Ներքին 2 տարի առաջ - 23:00 20-06-2024

ՀՅԴ-ականների գաղտնալսումներն ապօրինի են. դրանք կատարվել են առանց դատարանի որոշման. փաստաբան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին օրերին իշխանամետ լրատվամիջոցներում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնք, ՀՅԴ-ի պնդմամբ, նպատակ ունեն արատավորել վերջինիս բարի համբավը, ինչպես նաև պառակտել ընդդիմադիր դաշտն ու շարժման շարքերը։

Իշխանամետ լրատվամիջոցների կողմից տարածված ձայնագրությունները վերահրապարակվում են նաև Հանրային հեռուստաընկերության եթերում, որի միջոցով դրանք հանրության շրջանում լայն տարածում գտնում, թեև հստակ չէ՝ դրանք իրակա՞ն են, թե՞ կեղծված։

Նման ձայնագրությունների տարածումը բազմաթիվ իրավաբաններ ու իրավապաշտաններ ապօրինի են համարում՝ պնդելով, որ եթե անգամ այդ ձայնագրություններն իրական են, ապա միևնույնն է դրանք ապօրինի են, քանի որ մարդուն կարելի է գաղտնալսել բացառապես դատարանի որոշման առկայության դեպքում։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը համաձայնեց մեր դիտարկման հետ, որ առանց դատարանի թույլտվության մարդուն չի կարելի գաղտնասել։ Նա միևնույն ժամանակ ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք հեռախոսային խոսակցություններ են, որոնցում առկա են նաև մարդկանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, ապա ակնհայտ է, որ տեղի է ունեցել գաղտնալսում։

«Գաղտնալսումն առանց դատարանի որոշման չի կարող իրականացվել, ուստի գաղտնալսողը հանցագործություն է կատարել»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե առանց գործող իշխանությունների և մասնավորապես ուժային կառույցների աջակցության հնարավո՞ր էր նման գաղտնալսում իրականացնել՝ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Ես նման դեպք չեմ լսել, երբեք չեմ լսել, որ որևէ այլ անձ կարողանար գաղտնալսում իրականացներ։ Գուցե հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ տեխնիկապես դա կարողանան անել, բայց ես այդպիսի դեպքերի մասին տեղյակ չեմ»։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե, իր համոզմամբ, Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից հետո այս դրվագներով քրեական գործեր կարո՞ղ են հարուցվել։ Ի պատասխան՝ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ իշխանափոխությունից գործող իշխանությունների կատարած բոլոր արարքներին պետք է գնահատական տրվի.

«Ինչ վերաբերում է կոնկրետ այդ ձայնագրություններին, ապա համոզված եմ, որ դրանք հենց գործող իշխանությունների կողմից իրականացված գաղտնալսումներ են։ Ես գիտեմ ուժային կառույցների, որոնք ունեն համապատասխան տեխնիկական հնարավորությունները, որպեսզի նման գաղտնալսումներ կատարեին»։

Արսեն Բաբայանը հավելեց՝ հիմնավոր կասկածներ ունի, որ այդ գաղտնալսումներն իրականացվել են առանց դատարանի թույլտվության։ Ըստ նրա՝ քանի որ դրանք քրեական դատավարության օրենսգրքի կանոններով այդ ձայնագրությունները չեն կարող օգտագործվել, իշխանամետ լրատվամիջոցների միջոցով տարածվում են և ներկայացվում հանրությանը։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի