինքն՝ իրավապահից գողականի կերպարանափոխությունն արվում է մասնագիտական հետաքրքրություններով։ Ցավալին այն է, որ բազմաթիվ իրավապահներ, այդ թվում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, գողականի կերպարի մեջ մտնելուց հետո չեն կարողանում հետ գալ, աշխատանքային կամ սովորական իրավիճակներում մտածում ու խոսում են այդ «պանյատներով»։

Երրորդ պատճառը հեղինակազրկման վախն է։ Բարձր պաշտոնը ենթադրում է հանրային բարձր դիրք։ Պաշտոնյային թյուրիմացաբար թվում է, թե ժողովուրդը ցածր բարոյական մակարդակ ու ստոր մտածողություն ունի։ Ու եթե ինքը կիրթ խոսի, ապա ենթակաները նրան չեն հարգի, ինքը կհեղինակազրկվի։ Ու պաշտոնյան սուբյեկտիվորեն կկորցի հանրային բարձր դիրքը։ Կառաջանան կառավարման ռիսկեր, որոնք էլ կհանգեցնեն պաշտոնանկության։ Այսինքն՝ բարձր պաշտոնյան տղայական, կիսագողական խոսույթ է զարգացնում, քանի որ իրեն թվում է, թե այդպես կարող է իր դիրքն ու պաշտոնը պաշտպանել։

Ստեղծված իրավիճակն ունի լուծում, որը տևական ջանք է պահանջում։ Նախ անհրաժեշտ է, զարգացնել քաղաքական դպրոցները, սովորեցնել վաղվա պաշտոնյային քաղաքական բարոյականության նորմերը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ժողովրդավարության դպրոցում կարող է խոսել ոչ միայն «որտեղ հաց այնտեղ կաց» թեմայով, այլև քննարկել ՔՊ-ական պաշտոնյաների անմակարդակ վարքը, պատմել, թե ի՞նչ է արել և անում, որ կաբինետի անդամն ու խմբակցության պատգամավորն իրենց պահեն պաշտոնյային վայել, չիջնեն փողոցային լեզվակռվի մակարդակի, խայտառակ չանեն ՀՀ իշխանությունը, քաղաքական գործչի կերպարը, ազգային սպառնալիք չստեղծեն։

Քաղաքական պաշտոնյան նաև պետք է մշտապես հաշվի առնի, որ քաղաքացիներն ընդօրինակում են նրա վարքն ու խոսքը։ Եթե բարձր պաշտոնյան փողոցային, քրեական «պանյատներով» վարվի, եթե ժողովուրդը հետևի նրա օրինակին, և եթե Աղազարյանն ու Քյարամյանը համարվեն «լավ տղա», ապա ընտրություններում կհաղթի այն ուժը, որն ավելի շատ է հայհոյում, փողոցային, լկտի, անշնորհք վարք դրսևորում, ձգտում իրականացնել ոչ թե ազգային, այլ քրեական ենթամշակույթի իդեալները։ Արդյունքում պետությունը կարող է ձևափոխվել, նույնիսկ՝ կործանվել, քանի որ քրեական ենթամշակույթում պետությունը բարձրագույն արժեք չէ։

Ցավոք, ՔՊ-ականների մասնակցությամբ բազմաթիվ ամոթալի դրվագների է ականատես եղել ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն էլ արդարացրել է դրանք, ապացուցելով, որ ՔՊ-ն վերևից թքած ունի քաղաքական բարոյական նորմերի, քաղաքական գործչի առաքինի կերպարի վրա։ Ենթադրելի է, որ Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի անմակարդակ վեճի տգեղությունն ու սպառնալիքը ևս չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ ԱԺ էթիկայի հանձնաժողով չկա, որը նախկինների օրոք գոնե անդրադառնում էր այսպիսի երևույթներին, ամոթանք տալիս փողոցային վարք, լկտի պահվածք դրսևորած պաշտոնյաներին, որպեսզի քաղաքացիները հասկանան ու չընդօրինակեն տգեղ, վտանգավոր երևույթները, չստեղծվի տոտալ դեգրադացման սպառնալիք։

Թաթուլ Մկրտչյան