Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 10-10-2024

Արցախի անձնագիրը` ունեցվածքի վերադարձի կամ փոխհատուցման նախապայմա՞ն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց անձնագրերի խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները արցախցիների համար իրականացվող ծրագրերի հիմքում դնում են ՀՀ անձնագրեր ստանալու պահանջը, ինչը, շատերի գնահատմամբ, Արցախի ու արցախցիների հնարավոր վերադարձի հարցը մեկընդմիշտ փակելու ակնհայտ փորձ է։

Այս համատեքստում իրավապաշտպան Հայաստանի Հանրապետության նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն արցախցիներին հորդորում է անգամ ՀՀ անձնագրեր ստանալու դեպքում չհրաժարվել իրենց հին՝ 070 կոդով անձնագրերից ու պահել դրանք։ Իշխանամերձ շրջանակները, ովքեր արցախցիներին հորդորում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և անձնագրեր ստանալ, պնդում են, որ եթե արցախցիները չհրաժարվեն իրենց 070 կոդով անձնագրերից, ապա կա կխոչընդոտի նրանց ինտեգրման գործընթացին։

Oragir.News-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իր ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն Հայաստանի իշխանություններին առաջարկել է արցախցիներին նոր անձնագրեր տրամադրելիսիս դրանց հետ միասին նաև ներդիրներ տրամադրել։ Նրա խոսքով՝ ներդիրները կունենան պետական փաստաթղթի ուժ ու դրանցում գրված կլինի, որ տվյալ քաղաքացին բռնի տեղահանված է, նշված կլինի Արցախի նրա բնակավայրը, հասցեն, ինչպես նաև տեղահանման տարեթիվը․

«Ինչո՞ւ է դա պետք, որովհետև երբ արցախցիները նոր անձնագիր են ստանում, այնտեղ գրվում է իրենց նոր հասցեն և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ միասին նրանք այլևս իրենց ձեռքում չեն ունենում փաստաթուղթ, որով կկարողանան շարունակել իրենց պայքարը՝ ոչ թե արցախցիների վերադարձի, այլ Արցախը վերադարձնելու համար։ Հիմա երբ ես ասում եմ՝ պահեք ձեր անձնագրերը, դա այն պատճառով է, որ իշխանություններն ավելորդ գտան ու ներդիր տալու մեր առաջարկը չընդունեցին և ասեցին, որ կա պետական արխիվ, որտեղ բոլոր տվյալները կան, որ արցախցիները տեղահանվել են ու ինչ հասցեներից»։

Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ չի ընդունում այդ արդարացումը։ Նա գտնում է, որ 070 կոդով անձնագրերը միակ ապացույցն են՝ ոչ միայն այն բանի, որ արցախցիները բռնի տեղահանվել են, այլև Արցախում թողած իրենց սեփականության իրավունքի, ինչը միևնույն ժամանակ հետագայում դա վերադարձնելու կամ փոխհատուցման համար պայքարելու հիմք է։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Արցախի 070 կոդով անձնագրերը պահելու դեպքում արցախցիները չեն կարողանա ինտեգրվել Հայաստանում, մեր զրուցակիցը նախ չհամաձայնեց դրանց հետ, ապա նշեց, որ նման տեսակետ հայտնողները հավանաբար սխալ են հասկացել իրեն․

«Ես չեմ ասում՝ մի ընդունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ես ասում եմ պահեք ձեր հին անձնագրերը՝ որպես վավեր փաստաթուղթ, որը հաստատում է, որ այն ժամանակ, երբ դա տրվել է նախքան այդ մարդկանց բռնի տեղահանումը, ինչը ֆիքսվել է աշխարհի գրեթե բոլոր հասարակական կազմակերոպությունների կողմից և ոչ միայն, ապա դա հիմք է սեփականության իրավունքի, որովհետև այդտեղ նշված է իրենց կոնկրետ հասցեն և բնակարանը։ Ես կարծում եմ, որ Ձեր ներկայացրած հիմնավորումը խոսում է այն մասին, որ այդ անձինք ըստ երևույթին չեն հասկացել իմ ասածի իմաստը, ես պատրաստ եմ կրկնել ու բացատրել»,- նշեց նա։

Լարիսա Ալավերդյանը հավելեց նաև, որ Հայաստանի իշխանություններն անօրինական ձևով են արցախցիների 070 կոդով անձնագրերը համարել ոչ պիտանի։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան