Ներքին 50 րոպե առաջ - 20:57 30-09-2026

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։