Զարգացած և բարեկեցիկ երկրների հաջողության գաղտնիքի հիմքում աշխատանքի ուրույն փիլիսոփայությունն է։ Որոշ ժողովուրդներ, օրինակ՝ ճապոնացիները, աշխատում են ի փառս Աստծո։ Կան քաղաքակրթությունից հետ մնացած ցեղեր, որտեղ աշխատանքը զուտ կենսական պահանջները բավարարելու միտված գործողություն է։ Աշխատանքի մասին այն պատկերացումները, որը սեպտեմբերի 6-ին դպրոցականներին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, ոչ մի տեղ չկա։
Դեռահասներին սխալ, հակաքաղաքակրթական դասեր տալը վատ հետևանք է ունենալու սոցիալ հոգեբանության այլասերման առումով։ Առանց այն էլ՝ մեր ժողովրդի հավաքական մտածողությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով հեռացել է մարդկային արժեքներից ու ողջախոհությունից։ Եվ նրան նոր սխալներով մոլորեցնելը ավելի է ծանրացնելու իրավիճակը։
Իհարկե՝ կա աշխատանքի արդյունքն իրացնելու, ինչպես Փաշինյանն է ասում՝ վաճառելու խնդիր։ Եվ անկասկած է, որ այն աշխատողը, ով իր հմտությունները կարողանում է թանկ վաճառել, բարեկեցություն է ապահովում։ Բայց աշխատանքի փիլիսոփայությունը հմտությունները վաճառելու կարողության շրջանակում պարփակելը սխալ է։ Այսպիսի մոտեցումը նպաստում է արտագաղթի, որովհետև միշտ էլ կլինեն երկրներ, որտեղ զոդողի, բժշկի, արվեստագետի, ուսուցչի հմտություններն ավելի թանկ են վաճառվում։ Այս ամենից զատ՝ վաճառքով զբաղելը առանձին հմտություն է։ Եվ եթե մարդիկ իրենց ուշադրությունը գերազանցապես սևեռեն վաճառքին, ապա հասարակությունը կվերածվի վաճառքով զբաղվողների համքարության, իսկ պետությունը՝ մեծ առևտրային կորպորացիայի։ Այսպիսի մոտեցումը գուցե կարող է հանգեցնել որոշ մարդկանց բարեկեցությանը, որոշ առումով նաև նպաստել տնտեսության զարգացմանը, սակայն չի կարող ապահովել հասարակության առաջընթացի այնպիսի մակարդակ, որն այսօր ունեն զարգացած երկրները։
Մյուս կողմից հմտությունների վաճառքի խնդիրը որոշակի կազմակերպական ջանք պահանջում։ Պետության չգոյության պայմաններում այդ խնդիրը կարգավորվում էր համքարությունների ձևավորած կանոններով։ Պետության պայմաններում համքարություններից զատ նաև կառավարությունն է ջանք գործադրում, օրենքներ և որոշումներ ընդունում, որ աշխատողը պատշաճ վճարվի։ Ստեղծվում են աշխատանքային բորսաներ, որոնից օգտվում են գործատուները, որոնց այս կամ այն հմտություններն ունեցող աշխատող է պետք։ Զարգացվում է քննադատության ինստիտուտը, որը հաստատված սկզբունքներից, արժեքներից ելնելով, օգնում է հասարակությանը ընտրել լավ մասնագետին, լավ աշխատանքը, լավ ապարանքը և այլն։ Զարգացվում են գովազդային, հայտարարությունների ցանցերը, որոնց միջոցով հանրությանը ներկայացվում է աշխատանքը, ապրանքը և այլն։ Այսինքն՝ պետությունն ու նրա օժանդակությամբ ստեղծվող կառույցները ստեղծում են պայմաններ, որ մասնագետը կարողանա դրսևորվել, կամ ինչպես Փաշինյանն է ասում՝ վաճառվել և լավ վաստակել։ Այս առումով՝ Փաշինյանի ներկայացրածը մակերեսային ու կիսատ մի բան է։
Սխալ է նաև աշխատելը փող ստանալու նպատակով պարփակելը։ Գողը, ավազակը, խարդախը նույնպես ջանք են գործադրում, իրենց բառերով ասած՝ գործ են անում փող ստանալու համար։ Հետևապես՝ միայն փող ստանալու մղումը չի նպաստում հանցավորության նվազմանը։ Մյուս կողմից՝ երբ միայն փող ստանալն է աշխատելու իմաստը, ապա մարդը հաճախ թողնում է իր սիրած, հասարակության համար կարևոր մասնագիտությունը և զբաղվում այնպիսի գործով, որը տվյալ պահին փող է բերում։ Հետևապես՝ աշխատանքի փլիսոփայության հիմքում միայն փող ստանալու մղումը տեղադրելը չի նպաստում հասարակության առաջընթացին։
Եվ ամենակարևորը՝ աշխատանքի փիլիսոփայության հիմքում պետք է լինի միավորիչ առաքելություն, այնպիսի գաղափար, որը կմիավորի բոլոր աշխատողներին՝ լրագրողին, բանվորին, վաճառքի մասնագետին, նվազագույն աշխատավարձով մի կերպ ապրողին, պատգամավորին ու հարուստ միլիոնատիրոջը։ Օրինակ՝ եվրոպական շատ երկրներում աշխատող մարդկանց միավորում է բարիք ստեղծելու առաքելությունը։ Եվ կարծիք կա, թե եթե Հայաստանում ևս ներդրվի նման աշխատանքային փիլիսոփայություն, ապա դա էապես կպաստի հասարակության առաջընթացին, հանցավորության նվազմանը, կառողջացնի սոցիալ հոգեբանությունը, կբարձրացնի համախառն ներքին երջանկության համաթիվը։
Թաթուլ Մկրտչյան