ՔՊ վարչությունից ո՞վ կլինի կաթողիկոսի թեկնածու
copy image url

ՔՊ վարչությունից ո՞վ կլինի կաթողիկոսի թեկնածու

Միտք Ներքին 17 ժամ առաջ - 09:05 10-06-2025
Անգլիայում ու որոշ եվրոպական որոշ երկրներում թագավորի մահվան ու նոր թագավորի գահակալման մասին հայտարարում են միաժամանակ՝ «Թագավորը մեռավ, կեցցե՜ թագավորը»։ Սա արվում է այն համոզմամբ, որ պետությունը չի կարող որբ մնալ ոչ մի րոպե։ Այս անընդհատությունը կարևոր է։ Մարդիկ համոզված են, որ երբ թեկուզ կարճ ժամանակով երկիրը զրկվում է անկախությունից, ազգային իշխանությունից, գահը մնում է թափուր, ապա շատ վատ բաներ են տեղի ունենում ազգի, ժողովրդի հետ։ Մարդիկ հավատում են, որ պետությունն Աստծո նվերն է, հետևապես՝ ի սեր Աստծո՝ գահը չի կարելի է թափուր թողնել ոչ մի րոպե։

Այս տրամաբանությունը կա նաև հանրապետական կարգում։ Օրիակ՝ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության ժամանակ պահանջվում է ներկայացնել վարչապետի նոր թեկնածուի անունը։ Այսինքն՝ երբ ԱԺ-ն գործող վարչապետին անվստահություն է հայտնում, ապա հանրությանը միանգամից հայտնի է դառնում, թե ով է նրան փոխարինելու։

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»,- հունիսի 9-ին գրել է Նիոլ Փաշինյանը։

Պատկերավոր ասած՝ Փաշինյանը կաթողիկոսին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Եթե վարչապետի իմպիչմենտի դեպքում պահանջվում է վարչապետի թեկնածու, այս դեպքում ևս կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնության հեղինակը պետք է թեկնածու առաջադրի։ Այսինքն՝ վեհարանն ազատելու պահանջին զուգահեռ պետք է առաջադրեն նաև կաթողիկոսի թեկանածու։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի սրտի կաթողիկոսը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,- շարունակել է գրել Փաշինյանը։

Կաթողիկոսի գահը ոչ մի րոպե չի կարող թափուր մնալ։ Չի կարելի է տապալել գործող կաթողիկոսին, հետո համախմբվել «որևէ իրապես սրբազան հոգևորակաի» շուրջ։ Վարչապետը «որևէ իրապես սրբազան հոգևորականի» անունը պետք է հրապարակեր այս գրառմանը զուգահեռ։ Հակառակ պարագայում վեհարանն ազատելու պահանջը վտանգավոր արկածախնդրություն է, որի հետևից ոչ ոք չի գնա։

Այնպես որ՝ Փաշինյանը կա՛մ պետք է դադարեցնի եկեղեցու ու կաթողիկոսի դեմ արշավը, կա՛մ կաթողիկոսին իմպիչմենտ հայտնելուն զուգահեռ առաջադրի «որեւէ իրապես սրբազան հոգեւորականի» թեկնածությունը։ Եթե նա առաջադրի «որեւէ իրապես սրբազան հոգեւորականին» կաթողիկոսի թեկնածու, ապա թեման կմտնի կառուցողական դաշտ։ Թեկնածուն Հ1-ով հանդես կգա եկեղեցիները բարեկարգելու, հավատացյալներին առնչվող սոցիալական, հոգևոր, մշակութային ծրագրերով։ Առանցքում կլինի ապաչուլանացման գործընթացը։ Վանքերը տուրիստների համար գրավիչ վայրեր դարձնելու հարցում նրան հրապարակավ աջակցություն կհայտնեն ՔՊ-ի սրտի օլիգարխները։ Փաշինյանը կարող է մարդկանց հավաքել հրապարակում, ինչպես 2018-ին, այդ հավաքները կարող է օրհնել կաթողիկոսի իրենց թեկնածուն ու ամիբիոնից գոռալ՝ «Կա՛մ ես կլինեմ կաթողիկոս, կա՛մ կաթողիկոս չեք ունենալու»։

Կարճ ասած՝ քանի դեռ Փաշինյանը չի առաջադրել իր սրտի թեկնածուին, վեհարանն ազատելու գործընթացն առաջ չի գնա։ Թեկնածուի շուրջ կարող են միավորվել հոգևորականների մի մասը և խնդիրը կլուծվի ներսում, առանց դեպի Էջմիածին խաչակրաց արշավանքի։ Իսկ եթե «որեւէ իրապես սրբազան հոգեւորական» չուզենա մասնակցել կաթողիկոսի իմպիչմենտի գործընթացին, ապա ՔՊ վարչության անդամներից մեկը ստիպված պիտի հրաժեշտ տա աշխարհիկ կյանքին, հոգևորական օծվի, հետո եպիսկոպոս ու ներկայացվի որպես թեկնածու։ Եթե մեկից ավելի ցանկացողներ լինեն, ապա կարող են փրայմերիզ անցկացնել, հարցմամբ որոշել, թե ժողովուրդը ՔՊ վարչության անդամներից ո՞ւմ է տեսնում կաթողիկոսի թեկնածու։

Թաթուլ Մկրտչյան