Այսօր ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ոստիկանը Բաղրամյան պողոտայում ծառայությունն իրականացնում էր անհայտ առարկայով, որն, ըստ երևույթի՝ նման է նիզակի։
«Եթե միջնադարից լիներ այս նկարը, կասեի, որ անգլիական բիլ է՝ կեռով նիզակ, որի նպատակը ճակատամարտի ժամանակ հակառակորդի ձիավորներին ձիերից քաշել ու գետնին տապալելն էր։
Եթե ծովի կոնտեքստում քննարկվեր այս նկարը, ապա կասեի, որ սա նավային կարթաձող է, որով նավերն ու նավակներ են քաշում։ Բայց Հայաստանում նավատորմեր չկան, իսկ ծովամարտի նմանվող իրադարձություն վերջին անգամ 921 թվականին է եղել։ Ուրեմն դա էլ չի...
Ու քանի որ այսօրվա Հայաստանում ծովամարտերն այլևս ակտուալ չեն, ինչպես նաև ակտուալ չեն հեծելազորով հարձակվող ցուցարարները, ապա մեր ժամանակի ու տարածության կոնտեքստում միայն 1 տարբերակ է մնում. ոստիկանի ձեռքում սովորական հրշեջ կարթաձող է (багор пожарный), որը նախատեսված է հրդեհների ժամանակ թեթև փլվածքները քանդելու համար և հաստատ ոչ մարդկանց դեմ կիրառելու։
Նույն հաջողությամբ սույն ոստիկանը կարող էր, ասենք՝ եղան կամ կացին վերցնել հրշեջ վահանակից։
Ուզում եմ հասկանալ, թե ո՞ր պաշտոնական փաստաթղթի հիման վրա է այս ոստիկանը զինված կարթաձողով (որով հանգիստ կարելի է մարդ սպանել) և որն է դրա օգտագործման հիմնավորումը։ Իսկ եթե այդպիսի փաստաթուղթ չկա, արդյոք այս լուսանկարում արձանագրվածը հանցագործություն չէ»,- գրել է ռազմական փորձագետը։
Հասկանալու համար, թե միջնադարյան նիզակին նմանվող առարկան ինչի՞ համար է, և արդյո՞ք ոստիկանը ծառայության ժամանակ կարող է նման զենք պահել, Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել և ասաց. «հարցում ուղարկեք, կպատասխանեմ»։
Oragir.News-ը ոստիկանության գրավոր պատասխանը ստանալուն պես՝ այն կներկայացնի հանրությանը։
Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ԱԺ-ի դիմաց, երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում լրագրողներ։
Նշենք նաև, որ հունիսի 13-ի ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։