Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 22:30 12-06-2024

Իմիտացիա. հայ-ամերիկյան հայտարարությունը ՀՀ-ին անվտանգության իրական երաշխիքներ չի տալիս

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Իմ կարծիքով՝ հայ-ամերիկյան այս հայտարարությունն առաջին հերթին ավելի շատ քաղաքական, քան պրակտիկ նշանակություն ուներ, որովհետև ամերիկյան կողմի համար դրա խնդիրը Հայաստանի իշխանություններին և նրանց որդեգրած քաղաքականությանը որոշակի աջակցություն ցույց տալն է, դրանով վերջիններիս էլ ավելի շատ հակառուսական քայլերի դրդելն ու Ռուսաստանի դիրքերի թուլացմանը նպաստելը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին ընդունված հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունն ինչ նշանակություն ունի, այն ինչ կարող է տալ Հայաստանին։

Քաղաքագետն այս համատեքստում պատահական չի համարում, որ հայտարարության տեքստում առկա են այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանի էներգետիկ անկախության մեծացմանը։ Նրա խոսքով՝ դրանք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանին՝ թուլացնելու Ռուսաստանի դերակատարումը, ինչպես նաև փոքրացնելու վերջինիցս ունեցած կախվածությունը։

Կարապետյանը շեշտում է՝ այս հայտարարության միջոցով Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը ցույց տալ, թե ինչպես է Արևմուտքն աջակցում իրենց, պնդել, որ իրենց որդեգրած քաղաքական կուրսը ճիշտ է, և այլն։

«Սակայն բովանդակային տեսանկյունից եթե ԱՄՆ-ը լուծում է իր առաջ դրած խնդիրները, ապա Հայաստանի ազգային-պետական շահերն ու հարցերն այստեղ արտացոլված չեն։ Մենք այստեղ նույնիսկ չենք տեսնում անդրադարձ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, որոշակի անդրադարձ առկա է խաղաղություն հասկացությանը՝ կոմունիկացիաների և այլնի կոնտեքստում, բայց ընդհանուր առմամբ անդրադարձ չկա այսօր ընթացող բանակցություններին, Արցախի հիմնախնդրի լուծված չլինելուն, Արցախի ժողովրդի իրավունքներին։ Արցախը հիշատակվում է միայն տեղահանված անձանց և վերջիններիս ցուցաբերվող աջակցության համատեքստում»,- ասաց նա։

Քաղաքագետը հայտարարության տեքստում չի տեսնում նաև այնպիսի դրույթ, որը կվկայեր այն մասին, որ Արևմուտքը պատրաստ է Հայաստանին անվտանգության այնպիսի երաշխիքներ տրամադրել, ինչը գործող իշխանություններին թույլ կտար ձերբազատվել ՀԱՊԿ-ից։ Նա կարծում է՝ հայտարարությամբ ստեղծվում է իմիտացիա առ այն, որ կա անվտանգային բլոկ, սակայն բովանդակային տեսանկյունից դրանք խորհրդակցություններ են, թրեյնինգներ են, եվրոատլանտյան կառույցների հետ խորհրդակցության ցանկություն է և այլն։

«Նույնիսկ այս ձևակերպումների մեջ՝ խորհրդատվություն և այլն, ընդգծվում է դրանց ոչ թե անվտանգային, այլ պաշտպանական բնույթը։ Սա իր հերթին ցույց է տալիս, որ նույնիսկ Հայաստան-Արևմուտք երկխոսության կոնտեքստում նրանք տուրք են տալիս Ալիևի քաղաքականությանը, նրա սպառնալիքներին և փորձում են անգամ այստեղ չանել այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չլինել։

Դա նշանակում է, որ մի կողմից Արևմուտքը չի տալիս այնպիսի երաշխիքներ, որոնք Հայաստանի համար անվտանգային միջավայր կապահովեին, իսկ մյուս կողմից ցույց է տալիս, որ այս իշխանություններն այնքան են հետևողականորեն Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել, որ նույնիսկ այլ գործընկերների հետ հարաբերություններում փորձում են որևէ կերպ Ալիևի զգացողությունները չվիրավորել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ Արևմուտքն իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ֆոնին՝ Աննա Կարապետյանը նշեց, որ իր համոզմամբ հայտարարության տեքստում չկա ընդգծված աջակցություն, սակայն ակնհայտ է, որ կան ձևակերպումներ, որոնք Հայաստանի իշխանությունները շատ են ցանկացել, որ այդտեղ ներառվեն։ Նա այս համատեքստում նշեց հատկապես այն ձևակերպումները, որ ԱՄՆ-ը աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա․

«Մենք տեսնում ենք, թե իշխանությունն ինչ պրոպագանդա է կառուցում այս ձևակերպման վրա, մյուս կողմից մենք տեսնում ենք ձևակերպումներ, որ Արևմուտքում ողջունում են Հայաստանի առաջընթացը բարեփոխումների կոնտեքստում, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու ցանկությունը և այլն, սակայն հայտարարությունում ոչ մի անդրադարձ չի կատարվում Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին, նույն բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և ընդհանրապես ուժային կառույցների գործելաոճին, որը որդեգրված է այսօր»։

Աննա Կարապետյանը հավելեց, որ գործող իշխանությունն այս հայտարարությունը փորձելու է օգտագործել որպես արևմուտքի կողմից իրեն ցուցաբերված աջակցություն, սակայն կարծում է, որ դա իրականում ոչ թե ընդգծված աջակցություն էր, այլ ձևակերպումներ, որոնք մեկնաբանության տեղիք են տալիս։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:21 Արտահո՞սք «Ինեկոբանկից». 5 մլն 400 հազար դրամի օնլայն վարկ` առանց ստորագրության
15:15 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
22:05 Թուրքական համարանիշներով ֆուռ` Կենտրոնական բանկի բակում
10:56 Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին. սոխը կիլոգրամով է ծախում, սխտորը` գրամով
20:15 Աննա Հակոբյանի այցը Քաթար հարցեր է առաջացրել իշխանության իրական մտադրությունների վերաբերյալ
16:34 Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան
19:20 Վահան Տերյանը երբևէ չի եղել պետության ուշադրության կենտրոնում և ահա թե ինչու. Գևորգ Էմին-Տերյան
10:07 Աննա Հակոբյանը՝ աթաթուրքի գլխարկ կրելու, արաբ շեյխերի հետ հանդիպման և «սրտիկ»-ով հացի մասին
14:11 Անահիտ Մանասյանը չի մասնակցել Կատարում անցկացված Արաբական ձիերի միջազգային փառատոնին․ Էդգար Ղազարյան
23:18 Ուղերձները տեղ հասան. Էդգար Ղազարյան