Oragir.News-ը վերջին շրջանում քաղաքացիներից ահազանգեր է ստանում՝ կապված ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման պայմանագրերի կնքման գործընթացի հետ։ Մեզ դիմաց քաղաքացիներից մեկը դժգոհում էր, որ ապահովագրական ընկերություններից մեկում ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելն արժի 400․000 դրամ, մինչդեռ եթե քաղաքացին ունի ավտովարկ, ապա վերջինս նույն պայմանագիրը կարողանում է կնքել 60-70 հազար դրամով և ստացվում է, որ բանկերի համար նույն ծառայությունն արժի գրեթե 5 անգամ ավելի էժան։
Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը` նշեց, որ ԿԱՍԿՈ պայմանագրի արժեքը չի կարող նման կտրուկ ձևով նվազել, պարզապես հնարավոր է, որ տվյալ բանկն ինչ-որ ծախս վերցնի իր վրա։ Նրա խոսքով՝ ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելու արժեքը հստակ է, այն տատանվում է մեքենայի արժեքի 2․5-3%-ի սահմաններում։
«Նման թիվ չկա՝ 400 հազար կամ 100 հազար, ինքը մեքենայի արժեքի երկուսուկեսից երեք տոկոսն է։ Կախված նրանից, թե ապահովագրական ընկերությունը մեքենայի արժեքը որքան է գնահատել, քաղաքացին պետք է այդ արժեքի 2․5-3%-ը վճարի՝ ԿԱՍԿՈ պայմանագիր կնքնելու համար։
Այդտեղ ոչ մի ընկերություն չի նայելու, որ քաղաքացին ավտովարկ է վերցրել ու ապահովագրության արժեքը նվազեցնի, որովհետև ԿԱՍԿՈ-ի ռիսկը մեծ է, իսկ եթե տվյալ դեպքում քաղաքացին վարկ ունի իրենց համար ավելի վատ է, քանի որ ռիսկը ոչ թե փոքրանում է, այլ մեծանում»,- ասաց նա։
Տիգրան Քեյանը չի բացառում, որ բանկերի և ապահովագրական ընկերությունների միջև էքսկլուզիվ պայամագրեր լինեն, որոնց շրջանակներում ԿԱՍԿՈ պայմանագրի համար քաղաքացին 60 հազար դրամ վճարի, իսկ մնացած մասը բանկը փոխհատուցի, սակայն չի կարծում, խոսքն էժան պայմանագրերի մասին լինի։ Ըստ նրա՝ այստեղ իրավաչափության խնդիր չկա, քանի որ գործում են բիզնես միջավայրի կանոնները․
«Հիմա օրինակ՝ ես ձեզ մոտ գովազդ եմ պատվիրում և դուք 1 րոպեի համար 5000 դրամ եք պահանջում, բայց ինչ-որ մեկի հետ էլ համագործակցության պայմանագիր ունեք, ում միջոցով ներգրավված հաճախորդներից էլ 4000 դրամ եք պահանջում։ Դրանից չի ստացվում, որ դուք հավասար պայմաններ չեք ապահովում․ մեկը ձեր գործընկերն է, մյուսը՝ ոչ, սովորական բիզնես հարաբերություններ են»։
Մեր զրուցակիցն իրատեսական չի համարում, որ որևէ դեպքում ԿԱՍԿՈ պայմանագրի արժեքը 60 հազար դրամ լինի։ Նրա խոսքով՝ դա կարող է ոչ թե ԿԱՍԿՈ, այլ կամավոր պայմանագիր համարվի, սակայն իր մեջ գրեթե ոչինչ չներառի, լինի շատ վատ պայմաններով, ապահովագրական չափերը ցածր լինեն և այլն։
«Անհնար է, որ ապահովագրական ընկերությունը 2%-ից ցածր ԿԱՍԿՈ պայմանագիր կնքի, ուզում եք ապահովագրական ընկերության հիմնադիրի ընկերը եղեք։ Եթե անգամ քաղաքացուն հաջողվի ԿԱՍԿՈ պայմանագիրը 2%-ով կնքի, ապա ինքը պետք է գնա Էջմիածին ու մոմ վառի, քանի որ վերջին շրջանում այդ պայմանագրերը կնքվում են 2․5-3%-ով, եթե իհարկե հիմա չի թանկացել»։
Տիգրան Քեյանը հավելեց, որ Հայաստանում ԿԱՍԿՈ պայմանագրեր հիմնականում պարտադրված են կնքում, ինչպես նաև նման պայմանագրեր նախընտրում են կնքել այն մարդիկ, ովքեր միջինից խավից բարձր ֆինանսական վիճակ ու թանկարժեք մեքենաներ ունեն։ «Այս մարդիկ են ԿԱՍԿՈ պայմանագրեր կնքում, որոնց համար ապահովագրական ընկերություններին լրացուցիչ գումար վճարելը ֆինանսական խնդիրներ չի առաջացնի»,- եզրափակեց նա։