Երևան +17°
copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 18:35 18-06-2024

Պատերազմի վտանգով ահաբեկելով՝ իշխանությունն ու ընդդիմությունը սեփական խնդիրներն են լուծում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների ֆոնին երկրում յուրօրինակ մի իրավիճակ է ստեղծվել, երբ թե՛ գործող իշխանությունը, թե՛ վերջինիս դեմ պայքարող ընդդիմությունը միմյանց մեղադրում են պատերազմ սանձազերծելու մտադրություն ունենալու մեջ։ Մասնավորապես իշխանությունները վստահեցնում են, որ սահմանազատման գործընթացի այլընտրանքը պատերազմն է, նրանց պնդմամբ պատերազմ կլինի նաև, եթե երկրում իշխանափոխություն լինի, ընդդիմությունն էլ կարծում է, որ պատերազմն իսկապես անխուսափելի է, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։

Oragir.News-ի զրույցում ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում շատ սուր ներքաղաքական պայքար է ընթանում, որը երկրորդ պլան է մղում առկա արտաքին քաղաքական մարտահրավերները։ Նա շեշտում է՝ պատերազմը դեռևս չի ավարտվել, այն մի փոքր սառը վիճակում է, սակայն ցանկացած պահի կարող է տաքանալ։

«Պարզապես մենք սրա մեջ ենք, և դա մեզ համար սովորական է դարձել։ Պատկերացրեք օրինակ պորտուգալացին, որը չգիտի պատերազմն ու պատերազմի սպառնալիքն ինչ է, իրական խաղաղությունը հենց դա է, իսկ մեր դեպքում սա դեռևս ընթացող պատերազմ է, որտեղ այս պահին դեռևս չեն կրակում»,- ասաց նա։

Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ ընթացող պատերազմի պայմաններում ընդդիմությունն ու իշխանությունը մահացու կռիվ են սկսել, ու բոլորովին այլ հարց է, թե նրանից ով է ճիշտ և սխալ։ Նա նկատում է, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, պատերազմի վտանգով ահաբեկելով, իրենց խնդիրներն են լուծում․ «Սխալ մոտեցում է, երբ մեկը մյուսին ասում է՝ դուք պատերազմ եք բերում, որովհետև պատերազմը միևնույնն է կա, ու որ պահին Ալիևը ցանկանա, կուժեղացնի ճնշումը»։

Փորձագետի պնդմամբ՝ գործող իշխանությունների անատամ, ազգային արժեքներից հրաժարվելու մշտական քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանի նկատմամբ հավակնություններն ու ագրեսիայի դիմելու հարցում թշնամու ախորժակը միայն մեծանում է։ Նա այս համատեքստում խստորեն քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի վերաբերյալ այսօր հնչեցրած հայտարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները մեծ հաճույքով այդ հայտարարությունը ցիտում են, ծաղրում, որ հայ մարդը՝ Հայաստանի ղեկավարը, խաչքարերի ցեղասպանություն է անում։

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ թշնամին կարող էր նման հեգնանքով խոսել հայկական խաչքարերի մասին, որոնք մշտապես փորձել է ոչնչացնել, բայց ամբողջովին չի կարողացել։ «Մենք Արցախի կորստից հետո այնքան ենք ցավ զգացել, որ այս փոքր ցավերն այլևս չենք զգում։ Օրինակ, երբ 2040 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ 2021-2022 թվականների ելույթները լսենք, մեզ շատ վատ ենք զգալու, ամաչելու ենք դրանց համար»,- նշեց նա՝ մտահոգություն հայտնելով, որ նման հայտարարություններ հնչեցնող գործիչը Հայաստանի պետական քաղաքականությունն է որոշում։

Հակոբյանը նկատում է, որ իշխանություններն այսօր պետությունը չեն հզորացնում, 6 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 6 մլրդ դոլարով, վստահ է նաև, որ առաջիկա մեկ տարում այդ պարտքը ևս 1 մլրդ դոլարով ավելանալու է, սակայն վերջիններս դրան զուգահեռ խոսում են տնտեսական աճի մասին։ Նրա խոսքով՝ արտաքին պարտք ներգրավելով հնարավոր է որոշակի տնտեսական ակիտվության ցուցանիշ ապահովել, նոր ավտոբուսներ գնել, սրճարաններ բացել և այն, սակայն իրականում տնտեսությունը ողբալի վիճակում է գտնվում․

«Բոլոր ոլորտներում ողբալի վիճակ է․ տնտեսությունը ողբալի վիճակում է, անվտանգությունը ողբալի վիճակում է, բանակում՝ անհայտ վիճակ է, կառավարական խառնաշփոթը գնալով խորանում է։ Ինքս իրավաբանական գրասենյակի ղեկավար եմ և աշխատում եմ պետական մարմինների հետ, կարող եմ ասել, որ պետական համակարգն օր օրի դեգրադացվում է, սա միայն իմ կարծիքը չէ, բազմաթիվ մասնագետներ կիսում են այս տեսակետը»։

Մեր զրուցակիցը շեշտում է, որ երբ առկա կառավարման ճգնաժամ, մարդիկ սկսում են վատ ապրել, երկրում այլևս ապագա չեն տեսնում, ու այս իրավիճակում ավելորդ է խոսել Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սպառնալիքի մասին։

«Այս վիճակում ուղղակի մեր բախտը բերել է, որ միջազգային ուժերի հարաբերակցությունն այնպիսինն է, որ մեզ դեռևս չեն հարվածում։ Կրկնում եմ՝ գաղտնիքը 2021 թվականի մեջ է․ երբ 2021-ին Արցախը կորցրած իշխանությունը եկավ և վերընտրվեց, վերջինիս թվաց, թե կարող է ամեն ինչ անել։

Փաշինյանը հիմա էլ, նպատակ ունենալով իշխանությունը պահել, այդ մարմաջին հագուրդ տալ, փոխանակ պետության շահերից բխող ոչ պոպուլյար քայլեր ձեռնարկի, միանում է փոքր մարդուն, անում է այնպիսի քայլեր, որոնք պետությանը վնասում են, բայց փոքր մարդը կարող է ծափ տա ու ընդունել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ պետության ղեկավարը միանում է ամբոխին և ազգային արժեքներն է ոտնահարում, որպեսզի այդ ամբոխի աջակցությունը չկորցնի։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Մհեր Հակոբյանը նշեց՝ ընդդիմությունը հանրության համար հասկանալի օրակարգեր չի գեներացնում, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ միանան իր նախաձեռնած պայքարին։ Նա կարծում է, որ ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի հատկապես սոցիալական խնդիրներին՝ հարկերի ու տուգանքների բարձրացմանը, ասֆալտապատմանը, թոշակներից և այլն, որոնք այս պահին մտահոգում են հանրության լայն շերտերին։

Մհեր Հակոբյանը հավելում է՝ պատերազմի վտանգը միշտ էլ կա, պարզապես որքան Հայաստանը թույլ վիճակում լինի, այնքան այդ վտանգը մեծանալու է։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
12:09 Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի
10:28 Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2115»-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի