Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում բազմիցս է հանդես եկել այնպիսի հայտարարություններով, որոնք հերքվել են հենց իր կողմից հնչեցված այլ հայտարարություններով։
Նախօրեին Ազգային-ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դեռևս 2018 թվականին պետք է ասեր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և դա իր ամենամեծ սխալն ու ձախողումն է։
Նրա խոսքով՝ 2018-ին ճիշտը կլիներ այն, որ ինքն ընդուներ դա և գար ու դռնփակ ռեժիմով ասեր՝ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ այն պետք է լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29․743 քկմ-ն։ «Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,- նշեց նա։
Հատկանշական է, որ այժմ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից երեքուկես տարի անց, երբ թշնամին ամբողջովին բռնազավթել է Արցախը, տեղի ավելի քան 150 հազար մեր հայրենակիցները էթնիկ զտման են ենթարկվել, նույն 44-օրյա պատերազմում հազարավոր զինծառայողներ են զոհվել և հաշմանդամ դարձել, Հայաստանի վարչապետը պնդում է, որ Արցախի հանձնումն այլընտրանք չուներ։
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը չհամաձայնեց այն դադարեցնել, թեկուզ Արցախին հարակից 7 շրջանները թշնամուն հանձնելու գնով, իսկ նման հնարավորության առկայության մասին Փաշինյանն անձամբ է խոստովանել, ընդ որում՝ մի քանի անգամ։ Եթե իսկապես Արցախի շուրջ իրավիճակը հասել էր անդառնալի կետի, իսկ պատերազմի ելքն անխուսափելի էր (այս պնդումների հետ կտրականապես համաձայն չենք-խմբ․), ապա պետական գործիչը նման իրավիճակում պետք է առաջնորդվեր ոչ թե սեփական վարկանիշը չվնասելու ցանկությամբ, այլ պետական շահի սպասարկմամբ և հազարավոր երիտասարդների կյանքերը փրկելու անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի օրերին 44 օր շարունակ իշխանական քարոզչությունը հայ հանրության վստահեցնում էր, որ ռազմաճակատում իրավիճակը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո և շուտով կլսենք բաղձալի հաղթանակի լուրը, հերքում տարածքային կորուստեների մասին բոլոր լուրերը, ինչպես նաև լռեցնում ցանկացած մեկին, ով ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին հանրությանը տեղեկություններ էր փորձում ներկայացնել։
Ավելին՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ նույն օրը, երբ իրականացվում էր Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու օպերացիան, որի հետևանքով կոտրվեց բանակի ողնաշարը, Փաշինյանը ֆեյսբուքում սենսացիոն գրառում կատարեց՝ պնդելելով, որ ահազանգ է ստացել, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»,- գրել էր Փաշինյանը՝ նման տեղեկություններ ունեցող անձանց հորդորելով դիմել իրավապահներին և վստահեցնելով, որ հաղթանակը հայկական կողմինն է լինելու:
Այսպիսով՝ դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություննից, ստացվում է, որ վերջինս կա՛մ հիմա է ստում՝ նպատակ ունենելով կրկին մանիպուլացնել հասարակությանը, շեղել մարդկանց ուշադրությունը երկրում ծավալվող գործընթացներից, կա՛մ ստել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ պատերազմի աղետալի ելքը դարձնելով անխուսափելի և զոհելով հազարավոր երիտասարդների, ինչպես Աննա Հակոբյանն էր մի առիթով հայտարարել՝ հանուն ոչնչի։
Բացի այդ, հերթական անգամ ականատես ենք լինում, որ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունը հակասում է մյուսին և ստեղծված իրավիճակում չափազանց դժվար է պարզել, թե նրա որ պնդումն է իրականությանն ավելի մոտ, և որը՝ հակառակը։ Այս իրավիճակում մի դեպքում Նիկոլ Փաշինյանի արարքը պետական դավաճանություն է, մյուս դեպքում՝ քաղաքական անմեղսունակություն դրսևորում, որը պետության համար ունեցավ և շարունակում է ունենալ աղետալի հետևանքներ։