Թշնամին «ներե՞լ» է մեզ․ Արարատ Միրզոյանի յուրօրինակ ամնեզիան
copy image url

Թշնամին «ներե՞լ» է մեզ․ Արարատ Միրզոյանի յուրօրինակ ամնեզիան

Ներքին Միտք 6 ամիս առաջ - 15:00 15-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

4 տարի առաջ՝ 2020 թվականի այս օրերին, Արցախյան 44-օրյա պատերազմն այլևս թևակոխել էր մի շրջափուլ, երբ հայկական կողմն ամեն օր նորանոր տարածքային կորուստներ էր ունենում և քայլ առ քայլ մոտենում պատերազմի անդառնալի ելքին՝ կապիտուլյացիային։ Չնայած այս ամենին, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում էին հայ հանրությանը վստահեցնել, որ թեպետ ռազմաճակատում ստեղծված դրությունը ծանր է, սակայն հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում թշնամուն, վերջինիս մեծ կորուստներ պատճառում, և շուտով տեղի կունենա այդքան սպասված բեկումը։

Ռազմաճակատում դրությունն օրեցօր ավելի էր վատթարանում, սակայն դա Հայաստանի իշխանություններին չէր կաշկանդում, և վերջիններս շարունակում էին հանրությանը կերակրել տխրահռչակ «հաղթելու ենք» քարոզչական թեզով՝ միևնույն ժամանակ մերժելով ռազմական գործողությունները ավելի նպաստավոր պայմաններով դադարեցնելու բոլոր առաջարկները։ 2020-ի հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի ՊԲ-ն արդեն իսկ կորցրել էր վերահսկողությունը Թալիշի, Մատաղիսի, Հադրութի շրջկենտրոնի և հարակից կարևոր բնակավայրերի նկատմամբ, իսկ առաջիկա օրերին ադրբեջանական զինուժը մեկը մյուսի հետևից գրավելու էր Վարանդան (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան), Որոտանը (Կուբաթլու), Ասկերանի վերին ենթաշրջանը՝ ճանապարհ բացելով Շուշիի գրավման համար։

Հայաստանի իշխանությունները Արցախում ստեղծված օրհասական իրավիճակում չէին վարանում տուրք տալ նաև ռազմահայրենսիրական պաթոսին՝ պնդելով, որ այս պատերազմի նպատակը ոչ թե Արցախից տարածքներ գրավելն է, այլ Հայաստանի պետականության վերացումը․

2020-ի այս օրը՝ հոկտեմբերի 15-ին, նման մի ֆեյսբուքյան գրառում էր կատարել խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանը, ով պատերազմից ամիսներ անց նշանակվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Միրզոյանը 4 տարի առաջ այս օրը իրավմամբ նշում էր, որ 44-օրյա պատերազմը նոր չի սկսվել, այն առնվազն մի քանի հարյուր տարի վարում են մեր դեմ, իսկ դրա նպատակը ոչ թե տարածքներ պոկելն է, այլ հայ ազգի և Հայաստան պետության բուտաֆորիայի վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։ ԱԺ այն ժամանակվա նախագահը նկատում էր, որ Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում հայկական կողմից հաջողվել է սա կանխել, ինչը չի ներվել։ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ»,- նշում էր նա՝ վստահություն հայտնելով, որ պատերազմի ելքը հաղթական է լինելու։

Նույն գրառման մեջ Արարատ Միրզոյանը հանրությանը հիշեցնում էր, որ Խրիմյան Հայրիկը Բեռլինից վերադառնալուց հետո երկաթե շերեփից բացի նաև ասել է, որ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համար էլ վերջիններս անկախություն ստացան։



