copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:00 02-09-2024

Բլոգերներին ու տաքսիստներին հարկելով՝ փորձում են զսպել տնտեսության անկումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է բլոգերներին հարկելու թեման, նրանցից շատերն էլ ամեն առիթով հայտարարում են, որ կողմ են հարկեր վճարելուն, քանի որ դրանով նպաստում են երկրի զարգացմանը։ Օրերս էլ բլոգերներից մեկն էլ հայտարարեց, որ ՊԵԿ-ում յուրաքանչյուր բլոգերի կցել են 1 աշխատակից, ով ամենօրյա ռեժիմով պետք է ուսումնասիրի իրենց էջերը և պարզի, թե որքանով են վերջիններիս հայտարարագրած եկամուտները համապատասխանում իրականությանը։

Oragir.News-ի հետ զրույցում «Tvyal.com» տվյալների վերլուծության հարթակի տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշեց՝ տեղյակ չէ, որ ամեն մի բլոգերի ՊԵԿ-ում առանձին աշխատակից է կցվել։

Տնտեսագետը միևնույն ժամանակ նշեց, որ 2024 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվածից 9 տոկոսով ավելի պակաս են հավաքագրվել, ինչպես նաև 2018 թվականից Հայաստանի նոր կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է որպես հիմնական արդյունավետության ինդեքս․ «Այսինքն՝ որքան հարկերի հավաքագրումը մեծանում է, այդքան կառավարության անդամներն ավելի շատ պարգևավճար են ստանում։ Նշեմ, որ 2014-2018 թվականներին հարկահավաքության միջին աճը կազմում էր մոտ 7 տոկոս, մինչդեռ նախորդ 6 տարիներին հարկահավաքության աճը յուրաքանչյուր տարի 16 տոկոսի սահմաններում է, տարի է եղել՝ հասել է 25 տոկոսի»։

Թավադյանը նկատում է, որ այս քաղաքականությունն աշխատում էր 2018-2020 թվականներին, երբ շատ հարկատուներ ստվերից դուրս եկան, ինչի շնորհիվ հարկահավաքության ցուցանիշներն աճեցին։ Նրա խոսքով՝ այս պահին իրական տնտեսության բոլոր ցուցանիշներն անկում են ապրում, ավելացված արժեքի հարկի հավաքագրման ցուցանիշները բավականին նվազել է, ինչը ցույց է տալիս, որ առևտուրը նվազել է։

«Այս պայմաններում կառավարությունը ձգտում է նորանոր հարկեր ներդնել, որպեսզի իր թիրախակետին հասնի, որին հասնելուց հետո էլ համապատասխան աշխատողներին պարգևավճարներ տա։ Իրական տնտեսության անկման պայմաններում հարկահավաքության ավելացումը հակառակ էֆեկտն է ունենալու, որովհետև ինչ-որ շեմ է գալիս, որից հետո հավելյան հարկերը շուկայում ոչ բարյացակամ դրսևորումների են հանգեցնում, շուկայի մասնակիցները մտածում են՝ խի՞ հարկեր վճարենք, ու հակառակ կողմն են գնում։ Սա բերում է նրան, որ խաղացողներն իրենց կա՛մ սնանկ են ճանաչում, կա՛մ դուրս են գալիս Հայաստանի Հանրապետությունից, կա՛մ էլ տեղափոխվում են ստվեր»,- կարծում է նա։

Տնտեսագետի խոսքով՝ տաքսիստներին ու բլոգերներին հարկելով, շրջհարկը բարձրացնելով, տարբեր տուրքերն ավելացնելով, համընդհանուր հայտարարագրում սահմանելով, հարկ վճարողին հերոս ճանաչելով՝ կառավարությունը ձգտում է ամեն գնով մեծացնել հարկերի հավաքագրման ցուցանիշները․ «Կարելի է ենթադրել, որ օրեցօր կամ ամիս առ ամիս կփորձեն մեր տնտեսությունում նորանոր հարկեր ներդնել, որոնք ապարդյուն կլինեն, որովհետև ներկայումս իրական տնտեսությունը չի աճում, ու այն հակառակ էֆեկտը կունենա՝ ստվերը կմեծանա»։

Աղասի Թավադյանը շեշտում է՝ ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունը կարող է օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի տնտեսության գրավչությունը փոքրացնել, որովհետև վերջիններս կտեսնեն, որ մեր հարևան երկրներում հարկային քաղաքականությունն ավելի պարզ է, այն ավելի քիչ է փոփոխվում, ուստի կնախընտրեն այդ երկրներում գործել։

«Օրինակ՝ IT ոլորտը արդեն դուրս է գալիս Հայաստանից, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ հարկահավաքությունը բարդանում է, ու սահմանված հարկային արտոնությունները դուրս են գալիս։ Մեր հարևան Վրաստանում IT կազմակերպությունների համար շրջհարկը դարձրել են 1%, մեր մոտ, ինչպես արդեն նշեցի, 2025-ի սկզբին 5%-ից դառնալու է 10%, եկամտահարկը՝ 10%-ից 20%, 2024 թվականի սկզբին հանվեցին շահութահարկի բարենպաստ պայմանները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան