Այսօր՝ Հայաստանի ժամանակով ժամը 18։15-ին, Վաշինգտոնում կկայանա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Հատկանշական է, որ տևական դադարից հետո Ադրբեջանը կրկին համաձայնել է մասնակցել ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպմանը, ինչը, շատ փորձագետների համոզմամբ, վկայում է այն մասին, որ Բաքուն վերադարձել է արևմտյան հարթակ։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը շեշտեց, որ Ադրբեջանն արդյունավետ կերպով աշխատում է բոլոր հարթակներում և կարծես թե դրանցից կորզում է առավելագույնը, հատկապես Հայաստանի վարած անմարմին, հանձնվողական և անհեռանկար պարտվողական քաղաքականության պարագայում։ Նա նշեց, որ այս հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չի կարող ունենալ։
/Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ/«Այս հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք, բնականաբար, չեմ կարող ունենալ։ Առհասարակ 1991 թվականից ի վեր, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ի սկզբանե որդեգրած քաղաքական ուղեգիծը չէր կարող մեզ ռազմավարական բնույթի հաջողություններ բերել, որովհետև հենց ամենասկզբից ուրացվում էին մի շարք հիմնարար հանգամանքներ։
Միակ երկրորդական ակնկալիքն այս հանդիպումից կարող է այն լինել, որ թերևս կհաջողվի որոշակի հորդորների միջոցով Ադրբեջանին համոզել, որ Հայաստանի վրա կրկին հարձակվելու ու նոր տարածքներ գրավելու հարմարագույն հնարավորությունների պատուհանը դեռևս առկա չէ»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ են իրականության համապատասխանում այն պնդումները, որ արևմուտքն Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ է գործադրում, որպեսզի վերջինս Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի՝ Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց, որ իր կարծքով առկա են որոշ հորդորներ։ Ըստ նրա՝ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարեր այլ՝ ավելի կողմնորոշված ու համարձակ արտաքին քաղաքականություն, հատկապես ՌԴ-ից հեռանալու ուղղությամբ, որն, իր բնորոշմամբ մեր երկրի բացահայտ ռազմավարական թշնամին է, ապա ոչ վճռորոշ չափով, սակայն այնուամենայնիվ Ադրբեջանի հարձակողական նկրտումներին արևմտյան հակազդեցությունը կլիներ շատ ավելի ընդգծված․
«Բայց այս իրավիճակում, երբ Հայաստանը շարունակում է կառչել Ռուսաստանի փեշերից՝ ի հեճուկս այն բոլոր հավաստիացումների, որոնք պայմանական ՔՊ-ական եվրոպամետները, կամ ՔՊ-ամերձ եվրոպամետները սիրում են հայտարարել, ճնշումների մասին ավելորդ է խոսել, ավելի շուտ հորդորներ կարող են լինել։
Մենք նաև պետք է հասկանանք, որ ներկայիս վարչակազմն իր իշխանության վերջին ամիսներն է վայելում, և, ժողովրդական լեզվով ասած, ամերիկյան վերնախավերի գլուխը խիստ խառն է գալիք ընտրությունների հեռանկարով, իսկ եթե ԱՄՆ-ում Աստված մի արասցե հաղթի Դոնալդ Թրամփը, ապա ես չեմ պնդում, որ անպայման այդպես է լինելու, բայց շատ մեծ հավանականություն կա, որ վերջինս ամերիկյան քաղաքականության իր պատկերացումների շրջանակում հետխորհրդային տարածության մի շարք հատվածներ կրկին լռելյայն կճանաչի Ռուսաստանի աշխարհաքաղաքական գերակայության գոտի, ինչի հետևանքով մենք կարող ենք շատ ավելի վատ իրավիճակում հայտնվել։
Ընդ որում, եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշի ձեռք քաշել Հայաստանի պաշտպանության իրենց որոշակիորոն՝ խիստ մասնավոր կերպով ստանձնած պարտավորություններից, ապա Թուրքիան արդեն այնքան հզոր է, իսկ Ռուսաստանն այնքան թուլացած է, որ բացառված չէ, որ Հայաստանը պարզապես կանցնի Թուրքիայի վերահսկողության ներքո»։
Ալեքսանդր Քանանյանը կարծում է՝ ըստ էության դրա հետևանքով շատ բան չի փոխվելու, որովհետև այսօր 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած մեր երկիրը գտնվում է տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ վերահսկողության փոխանցման պատմական շրջանում։ Նա հավելեց, որ այդ փոխանցում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Թուրքիա և Ադրբեջան դաշինքի տիրույթում։
Դավիթ Գույումջյան