Ուղիղ եթեր
Փաշինյանը ցանկալին ներկայացնում է իրականություն․ Թուրքիայում վերջին 100 տարում ՀՀ-ի հետ կապված ոչինչ չի փոխվել
copy image url

Փաշինյանը ցանկալին ներկայացնում է իրականություն․ Թուրքիայում վերջին 100 տարում ՀՀ-ի հետ կապված ոչինչ չի փոխվել

Արտաքին Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 14:30 18-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ընկալումների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին Փաշինյանն հայտարարել է այսօր տեղի ունեցած Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ՝ նշելով, որ նման տպավորություն է ստացել Թուրքիայում ընթացող քննարկումներին դիտորդի կարգավիճակով հետևելիս։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ցամաքային սահմանի բացում անենք։ Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,- ասել է նա և հավելել, որ այս հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի պնդման հետ՝ նշելով, որ Թուրքիայում վերջին 100 տարում Հայաստանի հետ կապված ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հավանաբար իր ցանկությունները փորձում է որպես իրականություն ներկայացնել․


/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/

«Թուրքիայում թե՛ պետության, թե՛կառավարության, թե՛ ժողովրդի ընկալումների մեջ առ այսօր Հայաստանի հետ կապված ոչ մի փոփոխություն չկա։ Սա առաջին հերթին պետական քաղաքականություն է․ Թուրքիան երկարաժամկետ պետական քաղաքականություն է վարում, դա մեր նման մեկօրյա քաղաքականություն չէ։ Դա մինիմում 100 տարվա քաղաքականություն է, և այսօր 100 տարի առաջվա պանթուրքիստական ու երիտթուրքական քաղաքականությունը դեռ ի զորու է Թուրքիայի պետության համար, ու իրենց վերջին ժամանակների քայլերն էլ դա ցույց է տալիս»։

Տիրան Լոքմագյոզյանը նշում է՝ քանի որ Թուրքիայում գոյություն ունի նաև խորքային պետություն, և այդ երկրի պետական քաղաքականությունը ոչ մեկի կողմից փոփոխման ենթակա չէ։ Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը չի փոխվի անգամ այն դեպքում, եթե որևէ հրաշքով Թուրքիայում այնպիսի ուժեր իշխանության գան, որոնք շատ են ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների ձևը փոխել։ «Օրինակ կարող եմ բերել, երբ Աբդուլլահ Գյուլի օրոք հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, տեսանք, որ դրանք միանգամից խափանվեցին և մինչև այսօր էլ այդպես մնացին»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ ե՞րբ և ի՞նչ պայմանների դեպքում Թուրքիան ի վերջո կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ թյուրքագետը պատասխանեց, որ Թուրքիան ոչ մի պարագայում չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ ունենալ, քանի որ ՀՀ-ին «մարդու տեղ չի դնում»։ Նա շեշտեց՝ դրանից երևում է, որ Թուրքիան Հայաստանի հետ կապված այնպիսի հեռահար նպատակներ ունի, որոնք կարող են հայկական կողմին դուր չգալ։

«Ինչպես ժամանակին Թուրքիայի վարչապետուհի Թանսու Չիլերն է ասել, մենք Հայաստանից թողնելու ենք մի կտոր հող, որը բոլոր հայերի համար որպես գերեզմանատուն է ծառայելու։ Այդ ժամանակ դեռ սովետն էլ կար, այս խնդիրները չկային։ Դա է իրենց նպատակը»,- շեշտում է նա։

Լոքմագյոզյանը նկատում է, որ Թուրքիան նույնպես Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունի, որոնք կբարձրաձայնի, երբ ՀՀ-ն բավարարի Ադրբեջանի պահանջները։

«Ադրբեջանի պահանջները գիտենք՝ Սյունիք, Սևանի արևելք, տարբեր հողակտորներ վերցնել և այլն, սակայն նույն ձևի պահանջներ ունի նաև Թուրքիան։ Եթե հիշում եք՝ մի քանի տարի առաջ հենց Էրդողանը խոսել է Բաթումի մասին՝ նշելով, որ այն թուրքական տարածք է և պետք է Թուրքիային վերադարձվի։ Թուրքիայի պետական քաղաքականության մեջ կա այն կարծիքը, որ Գյումրին և Շիրակի մարզի մի մասը թուրքական տարածքներ են և պետք է վերադարձվեն։ Եթե Ադրբեջանի պահանջները կատարենք՝ Թուրքիան էլ կարող է իր պահանջները առաջ քաշել, որոնք կարող են հասնել մինչև մեզնից Գյումրին պահանջելուն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան