Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:28 26-08-2026

Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հայաստանի ՀԱՊԿ անդամությունը սառեցվել է 2022-ի սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։ Սա բոլորին հայտնի պատմություն է, երբ ժողովրդավարական երկրները պաշտպանեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները, դատապարտեցին ՀՀ-ի դեմ ագրեսիան, իսկ ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ անդամ Հայաստանին չպաշտպանեց արտաքին ագրեսիայից, չդատապարտեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ ուղղված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների զավթումը։ Այսպիսով՝ ՀԱՊԿ-ը թքեց հայ ժողովրդի ազգային իրավունքների վրա։ Ենթադրելի էր, որ հաջորդիվ պետք է սկսեինք ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը անվճռականություն ու կրավորական կեցվածք է դրսևորում։

«Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, կազմակերպության կանոնադրությունն էլ նախատեսում է նման բան, որ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից։ Համենայնդեպս մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- օգոստոսի 24-ին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է Փաշինյանը։

Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այս խոսքը։

Պատկերացրեք՝ եթե 1990-1991-ին Հայկական ԽՍՀ վերջին ղեկավարը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ, այլ Փաշինյանի նման մեկը, ապա անկախության հանրաքվե չէր լինի, Հայաստանը դուրս չէր գա ԽՍՀՄ-ից, չէր դառնա անկախ և ժողովրդավարական պետություն, Օգոստոսի 23-ի հռչակագիրը կընդունվեր, սակայն գործընթաց չէր լինի։ Փաշինյանի նման ղեկավարը 1990-1991-ին, հավանաբար, կասեր. «Մենք գոհ կլինենք, եթե Հայաստանին հեռացնեն ԽՍՀՄ-ից»։ Այդ օրերին զարթնած ժողովուրդն այդպիսի ղեկավարին կորակավորեր Կրեմլի ագենտ, կսուլեր, կիջեցներ հարթակից։

ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին Փաշինյանի դիրքորոշումը նշանակում է, որ Փաշինյանի օրոք Կրեմլն է որոշում, թե ինչ քաղաքականություն վարի Հայաստանը։ Տվյալ դեպքում՝ ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը ընդունում է ոչ թե ՀՀ օրենսդիրը կամ գործադիրը, այլ Կրեմլը։ Այսպիսի դիրքորոշում կարող է արտահայտել ֆորպոստի վարչապետը, բայց ոչ անկախ պետության ղեկավարը։

Կրեմլի արձագանքը Փաշինյանի խոսքին պարզ է ու հեգնական։ «Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Երևանին այլևս անհրաժեշտ չէ այդ կազմակերպությանն անդամակցությունը»,- հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս հանդարտ պատասխանում քողարկված հեգնանք կա, թե Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վճռականություն, խիզախություն, կամք չունի, քանի որ Մոսկվան է որոշում՝ ՀՀ-ն դուրս գա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ մնա։

Մտահոգիչ է նաև այն, որ Փաշինյանը խոսում է դուրս գալ-չգալու երկընտրանքի մասին։ Ազգային ինքնասիրություն և ազգային գիտակցություն ունեցող քաղաքական գործչի համար 2022-ի սեպտեմբերի 15-ի ՄԱԿ ԱԽ նիստից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու երկընտրանք գոյություն չունի։ Գրեթե բոլորն են հասկանում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն անհրաժեշտ է նաև անվտանգության առումով։ Եթե ՀԱՊԿ-ի առանցքային անդամ երկրներն աջակցել են Ադրբեջանին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում, ՄԱԿ ԱԽ նիստում, ապա հիմք կա ենթադրելու, որ կաջակցեն նաև վաղը ՀՀ-ի դեմ արտաքին այլ ագրեսիայի պարագայում։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ում մնալը անվտանգային ռիսկ է առաջացնում։ Ուստի ՀԱՊԿ-ից մեր պետության դուրս գալը անվտանգային առաջնահերթություն է։

Բոլորն են հիշում ՌԴ բարձրաստիճան գործիչների միջնորդությունը 2018-ի իշխանափոխության օրերին։ Այս միջնորդները, բնականաբար, պայման են դրել՝ դուրս չգալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դուրս չհրավիրել ռուսական զորքերը, լյուստրացիա ու դեսովետիզացում չանել և ընդհանրապես ռուսական շահերի դեմ ոչինչ չանել։ Փաշինյանն այս պայմանավորվածությունները պահպանում է։ Սա է պատճառը, որ Փաշինյանը դուրս չի բերում ՀՀ-ն ՀԱՊԿ-ից, քանի որ խոստացել է ռուսական շահերի դեմ ոչինչ չանել։

Կարճ ասած՝ Փաշինյանի խոսքը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին ցույց տվեց, որ նա դեռ կաշկանդված է Կրեմլի հետ պայմանավորվածություններով, և Կրեմլն է որոշում, թե անվտանգային ինչ քաղաքականություն վարի ՀՀ-ն։ Իսկ ՆԱՏՕ-ն ԵՄ անդամ երկրների մեծ մասի անվտանգությունն ապահովող կառույցն է, ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել նաև Հայաստանը ռուսական ագրեսիայից։ Հետադարձ հայացքով՝ եթե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի անդամ լիներ 2020-ի սեպտեմբերի 26-ին, ապա պատերազմ չէր լինի, ռուս խաղաղապահն Արցախ չէր մտնի, Արցախը չէր հայաթափվի, հայկական կմնար։ Եվ եթե խորհրդարանական ընդդիմությունը ուզում է իշխանություն դառնալ, ապա կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու, ՆԱՏՕ-ին միանալու օրակարգով հանդես գալ՝ ցույց տալով, որ Փաշինյանից տարբերվող օրակարգ ունի, անկախության դիրքերում է, ՀՀ ինքնիշխան իրավունքները հարգող ու պաշտպանող ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, ազատ աշխարհի հետ ներդաշնակ է։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
15:29 Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները

Ձեզ գուցե հետաքրքրի