ՀԷՑ-ը խլում են, բոյկոտողներին՝ տուգանում, Հովիկ Աղազարյանը պատժում է ՔՊ-ականներին․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 20:13 03-07-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կալանավորված բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելուն միտված նախագիծը: Մի քանի օրվա ընթացքում մշակված նախագիծն արագացված ընթացակարգով քննարկվեց, առաջին ընթերցմանն ու վերջնական քվեարկությանը 48 ժամ էլ չբաժանեց: Ընդդիմությունը պնդում է, որ սա արվում է ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու համար, ու կրկնում հարցը՝ նախագիծը հապճեպ մշակած ՔՊ-ականները գոնե հաշվե՞լ են՝ այս գործընթացը որքան կարժենա Հայաստանի քաղաքացիների համար: «Սահմանադրականության հետ կապված, միջազգային պարտավորությունների հետ կապված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու Հանրապետության վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերի հետ կապված. այդպես էլ անպատասխան են մնացել այս հարցերը՝ ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով», - հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի՝ եկեղեցին պաշտպանելու մասին հայտնի հայտարարությունից առաջ է սկսվել, Նիկոլ Փաշինյանը համապատասխան հանձնարակական է տվել է դեռ մայիսին:

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1։ Դրանով քաղաքացիները 10-15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին: Այս նախագիծը ևս ընդունվեց արագացված ընթացակարգով։ Տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախօրեին նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր, որ փոփոխությունն առաջարկվում է, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում: Ընդդիմադիրները քննադատեցին նախագիծը՝ հայտարարելով, որ նման կերպ «քաղաքացուն տուգանքի մատերիալ» են դարձնում:

Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիկոպոս Աջապահյանի փաստաբանները դիմել են դատախազություն, որ դադարեցվի քրեական հետապնդումը: Նրանք պնդում են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի կատարել: Նա ընդամենը իր քննադատական տեսակետն է հայտնել: «Ակնհայտ է, որ ուղղորդված են աշխատում ոչ միայն քննչական մարմինը, ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանը, բայց դա չի նշանակում, որ չպետք է իրավական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործել, պետք է լիարժեք բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել և դա փորձել նաև բարձրացնել, ավելին՝ ներպետականը սպառելուց հետո նույնիսկ Եվրոպական դատարան և այլն», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը: Դատախազությունն ընդամենն օրեր առաջ հայտարարել էր, որ հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը: Փաստաբան Սարգսյանը դատախազությանը նորից հիշեցնում է ընդամենը երկու տարի առաջ այս կառույցի դիրքորոշումը Աջապահյանի նույն այս արտահայտության վերաբերյալ: Նշենք, որ Աջապահյանի դեռ 2023-ին՝ Արցախի բռնազավթումից հետո արած նույն արտահայտության մասին իրավապահներին տեղյակ էր պահել Դանիել Իոաննիսյանը, խնդրել քրեական գործ հարուցել, բայց այն ժամանակ դատախազությունը եկեղեցականի կոչի մեջ որևէ խախտում, հանցագործություն չէր տեսել:

Թուրքիայի մեջլիսում ներկայացված ընդդիմադիր ազգայնական «Լավ կուսակցության» 28 պատգամավորները երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ մեջբերելով կուսակցության առաջնորդ Մուսավաթ Դերվիշօղլուի խոսքերը․ - «Այն փաստը, որ «Ալիջան» սահմանային անցակետը կկրի Թալեաթ փաշայի անունը, ցուցանակի պարզ փոփոխություն չի լինի։ Դա թուրքերի ազգային կամքի հզոր հռչակագիր կդառնա՝ վկայելով, որ մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր պատմությունը, հերոսներին և իր սեփական հիշողությունը»,- նշել է ազգայնական գործիչը։ Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս իրողությունը Նիկոլ Փաշինյանին չի հուզի, ավելին՝ նրա մոտ ոչ մի էմոցիա չի առաջանա, եթե այսպես կոչված «Մեղրիի միջացքն» էլ թուրք-ադրբեջանական տանդեմը մարդասպան Ռամիլ Սաֆարովի անունով կոչի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված