Արցախի անկման 1 տարին լրացավ։ Մինչև 2020-ը ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ թշնամիները կարող են զավթել ու հայաթափել Արցախը։ Սեպտեմբերի 19-ին բազմաթիվ քաղաքական, հանրային գործիչներ անդրադարձան ողբերգական իրադարձության տարելիցին։ Ուշագրավ է, որ մեկ տարի անց թեմային առնչվող խոսույթում գերակշռում են մեղավորների, պարտության պատճառների փնտրտուքը։ Գործիչների մեծ մասը Արցախի զավթման և հայաթափման մեջ մեղադրում էր գործող վարչախմբին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ՔՊ-ական բարձր պաշտոնյաները նույնի մեջ մեղադրում էին ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժողովրդին, հատկապես լավատեսորեն տրամադրված մարդկանց, հետաքրքրում է, թե իշխանություններն ի՞նչ են անում արցախահայերի խնդիրները, կարիքները հոգալու, նրանց Արցախ վերադարձի և Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատելու ուղղությամբ։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ու ե՞րբ հնարավոր կլինի կրկին ազատագրել Արցախը։ Սակայն մեր ընտրանին, կարծես՝ շրջանցում է այս հարցերը։
ՔՊ-ի և ընդդիմության փոխադարձ մեղադրանքները ցույց են տալիս, որ Արցախի ազատության պայքարը չի միավորում ժողովրդին, ինչպես տասնամյակներ շարունակ։ Մտահոգիչ է նաև այն, որ իշխանությունները Արցախն ազատագրելու մասին չեն խոսում, Արցախի էջը փակված համարում, արցախցիների վերադարձն՝ անիրատեսական։ Իսկ ընդդիմախոսները շեշտը դնում են իշխանափոխության վրա, թեթև ակնարկելով, որ Արցախին վերաբերող հարցերը կարող են քննարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց, պաշտոնազրկելուց հետո։
Այսպիսով՝ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական օրակարգում առաջնայինը իշխանության հարցն է, այսինքն՝ շատերի համար իշխանությունն ինքնանպատակ է։ Հետևաբար՝ խոսույթում տեղ չեն գտնում ծրագրեր, գաղափարներ։ Անկախ, ժողովրդավարական երկրներում իշխանությունը գործիք է քաղաքական գաղափարներ իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը գործիք է իշխանությունը պահելու համար։ Նրա ընդդիմությունը ևս չի փայլում նախաձեռնություններով, նոր գաղափարներով ու ծրագրերով և խոսույթը սևեռում է գերազանցապես Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու հարցի վրա։
Նախաձեռնողականությամբ աչքի չի ընկնում նաև Արցախի ընտրանին։ Ժամանակի ընթացքում ավելի է ամրանում թեզը, որ Արցախի վերջին նախագահի ներկայությունը և ազատ գործունեությունը մի բանի համար է, որ ՔՊ-ական իշխանությունները նրան մեղադրեն Արցախը հանձնելու մեջ։ Նրան դարձրել են քավության նոխազ։ Եվ երբ խոսք է բացվում Արցախի մասին, ՔՊ-ականները միահամուռ մատնացույց են անում նրան։ Իսկ վերջինս և նրա աջակիցները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում նույն բանի մեջ։ Այսպես միմյանց մեղադրելով, անցավ նաև սեպտեմբերի 19-ի տարելիցի օրը, որը կարող էր միավորել ժողովրդին և Արցախի ազատության համար պայքարը նորոգել։
Իհարեկե՝ Արցախի ազատության համար պայքարի խոսույթը կարող է որակվել ռևանշիստական և հարցեր առաջացնել թշնամիների ճամբարում։ Սակայն դա չպետք է կաշկանդի ընդդիմադիր քաղաքական գործիչներին, քանի որ Արցախի ինքնորոշման խնդիրը տարիներ շարունակ միջազգային քննարկման հարց է եղել։ Աշխարհում այս առումով՝ սկզբունքներ չեն փոխվել։ Արցախի ինքնորոշման և արցախահայերի վերադարձի խնդիրների մասին ակնկարկել են նաև եվրոպական, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ, նշելով, որ դրանք քննարկման առարկա են դառնալու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Եվ եթե ՀՀ-ն աշխարհի համար ընկալելի քաղաքականություն վարի, ապա ենթադրելի է, որ Արցախի ինքնորոշման խնդիրը կրկին կդառնա միջազգային հարց ու կստանա հայանպաստ լուծում, ինչպես պատկերացնում էր հայ ժողովուրդը 1988-ին։ Եվ եթե ՀՀ-ում կան ուժեր, որոնք Արցախն ազատագրելու գաղափար ունեն, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այն հանրային քննարկման չեն ներկայացնում։
Ակնհայտ է, որ ՀՀ-ում ապաստանած, քաղաքացիություն ստացած և ընտրելու իրավունք ունեցող արցախցիները ձայն չեն տալու ՔՊ-ին, որն այս ընտրազանգվածին ուղղորդում է դեպի ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների առաջնորդած ուժերը, որպեսզի հետագայում ևս պահպանի ուժերի ներկա դասավորությունը ԱԺ-ում։ Մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ 100 հազար արցախցիները ձայն են տալու ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների առաջնորդած ուժերին։
Այսպիսի նախատրամադրվածությունը հավելյալ նպաստում է, որ ներկա խորհրդարանական ընդդիմությունը չմտահոգվի գալիք ընտրություններին առնչվող ռիսկերի մասին, հանրային քննարկմանը ներկայացնի Արցախը կրկին ազատագրելու գաղափարներ և ծրագրեր։ Իսկ եթե քաղաքական համայնքում կան այլ ուժեր, որոնք հավակնում են 100 հազար արցախցիների համակրանքին արժանանալուն, ապա նրանք նույնպես կարող են ներկայացնել Արցախն ազատագրելու, իրական հայրենիքին միավորելու իրենց գաղափարները։ Արցախցիներից զատ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Արցախի ազատագրման կողմնակից են։ Եվ նրանք ևս ենթադրաբար կարող են ձայն տալ Արցախի ազատության գաղափարն առաջ մղողին։
Պարզ ասած՝ եթե առաջիկայում քաղաքական բանավեճի առարկա դառնա Արցախն ազատագրելու ուղին, ապա կարող ենք ասել, որ Արցախի էջը փակված չէ։ Իսկ եթե իշխանություններն ու ընդդիմախոսները միավորված ջանք գործադրեն, որ այս հարցը մնա լուսանցքում մինչև ընտրություններն, ապա կարող ենք ասել, որ քաղաքական համայնքը ներքին կոնսենսուս ունի էջը փակելու վերաբերյալ։ Կրկնենք, որ Արցախի խնդիրը կրկին բարձրանցելը միջազգային հետաքրքրության հարց է դառնալու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Հետևաբար՝ այն ուժերը, որոնք կփորձեն շրջանցել կամ ստվերել այս թեման, հնարավոր է՝ կնետվեն աղբանոց, ասպարեզը զիջելով պրագմատիկ գործիչներին։
Թաթուլ Մկրտչյան