Ինչ անես, որ չընկալվես ֆորպոստ, լեգիտիմ թիրախ, քեզ չխփեն
copy image url

Ինչ անես, որ չընկալվես ֆորպոստ, լեգիտիմ թիրախ, քեզ չխփեն

Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:30 18-09-2024
Ֆորպոստ բառը հայ քաղաքական խոսույթում մուտք գործեց տարիներ առաջ, երբ ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը հետո դարձավ ԱԽՔ, ասաց, թե Հայաստանը ռուսական ֆորպոստ է։ Դրանից հետո մի քանի ռուս մանր-մունր գործիչներ են ասել, թե Հայաստանը դիտում են որպես ռուսական ֆորպոստ։

«Քանի դեռ մենք ֆորպոստ ենք, ֆորպոստը լեգիտիմ ռազմական թիրախ է՝ մեզ խփելու են»։ Այս մասին էլ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել՝ «Եկեք դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է»։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանը չի տալիս Ռուսաստանի անունը, սակայն ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանը ռուսական ֆորպոստ ընկալելուն։ Ինչո՞ւ են Հայաստանն ընկալում որպես ռուսական ֆորպոստ։ Եվ ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը, որ ՀՀ քաղաքացին, սփյուռքահայն ու միջազգային հանրությունը Հայաստանը չընկալեն որպես ֆորպոստ։

Նախ՝ ֆորպոստին առնչվող հանրային ընկալումը փոխելու հարցում առաջին հերթին անելիք ունի Նիկոլ Փաշինյանը, որը, սակայն, իր անելիքը թողած, ժողովրդից է նախաձեռնություն ակնկալում։ ՀՀ քաղաքացիների, սփյուռքի ընկալումը կփոխվի, երբ ՀՀ իշխանությունը ՀՀ անկախության պաշտպանության ուղղությամբ իրական քայլեր անի, վերանայի հայ-ռուսական հակահայ պայմանագրերը, լյուստրացիա, դեսովետիազացում և այլ գործուն քայլեր անի ռուսական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այսինքն՝ առաջին հերթին Փաշինյանն է մեղավոր, որ սփյուռքահայը կամ միջազգային հանրությունը ՀՀ-ն ընկալում են որպես ֆորպոստ։ Եվ ազնիվ չէ պատասխանատվությունը գցել ժողովրդի ընկալման վրա, ակնարկելով, թե չնայած՝ ՀՀ-ն անկախ ժողովրդավարական երկիր է, բայց փտած սոցիալ հոգեբանություն ունեցող ժողովուրդը Հայաստանն ընկալում է որպես ռուսական ֆորպոստ։ Հետևաբար՝ ժողովրդի այդ սխալ ընկալման պատճառով ՀՀ-ն դառնալու է ռազմական լեգիտիմ թիրախ, մեզ խփելու են։

Իհարկե՝ դե յուրե ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական երկիր է։ Բայց տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում խորացրել է ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների մի մասը սփյուռքից եկած մարդիկ են, որոնք ՀՀ-ն դիտում են հեռվից, իրենց երկրների մայրաքաղաքներից։ Գուցե հեռվից երևում է, թե ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է, ու ՌԴ-ն է որոշում ՀՀ քաղաքականությունը։ Հավանաբար՝ այդպես է երևում, քանի որ ՀՀ իշխանությունը միջազգային հարթակներում ժողովրդավարական երկրին վայել անկախ քաղաքականություն չի վարում, ՀՀ տնտեսությունը մեծապես կապում, նույնիսկ կախում է Ռուսաստանից, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը դուրս չի հրավիրում, ՀՀ քաղաքական օղակներում տեղ է տալիս ռուսական գործակալներին, ռուսական-խորհրդային բռնազավթման կնիքը կրող ՀՀ տեղանունները չի անվանափոխում։ Կարճ ասած՝ բազմաթիվ ցուցիչներ կան, որոնց հանրագումարը հիմք է տալիս կասկածելու, որ ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է։

Մինչև 2020-ը, նույնիսկ՝ մինչև 2022-ը ՀՀ իշխանությունը այս պարզ բանը չէր հասկանում, կամ ձևացնում էր, թե չի հասկանում։ ՔՊ-ն, վառ արտահայտված ռուսամետ քաղաքական կուրս վարելով, Սիրիա զորք ուղարկելով, Արևմուտքի և ԵՄ-ի հետ հարաբերությունները սառեցնելով, ավելի էր խորացնում ֆորպոստի ընկալումը։ Հետադարձ հայացքով դիտելիս, կարելի է ասել, որ 2020-ին Արցախի ազատության դեմ ռուս-թուրք-ադրբեջանական պատերազմն ու դրան հաջորդած ագրեսիաները ՀՀ-ի նկատմամբ միջազգային հանրության պրիզմայով լեգիտիմ էին, քանի որ ՀՀ-ն ռուսական ֆորպոստ էր ընկալվում, և ռուսներին թույլ էր տրվում հայ ժողովրդի հետ վարվել՝ ինչպես ուզենան։ Տարբերությունն այն ժամանակվա և ներկայիս այն է, որ Փաշինյանն այն ժամանակ չէր հասկանում, թե ինչու են մեզ խփում, հիմա Փաշինյանն արդեն գիտակցում է, որ «քանի դեռ մենք ֆորպոստ ենք, ֆորպոստը լեգիտիմ ռազմական թիրախ է՝ մեզ խփելու են»։ Բայց բաց է մնում մեկ հարց։ Եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ «քանի դեռ մենք ֆորպոստ ենք, ֆորպոստը լեգիտիմ ռազմական թիրախ է՝ մեզ խփելու են», ապա ինչու չի անում համարժեք քայլեր, որ Հայաստանը ֆորպոստ չընկալվի, ու մեզ չխփեն։

Վերաձևակերպելով Փաշինյանի՝ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի շրջանակում ասածն ու պատասխանատվության սլաքը վերադարձնելով դեպի քաղաքականություն որոշողը, պետք է ասել, որ քանի դեռ ՔՊ-ական իշխանությունը գործուն քայլեր չի անում, որ Հայաստանն ընկալվի անկախ, ժողովրդավարական պետություն, ՀՀ-ն ընկալվելու է ֆորպոստ։ Հետևաբար՝ ինչպես 2020-ին ու դրանից հետո հայ ժողովրդին պատուհասած աղետների, այնպես էլ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիայի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի վարած պասիվ ռուսամետ քաղաքականությունը դեռ հիմք չի տալիս, որ ՀՀ-ն չընկալվի որպես ռուսական ֆորպոստ, ռազմական լեգիտիմ թիրախ, մեզ չխփեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված