Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:03 12-10-2024

Գերիներին ազատելու ամենակարճ ուղին

Գերիներին ազատելու ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն արվում, ինչը տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում։ Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը ստվերում գերիների հարցը, և ո՞րն է գերիներին ազատելու ամենակարճ ուղին։

Եթե պատերազմի հետևանքով պետությունը պահպանել է անկախությունը, ապա գերիների վերադարձի հարցն առաջնային նշանակություն ունի, և այն լուծվում է խաղաղության պայմանագրով։ Իսկ եթե գերիների հարցն առաջնային չէ, ապա դա հիմք է ենթադրելու, որ պետությունն անկախ չէ, նրա քաղաքական առաջնահերթությունները, ասելիքի սահմանները որոշում են այլ մայրաքաղաքներում։

Հայաստանն ունի գերիներ, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել պատերազմական գործողությունների արդյունքում։ Հետևաբար՝ քանի որ ՀՀ-ն անկախ է, ապա գերիների վերադարձի հարցը խաղաղության բանակցությունների առաջնային խնդիրն է։ Օրինակ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության 8-րդ կետով սահմանվում է՝ «8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Ադրբեջանն ու ՌԴ-ն խախտել են այս կետը։ Համարժեք վերաբերմունք դրսևորելով՝ ՀՀ-ն կարող է ոչ միայն սառեցնել ՀԱՊԿ անդամությունը, այլև այս երկրների հետ բոլոր տեսակի շփումների նախապայման դնել գերիների վերադարձի հարցը։

Աներկբա է, որ գերիների վերադարձ հարցի հասցեատերը ՀՀ իշխանությունն է։ Սա գիտակցում է ցանկացած քաղաքացի։ Ուստի՝ գերիների վերադարձի հարցն առաջ մղելու ամենակարճ ուղին ՀՀ անկախությունն ամրացնելն է, ինքնիշխանության աստիճանը բարձրացնելը։ Եթե իշխանությունն անկախ չէ քաղաքականություն որոշելու հարցում, ապա այս հարցն առաջ տանել չի կարող։

Հոկտեմբերի 11-ին գերիների ազատ արձակման պահանջով ՀՀ ԱԳՆ շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից 18-ը գերևարվել են Արցախում այն ժամանակ, երբ այնտեղ տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցը՝ օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»։

Եթե ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցը, ապա Երևանում գերիների վերադարձի ջատագով ցուցարարների պահանջները, ենթադրաբար՝ պիտի համարժեք լինեն։ Օրինակ՝ ցուցարարը կարող է պահանջել ՀՀ իշխանությունից, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանին հետ ուղարկեն Մոսկվա, սառեցնեն դիվանագիտական հարաբերություններն այնքան ժամանակ, մինչև վերջին գերին չվերադառնա Հայաստան։

Եթե գերիների վերադարձի ջատագով պատգամավոր կա ԱԺ-ում, ապա նա կարող է օրակարգ բերել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, ռուսական կապիտալով ընկերությունները՝ ՀԿԵ-ն, Գազպրոմը և այլն ազգայնացնելու հարցեր։ Այս քայլերով տեսականորեն՝ հնարավոր է ճնշում գործադրել Մոսկվայի վրա և հասնել գերիների ազատ արձակմանը։

Այս քայլերը կարելի է անել, քանի որ ՀՀ-ն անկախ է։ Ովքեր այսպիսի քայլերն անիմաստ կամ անպտուղ են համարում, ուրեմն կասկածում են, որ ՀՀ-ն անկախ է, պարզ ասած՝ անկախության դեմ են։ Օրինակ՝ եթե ՔՊ-ական ԱԳ նախարարը Մոսկվա նոտա հղի, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանին թույլ կտան Երևան գալ միայն հայ գերիների ազատվելուց ու տուն դառնալուց հետո, ապա ոչ ոք չի կարող ասել, որ Արարատ Միրզոյանը դավաճան է, դեմ է ՀՀ անկախությանը, ինչ-որ երկրի գործակալ է և այլն։ Նույնիսկ ԱԺ-ում չկա մեկը, որ անկախության օրակարգի վերը նշված հարցերից մեկը բերի ԱԺ և փոքր ինչ նպաստի գերիների վերադարձին։

Չնայած՝ գերիների վերադարձի ամենակարճ ուղով այսօր համարժեք քայլեր չեն արվում, սակայն արձագանք է ստանում այն կարծիքը, թե միջազգային ճնշումների տակ հնարավոր հասնել գերիների վերադարձին։ Սա երկար ճանապարհ է, բայց դրանով էլ կարելի է արդյունքի հասնել, եթե ՀՀ իշխանությունը, քաղաքական համայնքը, քաղաքացիական հասարակությունը միջազգային հանրության նպատակներին համահունչ վարք դրսևորի, ինչը ներկայում չի արվում։ Հետևաբար՝ հավանական է, որ միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքի, ինչը որոշ մարդկանց հիմք կտա խրոխտ թքել միջազգային հանրության ու մարդկային արդարության ճակատին, անիծել հայի բախտը։

Ի վերջո՝ պետք է պարզ ասել, որ ՔՊ-ական իշխանությունը, ներառյալ ընդդիմադիր պատգամավորները, գերիների հարցով անգործություն են ցուցաբերում, որովհետև չեն հավատում, որ իրենք անկախ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ են։ Այս առումով՝ գերիների հարցը կարող է փորձաքար դառնալ ընտրությունների ժամանակ։ Եթե վերընտրվեն նույն ուժերը, ապա կարող ենք ենթադրել, որ ժողովուրդը նույնպես չի ուզում, որ գերիներն ազատ արձակվեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի