«Ժողովրդի շրջանում որոշումը դժգոհության է արժանացել․ ոլորտը կաթվածահար են արել, մարդկանց հոգեկան ներաշխարն էլ խառնել են իրար»,- այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ե՛տ բերել Չարենցավանի անձնագրային բաժինը» ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար, համայնքապետարանին կից խորհրդակցական մարմնի անդամ Գևորգ Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին երկու ամիսներին՝ Չարենցավանի անձնագրային բաժանմունքի՝ Հրազդան տեղափոխվելուց հետո, ստեղծված իրավիճակին։
Մեր զրուցակիցը պատմում է, որ Չարենցավան խոշորացված համայնքում, որն ունի 40․000 բնակչություն, գործում էր Անձնագրային բաժին, որն ուներ երկու աշխատակից։ Բաժինը, սակայն, երկու ամիս առաջ փակվել է, իսկ երկու աշխատակիցները տեղափոխվել են Հրազդան, ինչի պատճառն էլ հանդիսացել է հունվարի 12-ի՝ Չարենցավանի Անձնագրայինը Հրազդանինին միացնելու որոշումը։
«Չարենցավանցին ստիպված նստում է տրանսպորտ, տանջանքով հասնում է տեղ, հարյուրավոր անձանց հետ հերթեր կանգնում։ Քանիցս գնալ-գալուց հետո մի կերպ ստացվում է որևէ գործարք անել։ Մենք էլ փորձեցինք հարցին հասարակական հնչեղություն տալ, պահանջել լուծումներ․ չարենցավանցիներով 10-հոգանոց նախաձեռնող խումբ ստեղծեցինք, 8500 ստորագրություն հավաքեցինք՝ վարչապետին ուղղված, որով պահանջեցինք հարցի կարգավորում»։
Հարցին՝ արդյոք մինչև մարզպետարան հասնելը համայնքում տեղյակ եղե՞լ են իրենց խնդրից, ակցիայի կազմակերպիչը նշեց․
«Մեկ ամիս առաջ էր՝ համայնքապետարանը ուղերձ էր հղել մարզպետին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ պահանջելով հետ բերել Անձնագրայինը։ Մարզպետարանում էլ են հասկացել, որ վիճակն այսպես մնալ չի կարող։ Այսօրվա ակցիայից հետո էլ մարզպետը պատրաստակամ ընդունեց։
Մինչ մարզպետարան հասնելն էլ Հրազդանի Անձնագրային բաժանմունք էինք այցելել, այնտեղ բողոքի ակցիա իրականացրինք, փորձեցինք ճանապարհը փակել 5 րոպեով։ Սակայն եկան ոստիկանները, չթողեցին, որոշակիորեն խոչընդոտեցին։ Ճանապարհից դուրս հանեցին, իսկ մայթի վրա մեր երգիչ ընկերներից մեկին, որն իր գրած երգն էր ուզում կատարել՝ նվիրված Վահե Ղազարյանին, բերման ենթարկեցին․ երկու ժամ անց բաց թողեցին՝ ինչ-որ արձանագրություն կազմած»։
Հակոբյանի խոսքով՝ մարզպետն էլ է ուզում խնդրի լուծումներ գտնել։
«Իրենք, երևի, զգացել են, որ շատ սխալ բան են արել։ Հիմա ուզում են սխալը շտկել։ Եթե օպտիմալացման գաղափարի տակ չկա որևէ լուրջ տեխնիկա՝ կապված առաջիկա ընտրությունների հետ, նշանակում է՝ հիմարություն են արել, ընկել են կրակը։ Չի կարելի այդքան բնակչություն ունեցող մի քանի համայնքի համար միայն մի տեղ թողնել․ օրական 200 անձ մտնում է էդտեղ, բայց կարողանում են սպասարկել միայն 50-ին։ Մեր աչքի դիմաց էլ այսօր մեկը վատացավ մարդկանց հոծ քանակից, շտապ օգնություն կանչեցինք»։
Oragir.News-ը զրուցեց նաև Չարենցավանի համայնքապետարանի մամուլի խոսնակի հետ, որը, սակայն, լսելով խնդրի մասին, ասաց․
«Դուք զանգել եք Չարենցավանի համայնքապետարան։ Մարզպետարանը գտնվում է Հրազդանում, ես ի՞նչ կապ ունեմ այդ համատեքստում։ Ես ո՛չ տեղյակ եմ, ո՛չ կարող եմ որևէ մեկնաբանություն տալ»։
Խնդրի շուրջ զրուցեցինք նաև Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի մամուլի պատասխանատու Ինգա Հայրիյանի հետ, որը մեզ փոխանցեց․
«Ուզում եմ տեղեկացնել, որ Կոտայքի մարզպետ պարոն Սահակյանը ընդունել, լսել է ակցիայի մասնակիցներին, նրանց կողմից բարձրաձայնված հարցը»։
Հարցին՝ բերման ենթարկված քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ ինչ գնահատական ունի մարզպետը, մամուլի պատասխանատուն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։