copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:59 20-08-2024

Ուզում են ձևավորել ապազգային, սեփական մշակույթից, արժեքներից կտրված հանրույթ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում օրերս տեղի է ունեցել Հայաստանի կառավարության և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց իրավական և հոգեբանական կարիքները» ընդհանուր խորագրի ներքո: Նաև նշենք, որ հանդիպման նախաձեռնողներից մեկը ամերիկյան հանրահայտ «Freedom House»-ն է եղել: Եղելությունն ինքնին արտաքուստ առանձնապես ուշագրավ չի թվում, և բնական է, որ լրահոսում էլ առանձնապես հետաքրքրություն չհարուցեց:

Այդուամենայնիվ, այդ հանդիպումն ինքնին ենթաշերտեր ունի, որին անդրադարձել է մասնավորապես «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «Միացյալ Նահանգները «փափուկ ուժի» միջոցով, իսկ դա ներառում է տասնյակ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՄԶԳ (USAID) և Սորոսի հիմնադրամի կողմից, ազդում են երկրի ներքաղաքական վիճակի վրա, ինչպես նաև աստիճանաբար փոխում են ավանդականազգային արժեքները, հանրության, առավելապես՝ երիտասարդության մենթալիտետը»:

Ալիքի դիտարկմամբ, զանազան ՀԿ-ներ ունեն իրենց գործունեության կոնկրետ ուղղությունները. նրանց մի մասն «աշխատում» է ընտանեկան արժեքների դեմ, և ֆեմինիստական տարբեր ծրագրերի ու թրեյնինգների «սոուսով» ցանկանում են ապացուցել, որ հայ կանանց իրավունքները ոտնահարվում են, իսկ փրկությունը արևմտյան արժեհամակարգին անցնելու և կենսակերպի մեջ է:

«Որոշ ՀԿ-ներ, որոնք, ըստ էության, Արևմուտքի (ԱՄՆ ու ԵՄ) ազդեցության գործակալի դերն են կատարում, քննադատում են Հայ առաքելական եկեղեցին և զբաղված են աղանդների շահերի պաշտպանությամբ (լոբբինգով) և գործնականում ձգտում են վարկաբեկել հայկական հասարակության կյանքում ՀԱԵ ունեցած դերը, արժեզրկել ազգային եկեղեցու՝ որպես ազգային ինքնության առանցքի բազմադարյա ժառանգությունն ու կարևորությունը՝ պետականության բացակայության պայմաններում ժողովրդի ինքնապահպանման ու լուսավորության միջուկը լինելու առումով»,-գրում են հեղինակները: Ըստ այդմ, վերը հիշատակված հանդիպումը տելեգրամյան ալիքը բնորոշում է որպես Հայաստանի տարածքում «լիբերալ-դեմոկրատական օրակարգ» մշակող ուժերի համակարգիչ խորհրդակցություն: «Նկատենք, որ սորոսական տասնյակ ՀԿ-ներ, «ստվերային ԿՀՎ-ի»՝ USAID-ի ընդհանուր վերահսկողության ներքո, ընդունակ են միավորել իրենց կողմնակիցների բավարար քանակություն՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու նպատակով»,-գրում է ալիքը:
Նաև հիշեցնում է, որ ժամանակին «Վետո» շարժումը «Սորոսի հիմնադրամի» դեմ ակցիաներ էր իրականացնում՝ նշելով, որ դա գործնականում պետություն է պետության մեջ:

Ի մի բերելով՝ ալիքը նշում է, որ USAID-ին, որպես ԱՄՆ ազդեցության գործիք, «յուրային» ՀԿ-ների միջոցով փորձում է ազդել Հայաստանում տիրող վիճակի վրա, ազատական օրակարգի լոբբինգ է անում, ինչպես նաև փորձում է վերափոխել հայկական մենթալությունը և ձևավորել նոր, արևմտամետ, ազատական, իր պատմական արմատներից կտրված հանրույթ, որը կլինի ապազգային և չի ներկայացնի իր երկրի ազգային շահերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում