Վերջին շրջանում ռուս-աբխազական հարաբերություններում նկատվում են լարվածության միտումներ, որոնք իրարամերժ գնահատականների են արժանանում։
Մասնավորապես աբխազական տելեգրամյան ընդդիմադիր ալիքներից մեկը դեռևս չստուգված մի փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ՌԴ-ն Աբխազիայի կառավարությանը տեղեկացրել է, որ կդադարեցնի բյուջետային աջակցությունը, քանի դեռ Սուխումը մի շարք բարեփոխումներ չի իրականացրել, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների համար չի վերացրել անշարժ գույքի գնման սահմանափակումները։ Փաստաթուղթը ենթադրաբար օգոստոսի 19-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հանդիպման արձանագրությունն է։
Բացի բյուջետային աջակցության դադարեցումից, փաստաթղթում ասվում է, որ նախագահ Բժանիան համաձայնել է մանրամասներ տրամադրել աբխազ այն պատգամավորների և ընդդիմադիր գործիչների մասին, որոնք «գործում են ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի և ռուս-աբխազական հարաբերությունների զարգացման»։ Ըստ փաստաթղթի՝ Մոսկվան ռուս պաշտոնյաներին առաջիկայում կհանձնարարի խզել կապերը վերջիններիս հետ՝ «ռուսական կողմի հանդեպ իրենց պարտավորությունների կատարման ոչ կառուցողական դիրքորոշման» պատճառով, և որ կքննարկվի նրանց Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը։
Հրապարակված փաստաթղթում նաև նշվում է, որ 2024-ի աշնանը և 2025-ի ձմռանը Աբխազիային ռուսական էլեկտրաէներգիան կմատակարարվի առևտրային դրույքաչափով՝ նախկինում սուբսիդավորվածի փոխարեն։
Հատկանշական է, որ անշարժ գույքի վաճառքի հարցը Ռուսաստանի և Աբխազիայի միջև վաղուցվա խնդիր է։ Այս տարվա սկզբին Աբխազիայի կառավարությունը ստիպված էր հրաժարվել օտարերկրացիներին բնակարանների վաճառքը թույլ տալու օրինագծից, երբ պարզվեց, որ կառավարությունը խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չունի օրինագիծն ընդունելու համար։ Այս խնդիրը, ինչպես նաև այլ հարցեր, այդ թվում Պիցունդայի պետական ամառանոցը Ռուսաստանին հանձնելը, Աբխազիայի և Ռուսաստանի հարաբերություններում խորացող ճեղքվածք են առաջացրել և բողոքի մեծ ցույցեր հարուցել Աբխազիայում:
Չնայած այն բանին, որ այս փաստաթուղթը ենթակա է ստուգման, այն ի հայտ եկավ ռուս-աբխազական վատթարացման պնդումների ֆոնին։ Նախքան սա՝ օգոստոսի 26-ին, ՌԴ նաախգահ Վլադիմիր Պուտինը չէր շնորահավորել Աբխազիայի միջազգային ճանաչման օրը, ինչը երկրում մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ ռուսամետ լրատվամիջոցները Բժանիայի հասցեին սկսել են քննադատական գրառումներ հրապարակել: Միևնույն ժամանակ Ռուսաստանը նաև անսպասելիորեն չեղարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 26-ին։
Հատկանշական է, որ մի շարք փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի իշխանությունների միջև առկա լարվածությունը ձևական բնույթ է կրում, իսկ իրականում դրա ներքո հիմք է նախապատրաստվում Աբխազիան, ինչպես նաև Հարավային Օսեթիան Վրաստանին վերադարձնելու համար։ Արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև այս հարցով գաղտնի բանակցություններ են ընթանում, համաձայն որոնց արևմտյան ինտեգրումից հրաժարվելու և դեպի Ռուսաստան կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձ կատարելու դեպքում ռուսական կողմը ինչ-որ տարբերակով՝ օրինակ ինքնավար հանրապետությունների կարգավիճակով կհամաձայնի Աբխազիան և Հարավային Օսեթիան վերադարձնել։
Փորձագետների համոզմամբ՝ նման սցենարը իրատեսական է, քանի որ ռուսական դեռ 2008 թվականին ճանաչել է Վրաստանից անջատված ինքնահռչակ այս հանրապետությունների անկախությունը, սակայն առ այսօր վերջիններիս չի ներառել իր կազմում՝ ի տարբերություն Ուկրաինայից գրաված տարածքների, որոնք հանրաքվեներով միացել են ՌԴ-ին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությունները նման սցենարն առնվազն չեն բացառում, ինչի մասին ամիսներ առաջ ակնարկեց նաև Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հայտարարելով, որ Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։
Վրաստանի քաղաքական կուսլիսներում՝ հատկապես արևմուտքի հետ հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին, այս հարցը ակտիվորեն քննարկվում է։ Մասնավորապես վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել, որը Աբխազիային և Հարավային Օսեթիային հատուկ կարգավիճակ կշնորհի՝ ճանապարհ բացելով դրանք Թբիլիսիի կառավարմանը վերադարձնելու համար։ Փորձագետները հենց այս իրողությամբ են պայմանավորում Վրաստանի իշխանությունների լավատեսությունը, ովքեր ամեն առիթով հայտարարում են, որ իրենք կվերադարձնեն երկրի օկուպացված տարածքները, սակայն բացառապես խաղաղ ճանապարհով, երբեմն էլ նշում, որ դա կանեն մինչև 2030 թվականը։
Թե որքանով են լրատվամիջոցներում և փորձագետների շրջանում տարածված այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը ցույց կտա ժամանակը, սակայն եթե առաջնորդվենք քաղաքական կուլիսներում շրջառվող այս պնդումներով, որոնք արևմուտքից հնչող սուր հայտարարությունների ֆոնին բավականին համոզիչ են թվում, ապա կարող ենք ենթադրել, որ Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև այս հարցով բանակցություններ իսկապես ընթացում են։ Դժվար է ասել, թե այս բանակցություններն ինչ արդյունք կտան դրանք, կամ Մոսկվան ինչ ձևաչափով է պատրաստ Աբխազիան և Հվ․ Օսեթիան վերադարձնել Վրաստանին՝ որոշակի ինքնավարություն և այլն, դեռևս հայտնի չէ, սակայն միանշանակ է, որ Վրաստանի իշխանություններն այս փուլում բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պրոակտիվ բանակցություններ են վարում, որոնց նպատակը ոչ թե սեփական իշխանության պահպանումն է, այլ պետության շահերի սպարկումը և այս գործընթացից առավելագույն օգուտներ քաղելը։
Վրաստանի քաղաքական իշխանություններն ըստ էության հասկացել են, որ տեսանելի ապագայում ո՛չ ԵՄ-ում, առավել ևս ո՛չ էլ ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Թբիլիսիին ընդունել, ուստի այժմ ձգտում են Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով վերջինիս առավելագույնը կորզել՝ խաղաղ ճանապարհով հասնելով Աբխազիայի և Հվ․ Օսեթիայի դեօկուպացմանը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ն, ապա ստեղծված իրավիճակը վերջինիս համար Վրաստանն իր ազդեցության գոտի վերադարձնելու բացառիկ հնարավորություն է ընձեռնել, որից վերջինս, կարծես թե, ձգտում է օգտվել։
Վրաստանի շուրջ ծավալվող այս զարգացումների հնարավոր հանգուցալուծումները մեծապես կախված են աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնց վրա կատարված խաղադրույքներն օրեցօր բարձրանում են, ինչն էլ կարող անկանխատեսելի արդյունքների հանգեցնել։