Այսպիսով՝ Արարատ Միրզոյանը, ով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի Հանրապետությունում և հաստատապես տեղյակ էր ռազմաճակատում ստեղծված օրհասական դրության մասին, իր այս գրառմամբ ընգծում էր, որ հայ ժողովուրդը պետք է մինչև պայքարի ու ոչ մի պարագայում Արցախը չզիջի թշնամուն՝ անկախ այն բանից, որ դրա գինը չափազանց ծանր է լինելու։ Հիշեցնելով Սարդարապատի և Նժդեհյան գոյամարտի օրինակները՝ Արարատ Միրզոյանն անթաքույց ակնարկում էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայ ժողովուրդը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ, որն, ինչպես իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր պատերազմի օրերին ասում, վերադարձել է Հարավային Կովկաս՝ Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու համար։

Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմից՝ մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո, Արարատ Միրզոյանը սրբագրեց իր մոտեցումները և լծվեց Ադրբեջանի, ինչպես նաև վերջինիս ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները ցանկացած գնով կարգավորելու գործընթացին՝ մոռանալով, որ ամիսներ առաջ անձամբ էր բարձրաձայնում, որ հիշյալ երկրների նպատակը հայ ժողովրդին բնաջնջելն է։ Հավանաբար Արարատ Միրզոյանի մոտեցումների փոփոխության վրա լրջագույն ազդեցություն է ունեցել 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ուենցած միջադեպը, երբ վերջինս իր մաշկի վրա զգած 44 օր շարունակ հաղթանակի սին հույսերով կերակրված ժողովրդի ցասումը։ Ենթադրում ենք, որ այս միջադեպից հետո Արարատ Միրզոյանը հիշողության կորուստ է ունեցել ու առ այսօր չի վերականգնել այն, ինչի պատճառով էլ արդեն նախարար Միրզոյանի ողջ գործունեություն հակասում է 2020 թվականի հոկտեմբերի 15-ի իր գրառմանը։

Չենք կարող նաև լավատես լինել պնդել, որ, ըստ Արարատ Միրզոյանի, Արցախը օկուպացնելուց հետո թշնամիներն արդեն «ներել են» մեզ և հրաժարվել Հայաստանը քարտեզի վրայից վերացնելու և հայ ժողովրդին բնաջնջելու մտադրությունից, քանի որ այդ երկրներից հնչող հրապարակային հայտարարություններն առնվազն հակառակի մասին են վկայում։

Մյուս կողմից՝ սա առաջին դեպքը չէ, երբ Արարատ Միրզոյանը կամ Հայաստանի բարձրաստիճան մյուս պաշտոնյաները, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք 180 աստիճանով հակասում են նախորդիվ իրենց իսկ կողմից հնչեցված հայտարարություններին։ Եթե Արարատ Միրզոյանի դեպքում այս միտումը կարող ենք որպես ամնեզիա որակել, որն առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ուենցած միջադեպի հետևանքով, ապա նույնը չենք կարող ասել ՔՊ-ական մյուս պաշտոնյաների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համար, ովքեր շրջում են մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ու դեռևս չեն արժանացել ժողովրդի ցասմանը։

Այս իրավիճակը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանում քաղաքական ու հանրային պատասխանատվությունը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, կամ առհասարակ այն բացակայում է, ինչի հետևանքով քաղաքական ու հանրային գործիչները պատասխանատվություն չեն կրում իրենց իսկ հայտարարությունների համար՝ անկախ այն բանից, թե դրանք պետության համար ինչ հետևանքներ են ունեցել։ Կարծում ենք, որ 2020 թվականին և հաջորդած տարիներին տեղի ունեցած աղետալի իրադարձությունների կրկնություն կանխելու համար ՀՀ-ում պետք է ներդրվի և ամրապնդվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, իսկ մենք՝ որպես լրատվամիջոց, մեր ուժերի ներածին չափով կնպաստենք դրան՝ նախևառաջ հանրությանը մատնացույց անելով, թե ինչպես են քաղաքական գործիչների ու հատկապես պաշտոնյաների խոսքն ու գործը հակասում իրար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