Ներքին 44 րոպե առաջ - 23:32 26-08-2026

Անորակ աշխատանք` Շիրակի դպրոցներում. «հիմնանորոգումը» մի անգամով չի ավարտվում

Շիրակի մարզում դպրոցաշինության համար վերջին տարիներին ծախսվել են միլիարդավոր դրամներ։ Պաշտոնական տվյալներով՝ 2018-2025 թթ. թվականներին մարզում 68 դպրոց հիմնանորոգվել կամ հիմնանորոգվում է, իսկ դպրոցաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը հասնում է շուրջ 35 միլիարդ 165 միլիոն դրամի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի որոշ դպրոցներում հիմնանորոգումից հետո՝ նորից վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես` խոսքը Գյումրու N 41, 24, 11, Կառնուտի, Փոքր Մանթաշի, Ամասիայի դպրոցների մասին է։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դպրոցներ կան, որտեղ 3-րդ անգամ է կատարվել վերանորոգման աշխատանքներ։

«Գյումրու 41-րդ դպրոցում բազմաթիվ թերություններ կան, օրինակ` գրադարանի պատը 3-4անգամ ներկվել է, դահլիճում ևս թերություններ կան։ Անորակ շինարարություն է կատարվել, տարօրինակ է, որ դպրոցի պաշտոնական հանձնմանը Փաշինյանն իր աչքով է ամեն ինչ տեսել»,- նշում է մեր աղբյուրը, ով ժամանակին աշխատել է տվյալ դպրոցում։

Oragir.News-ը պարբերաբար ստանում է ահազանգեր այս խնդրի հետ կապված, բայց նշված դպրոցներում չեն թույլատրում իրականացնել նկարահանում։

Հարց է առաջանում. եթե «հիմնանորոգված» դպրոցում կարճ ժամանակ անց կրկին վերանորոգման կարիք է առաջանում, ապա ո՞վ է պատասխանատու առաջին անգամ կատարված աշխատանքի ցածր որակի համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ Շիրակի մարզում այդ մրցույթները շահում են շինարարական այն ընկերությունները, որոնք տարիներ շարունակ պետական պատվերներ են ստանում։

Ամենաթարմ օրինակը` Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հորը պատկանող «Շինկարկաս» ընկերությունն է։

Նշենք, որ այս ընկերությունը 2013-ից հաղթում է դպրոցաշինության մրցույթներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզպետարանը նույն ընկերության հետ կնքել է 67.08 մլն դրամի պայմանագիր՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տանիքի վերանորոգման համար։

2022 թ. սկսած այս դպրոցում 3 անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
Շիրակի մարզի դպրոցաշինության համար պետությունը միլիարդներ է ծախսել։ Բայց այդ միլիարդները դպրոցների խնդիրները խոշոր հաշվով ոչ թե լուծել են, այլ պարզապես ստեղծել են նորանոր շինմրցույթների անհրաժեշտություն։