copy image url
Մշակույթ 1 շաբաթ առաջ - 22:15 17-06-2024

«Ծերությունիցդ» ջահելություն ես սարքել և մեզ ձեռ ես առնում․ Պարույր Սևակի և Գուրգեն Մահարու ընկերությունը

1969 թվականի հունիսի 17-ին Գուրգեն Մահարին կնքեց իր մահկանացուն, երկու տարի անց, նույն օրը, չարաբաստիկ ավտովթարից վախճանվեց Պարույր Սեւակը...

Չնայած ժամանակաշրջանի վայրիվերումներին, ինչն իր հետեւանքը թողեց երկու հանճարի նվիրական բարեկամության վրա, սակայն սրտալի նամակներն ու հիշողությունները փաստում են, որ այս ընկերությունը եղել է ջերմ ու նվիրական։

1958-ի ապրիլին էր: Հունիսին Մահարին բուժվում էր մոսկովյան հիվանդանոցում: Նրա մշտական կիրակնօրյա այցելուներից էր Սեւակը: Ծաղիկներով…

Մեկ տարի անց Մահարին ողջունեց Սեւակի նոր պոեմը. «Լույս տեսավ «Անլռելի զանգակատունը» մեծ պոեմը Կոմիտասի մասին: Մեծ գործ է, մեծ աղմուկ: Նոր պոետ: Չի կարելի չուրախանալ»։ Պոեմը նա համարեց ««հայ ժողովրդի 31 եւ ավելի բարբառների կենդանի ժխորի» (Հովհ. Թումանյան) հանդուգն եւ աննախընթաց սինթեզի մի նոր, թարմ, ինքնատիպ եւ կենսունակ նմուշ…»: Պոեմի քննարկման երեկոյին նա կարդաց Սեւակին նվիրված իր մի բանաստեղծությունը:

Հարաբերությունները սերտացան: Սեւակը «ջերմ ու արժեքավոր» ելույթ ունեցավ Մահարու «Հնձանների» քննարկման ժամանակ:

Ամառները Մահարին բացակայում էր Երեւանից: Նամակային անկաշկանդ հիշատակումները նույնպես վկայություն էին բացառիկ մտերմության:

«Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜.

Երեւի մտածում ես, որ ինձնից էլ «բան դուրս չեկավ»:

Մեղավորը ես չեմ, այլ… պարագաները:

Նամակներդ երկա՜ր սպասել էին ինձ — գյուղում էի:

Հիմա Լենինգրադն ենք: Իր յուրահատուկ եղանակով: Բոլորը դրսումն են: Ես` անկողնումս: Բայց — ավա՜ղ. ոչ թե «ման գալ»-ուց հետո, այլ պարզապես մրսած-հիվանդ եմ:

Սպասում եմ արեւի եւ առողջության:

Հին հարցերիդ պատասխանեմ:

Երեւանում ուշադրության արժանի ոչ մի բան չկա(ր):

«Հոդվածիկդ» վաղուց տպված է:

Գիրքս, քո ստորագրությունից հետո էլ, չտպեցին — հետաձգեցին 62-ին:

Նույնը` Համոյի հետ:

Ինչու` չհասկացանք:

Նաիրու հոբելյանը անցավ սառն ու պաշտոնական:

Սեւունցի հոբելյանին, разумеется, չկայի…

Քո հոբելյանը կլինի շուտով եւ… սրտառուչ բառերի փնտրտուք չի լինի…

Իմ հոբելյանը… երկրորդ օրն է, ինչ նշում եմ իմ հոբելյանը` պառկած մահճակալիս մեջ եւ ոչ թե վրա (ճիշտը` «…ին» — «մահճակալին) :

Ընկերս նաեւ N (համար)ակիցս, նախկին մրցանակակիր եւ այժմյան բեղակիր Գեւորգ Էմինը (նույն ինքը Գէորգ Եմին), ինձ մենակ թողած` ի՞նչ է տալիս, ի՞նչ է առնում` չգիտեմ: Բայց կարեւորն է այն, որ մեր երկկողմյան համաձայնությամբ, մի քանի օր հետո, երբ մենակ մնանք, այսինքն ճամբա գցենք մեր արյունա-գրչա-հյուրանոցակիցներին, կջանանք շատ բան տալ եւ համապատասխան բան առնել…

Եվ, հավանաբար, մեկ անգամ էլ անհանգստացնենք քեզ մեր ծուռտիկ-մուռտիկ ձեռագրով:

Որ «ծերությունիցդ» ջահելություն ես սարքել եւ մեզ ձեռ ես առնում — շատ լավ ես անում:

Որ մենք նույնը հիմա չենք կարողանում անել — չհասկացա՜……

Հա, մոռացա նշել, թե ովքեր ենք եկել: Նաիրին, Գեղամը, Էդուարդը, Էմինը, Համոն, Սիլվան, Մարոն, Գրիշան, Հրաչիկը, Դարբնին, Հակոբը, Վերան (քոնը` Զվյագինցեւան) [6], Իրինա Սնեգովան, Գրաշին եւ, եւ… ես, եւ… երաժիշտներ — 5-6 հոգի:

Ամսույս 28-ին վերջանում է մեր պաշտոնական կյանքը:

Բոլորը, կարծեմ, մեկնելու են:

Իմ ու Գեւորգի միտքը «խարաբ է»:

Այդ «խարաբության» ժամանակ էլ կհիշենք ու կգրենք քեզ:

Հասցեդ փոխված լինի`

նամակներս ետ կստանանք:

Քեզ գրկելուց ու համբուրելուց առաջ սպասում եմ անառակ Գեւորգին, որ մի քանի խոսք էլ ինքը ավելացնի:

Բայց մինչեւ նրա գալը էլի՛ գրկում ու համբուրում եմ քեզ,

սիրելի,

սիրելի,

սիրելի

Գ. Խան I.

Քո` Պարույր II

(չմոռանալով Պարույր I Սկայորդուն »:
adv_banner

Ամենից շատ դիտված

13:42 Գրո՞հ, թե՞ փոթորիկ «Զվարթնոցում». ինչո՞ւ էին երեկ ինքնաթիռները մնացել օդում
08:30 Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն. Հրապարակ
22:11 Սյունիքում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
23:31 Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com
23:20 ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները
14:15 Փաշինյանի հետևից. Գոհ եմ Փաշինյանից, ձրի ապրում ենք, կոմունալի փող չենք մուծում. սահմանամերձ Ճակատենի բնակիչ
22:06 Փաշինյանի հետևից. Թուրքերը 6 ամիս առաջ «Կամազը» կանգնեցրին, 2 զինվոր տարան, վերջերս են բաց թողել. Շիկահողի բնակիչ
14:42 ՔՊ-ի թեկնածուի ղեկավար դառնալուց 20 օր անց Փարաքարի նախկին համայնքապետը կալանավորվեց
22:30 Նոր Սահմանադրության ոդիսականը․ քանի՞ անգամ է Փաշինյանը ցանկացել փոխել ՀՀ մայր օրենքը