Ամերիկյան դոլարը տևական ժամանակ է՝ հակառեկորդներ է գրանցում Հայաստանում՝ կտրուկ արժեզրկվելով հայկական դրամի նկատմամբ։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ հունիսի 21-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Սակայն նախորդ ամսվա ընթացում դոլարը 460-480 դրամի սահմաններում է եղել։ Ըստ rate.am կայքի՝ փոխարժեքի փոխանակման որոշ կետերում դոլարի առքը նվազեց ու հասավ մինչև 404 դրամի։ Ներկայումս այն տատանվում 405-407 դրամի սահմաններում է։ Փոխարենը, առավել բարձր դիրքերում է մնացել վաճառքը․ ըստ նույն կայքի տվյալների՝ փոխանակման կետերում այն տատանվում է 415- 420 դրամի սահմաններում, երբեմն էլ գերազանցում է 420 դրամը։ Այս ամենը, իհարկե, կարող է շատ լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բնակչությանը։
Օragir.news-ը այս մասին զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դոլարի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա, որի մասին Պարսյանը մանրամասնել է․ «Դոլարի արժեզրկումը մեր տնտեսության, հատկապես արտահանման համար աղետալի է, հատկապես ամռան ամիսներին, երբ Հայաստանից մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանվում, նման արժևորված դրամը բացասական ազդեցություն է թողնում, և գյուղմթերքի արտահանումը էապես տուժելու է այս ամենից։ Բացի այդ՝ տուժում են նաև գյուղմթերք վերամշակող կազմակերպությունները՝ կոնյակ, գինի, պահածոներ, և այլն։ Արտահանումը այս պահին 15-20%ռիսկ ունի՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված։ Մեծ վնաս է կրում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ծրագրավորողների դրամով են վճարում, բայց կազմակերպությունները իրենց պայմանագրերը կնքել են դոլարով։ Ստացվում է մի իրավիճակ, որ կազմակերպության ղեկավարը ստիպված է իր գրպանից 15-20% ավելացնել, կամ IT ոլորտը պետք է իր գործունեությունը ուղղակի դադարեցնի։ Հաշվի առնենք նաև, որ այդ ոլորտում մրցակցությունը բավականին բարձր է, և եթե տնտեսվարողը փորձի իր աշխատողի աշխատավարձը իջեցնել, ապա այդ աշխատողը չի մնա այդտեղ։ Փոխարժեքի իջեցումով մենք մեծ հարված ենք հասցնում նաև IT ոլորտին, որը վերջին տարիների ընթացքում երկնիշ աճ էր գրանցել։ Մեծ վնաս է կրում նաև տուրիզմի ոլորտը։ Այս փոխարժեքի պայմաններում դեպի Հայաստան տուրիստական փաթեթները թանկացել են, եթե մնացած տարիներին ենթադրենք յոթ օրով Հայաստան գալը արժեր 800 դոլար, ապա հիմա դարձել է 1000 դոլար։ Եվ բնականաբար մարդիկ կնախընտրեն իրենց հանգիստը անցկացնել օրինակ՝ Վրաստանում, Թուրքիայում կամ Եգիպտոսում, քան Հայաստանում, քանի որ մեզ մոտ անհամեմատ թանկ են փաթեթները։ Մյուս կարևոր գործոնը տնասֆերցիան է։ Գաղտնիք չէ, որ ժողովրդի մի զգալի մասը ապրում է տրանսֆերների հաշվին, և ստացվում է մի իրավիճակ, որ մարդիկ արտասահմանից գումար են փոխանցում այստեղ ապրող մարդկանց, և նրանք նախկինում այդ 100 դոլարով կարողանում էին 50.000 դրամի ապրանք ձեռք բերել, իսկ հիմա 40 000 դրամի ապրանք են կարողանում գնել․ մոտ 20% ավելի քիչ, և սա էլ այն դեպքում, երբ ապրանքների գները շուկայում թանկացել են։ Այսինքն՝ ունենք այսպիսի իրավիճակ․ ապրանքների գները բարձրացել են, մարդկանց եկամուտը նվազել է։ Սա անշուշտ էլ ավելի է սրում սոցիալական խնդիրները»։
Հարցին, թե ինչն է խնդիրը, որ Հայաստանում դոլարը արժեզրկվում է, իսկ հարևան Վրաստանում՝ ոչ և այդպիսով դառնում է ավելի նախընտրելի տարբերակ զբոսաշրջիկների համար, Պարսյանը պատասխանց․ «Դա պայմանավորված է դրամային քաղաքականությամբ։ Վրաստանի Կենտրոնական բանկը չի փորձում ամեն գնով զսպել գնաճը, և այնտեղ գնաճը կազմում է 17-18% հունվար- մայիս ամիսներին, իսկ մեզ մոտ կազմել է 7,7%։ Կենտրոնական բանկը, որպեսզի զսպի գնաճը, վարում է թանկ փողի քաղաքականություն, իսկ Վրաստանում Կենտրոնական բանկը չի միջամտում, շարժվում է այն տրամաբանությամբ, որ գնաճը՝ որպես երևույթ, բացասական չէ, եթե մարդկանց եկամուտները ավելի արագ են աճում, և այդպես էլ եղավ։ Օրինակ՝ անցած տարի իրենց մոտ գնաճի մակարդակը ավելի բարձր էր, քան մեզ մոտ, բայց իրենց մոտ տնտեսական աճը կրկնակի էր։ Այսինքն՝ իրենք, ի հաշիվ տնտեսական աճի, կարողացան գնաճի բացասական հետևանքները վերացնել։ Իսկ գործող Կառավարությունը և Կենտրոնական բանկը փորձում են հնարավորինս զսպել գնաճը, որ սոցիալական բունտեր չլինեն՝ առանց ուշադրություն դարձնելու տնտեսության խնդիրներին։ Այսինքն՝ իրենք կարճաժամկետ խնդիրներ լուծելու հաշվին մեծ վնաս են հասցնում երկրի երկարաժամկետ զարգացմանը»։
Հարցին, թե իհարկե չնչին, բայց ռուբլին ևս տատանվում է, սա ինչի հետ կարող է կապված լինել և ինչ ազդեցություն կունենա, Պարսյանը մանրամասնեց․ «Ռուբլու տատանումները ևս մեծ ազդեցություն են թողնում, քանի որ մեր հիմնական գործընկերը Ռուսատանի Դաշնությունն է։ Այս պահին ռուբլին արժևորված է դրամի նկատմամբ, բայց դա երկարաժամկետ կայուն վիճակ չէ։ Դեպի Ռուսաստան արտահանողները մտահոգվում են, որ կարող է, օրինակ, ճանապարհի ընթացքում ռուբլու փոխարժեքը տատանվի։ Նշեմ, որ Ռուսասատանի կենտրոնական բանկը ևս փորձում էր զսպել ռուբլու արժևորումը, նրանք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 17-ից հասցրեցի 11-ի, որ ռուբլին արժեզրկեն, որովհետև իրենք հասկանում են, որ տնտեսությունը անկում է գրանցում։ Հայաստանի դեպքում նաև մի կարևոր հանգամանք կա, որ մենք հրաժարվել ենք Ռուսատանից ներկրվող էներգակիրների համար վճարել դոլարով և այժմ վճարում ենք ռուբլիով, և դրա արդյունքում մեր ներքին շուկայում ռուբլու նկատմամբ պահանջարկը մեծացել է։ Այսինքն՝ այն ժամանակ «Գազպրոմը» մեզանից ստանում էր դրամ, հետո դարձնում դոլար և վճարում գազի համար, հիմա ռուբլի է դարձնում և ռուբլու նկատմամբ պահանջարկը մեծացել է, դոլարինը՝ նվազել։ Սա էլ պատճառներից մեկը, որ դոլարի փոխարժեքը նվազում է»։
Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ պետք է անել, որ այս փոփոխություններ հնարավորինս քիչ ազդեցություն ունենան տնտեսության վրա, Պարսյանը ասաց․ «Սա կապված չէ մեր ներքին գործոնների հետ, սա կապված է ավելի շատ ռուս զբոսաշրջիկների հետ, ովքեր իրենց հետ դրսից դոլար են բերում մեծ քանակությամբ։ Երբ Ռուսաստանից եկող հոսքերը նվազեն, մենք ունենալու ենք դրամի փոխարժեքի թռիչքաձև աճ։ Սրա արդյունքում գները կարող են մեկ շաբաթվա ընթացում 20-30% աճել։ Մեր հույսը այն էր, որ Ռուսաստանից եկող հոսքերը ամբողջ տարվա ընթացքում կպահպանվեն, բայց ակնհայտ է, որ սա քիչ հավանական է, և մենք պետք է մեր տնտեսությանը տարբեր սցենարների նախապատրաստենք։ Ինչ տեղի կունենա, եթե այդ հոսքերը նվազեն կամ դադարեն։ Այս պահին Կենտրոնական բանկը նման երկարաժամկետ քաղաքականություն չունի, Կառավարությունը նույնպես, նրանք փորձում են իրավիճակային խնդիրներ լուծելով առաջ գնալ, չեն մտածում մեկ տարվա կտրվածքով կամ գոնե կես տարվա կտրվածքով։ Հիշեցնեմ, որ Կենտրոնական բանկը կանխատեսում էր այս տարի 5,5% գնաճ, ասեմ որ ունենք 7,7 և երևի թե ավելի կբարձրանա, իսկ Կառավարությունը փորձում է, չհիմնավորված բարձր թվեր հայտարարելով, դրական սպասումներ առաջացնել հանրության մոտ։ Հայտարարում են 7% տնտեսական աճի մասին, որի մասով որևէ հիմք չունեն և չեն էլ ներկայացրել»,- ասաց Սուրեն Պարսյանը։