Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 31-07-2024

ՀՀ-ում հարկահանությունը դարձել է KPI. եկամտահարկը հարկելով՝ կառավարությունը ձգտում է մեծացնել հարկերի հավաքագրումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քննարկում է քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը որպես եկամուտ գրանցելու և այն կրկին 20 տոկոսով հարկելու հնարավորությունը, և առաջիակում Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ։

Օրերս «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել էին, որ այս պահին պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված տարբերակ չկա։ Գերատեսչությունը միևնույն ժամանակ չէր ժխտել, որ միջգերատեսչական մակարդակում քննարկվում են եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը որոշակիորեն սահմանափակելու հարցեր։

Oragir.News-ի հետ զրույցում «Tvyal.com» տվյալների վերլուծության հարթակի տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է մի քանի խնդիր լուծել։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ դեռևս 2023 թվականի աշնանից իրականում հարկահավաքության աճի տեմպերը կրճատվել են.

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա անուղղակի հարկերը բավականին կրճատվել են, հավաքագրվող հիմնական հարկատեսակների մեջ այս պահին միայն եկամտահարկը չի կրճատվել։ Այլ հարկերը՝ շահութահարկը, շրջանառության հարկը, ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքը կրճատվում են, ինչը կառավարության մոտ որոշակի անհանգստություններ է առաջացրել, ուստի վերջիններս փորձում են մեծացնել ցուցանիշները՝ այլ հարկահավաքներ մտցնելով»։

Տնտեսագետն ընդգծում է, որ Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI [Key Performance Indicator-հիմնական արդյունավետության ինդիկատոր–խմբ.], որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը։

«Այսինքն՝ որքան նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ է հավաքագրվում, այնքան համարվում է, որ կառավարությունն ավելի լավ է աշխատել։ Սա ներքին ինդիկատոր է, որը բավականին լավ աշխատեց 2018-2020 թվականներին, երբ շատ կազմակերպություններ ստվերից դուրս եկան, սակայն այժմ այս նախաձեռնությունը դարձել է ինքնանպատակ, որովհետև յուրաքանչյուր տարի ավելի շատ հարկեր են ստեղծվում, որոշ հարկեր նաև բարձրացվում են՝ այս ինդիկատորին հասնելու համար»,- ասաց նա։

Թավադյանն այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնում է 10 տոկոս, դուրս են գալիս IT ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները և այլն։ «IT ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։ Նշեմ, որ այս պահին IT ոլորտն արդեն անկման մեջ է, որովհետև եկած IT մասնագետների մի մասն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից»,- նկատում է տնտեսագետը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ տնտեսագիտության մեջ լաֆֆերի կոր գաղափարը, ըստ որի՝ հարկերը կարող են հավաքագրվել մինչև որոշակի պահը, որից հետո դրանց հավելյալ մեծացումը բերում է հարկահավաքության տեմպերի կրճատման, քանի որ որոշ անհատներ նախընտրում են հարկեր չվճարել, կամ սնանկանում են։

Աղասի Թավադյանը Հայաստանում հարկահավաքության տեպերի կրճատումը պայմանավորում է նաև արտասահմանից եկած կապիտալ ներհոսքի՝ ներդրումները, կրճատվում են, իսկ դրամական արտահոսքը մեծանում։ Նրա խոսքով՝ սա ապահովում էր 2022 թվականի տնտեսական աճը՝ մինչև 2023 թվականի կեսերը։

«Այստեղ խնդիրը նաև այն է, որ ոսկու մեծ քանակությունը՝ միլիարդավոր դոլարների հասնող, որը 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի մայիս անցավ Հայաստանի տարածքով և ապահովեց վերջին շրջանի տնտեսական աճը, արդեն այդ հոսքն էլ է դադարում, ինչից պետությունը նույնպես որոշակի եկամուտներ ուներ։ Սա էլ է մտահոգիչ»,- եզրափակեց։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews