Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս հայտարարել է, որ իրեն Նիկոլ Փաշինյանը չի բերել քաղաքականություն և առանց նրա աջակցության էլ նա կհաղթեր 2018 թվական ավագանու ընտրություններում։ Մարությանը, ով միևնույն ժամանակ իր հիմնադրած կուսակցությամբ մտադիր է մասնակցել 2026 թվականի համապետական ընտրություններին, նման հայտարարություններով բնականաբար փորձում է ինքնամաքրվել և տարանջատվել ՔՊ-ից՝ թույլ չտալով, որ տվյալ քաղաքական ուժի հետ անցած ճանապարհը ստվեր նետի իր հետագա քաղաքական գործունեության վրա։ Մեր համեստ կարծիքով՝ Հայկ Մարությանի մոտ դա չի ստացվելու։
Եթե Հայկ Մարությանի առաջին պնդման հետ՝ առ այն, որ իրեն Փաշինյանը չի բերել քաղաքականություն, որոշակի վերապահումներով կարելի է համաձայնել, ապա նույնը չենք կարող ասել երկրորդի դեպքում։ Նախկին քաղաքապետը հավանաբար մոռանում է, որ ինքը քաղաքապետ ընտրվեց 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ հեղափոխական էյֆորիան ամենաբարձր մակարդակի վրա էր ու անգամ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ ընդդիմախոսներն են ընդունում, որ վերջինս այդ ժամանակ ուներ աննախադեպ բարձր վարկանիշ, ինչը կապիտալիզացվեց ավագանու ընտրությունների ժամանակ։ Տեղին է հիշել ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությունը, ով սեփական թիմակիցներին համեմատել էր ուսապարկերի հետ ու համոզմունք հայտնել, որ եթե Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ Հայկ Մարությանի փոխարեն մի ուսապարկի առաջադրեր, ապա այդ ուսապարկը նույնքան ձայն կստանար, որքան նա՝ 81%։
Երևանի նախկին քաղաքապետը անպատսխան թողեց նաև լրագրողի այն հարցը, որ եթե նա կարող էր առանց Փաշինյանի աջակցության էլ քաղաքապետ ընտրվեր, ապա ինչու չկարողացավ դա անել նախորդ տարվա ընտրություններում։ Նա թեև պնդում է, որ ՔՊ-ն աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառել և ապահովել սեփական թեկածունի՝ Տիգրան Ավինյանի ընտրությունը, սակայն վերջինս անգամ այդ դեպքում ստացավ ձայների 32.57%-ը, իսկ Մարությանը միայն 18.89%-ը։ Սա վկայում է այն մասին, որ Հայկ Մարությանի կողմից երևանցիներին իրական այլընտրանք չի առաջարկվել, ինչի պատճառով էլ վերջիններս ըստ էության որոշեցին մերժել նախկին ու ներկա ՔՊ-ականներին՝ իրենց ձայնը տալով մյուս ուժերին։
Ընթերցողին հաստատապես հետաքրքրում է՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ է Հայկ Մարությանին բերել քաղաքականություն։ Ինչպես Մարությանն է պնդում, նա իր քաղաքական գործունեությունը սկսել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակներից, սակայն քաղաքական դաշտում հանրությունն նրան առավելապես հիշում է 2012-2013 թվականներից, երբ վերջինս ակտիվորեն մասնակցում էր Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բողոքի գործողություններին, հանրային տրանսպորտի սակագնի թանակացման դեմ ակցիաներին, «Էլեկտրիկ Երևան»-ին և այլն, որոնք, բազմաթիվ փորձագետների ու վերլուծաբանների պնդմամբ, իմիտացիոն բնույթ էին կրում, համակարգվում էին հենց օրվա իշխանությունների կողմից և նպատակ ունեին կանխել իրական ընդդիմադիր շարժումների ձևավորումը։
Իրականում այս նախաձեռնությունները համակարգվում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից, ով իր յուրօրինակ խաղն էր խաղում ու փորձում հայաստանյան քաղաքական դաշտը սեփական ազդեցության տակ պահել։ Չար լեզուները պնդում են, որ 2017-ին «Ելք» դաշինքը նույնպես ձևավորվել ու ԱԺ է անցել հենց Միքայել Մինասյանի աջակցությամբ, ում հետ ունեցած կապերի մեջ դաշինքի առաջնորդներից 2-ը՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը տարբեր առիթներով մեղադրել են իրար։
Այսպիսով՝ այս ամենի համադրության արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ Հայկ Մարությանի դեպքում նույնպես քամիները փչում են Վատիկանից, և եթե նա չի ստում ու նրան Նիկոլ Փաշինյանը չի բերել քաղաքականություն, ապա դա արել է Միքայել Մինասյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարությանը երկար տարիներ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որի իրական սեփականատերը եղել է Միքայել Մինասյանը, վերոհիշյալ եզրհանգումն առավել հավաստի ու համոզիչ է թվում։