Ուղիղ եթեր
Հեղափոխակա՞ն, թե՞ սահմանադրական. ո՞ր ուղին կընտրի շարժումը
copy image url

Հեղափոխակա՞ն, թե՞ սահմանադրական. ո՞ր ուղին կընտրի շարժումը

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:00 12-06-2024
Սրբազան շարժման 96-ժամյա վճռական փուլը կտևի մինչև հունիսի 17-ը ժամը 18:30։ Արդեն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չի մասնակցելու։ Իսկ դա նշանակում է, որ քվորում չի ապահովվի, և նիստը կտապալվի։ Ի՞նչ կլինի դրանից հետո, ինչպե՞ս կշարունակեն պայքարը Բագրատ Սրբազանն ու նրան աջակցող ընդդիմադիր խմբակցությունները։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է 2 սցենար:

Առաջին սցենարը պայմանական կարելի է անվանել հեղափոխական ուղի։ Ակնկալվում է, որ ընդդիմադիր խմբակցությունները խիստ կվիրավորվեն ՔՊ-ական իրենց գործընկերների բոյկոտից, մեկ մարդու նման վայր կդնեն մանդատներն ու, ներքաղաքական ճգնաժամ կլինի, որը կհանգեցնի ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակմանը։ Արտահերթ ընտրությունների նշանակման պարագայում Բագրատ Սրբազանի շուրջ կարող է ձևավորվել լայն դաշինք, ներառելով տասնյակ կուսակցությունների, ներառյալ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։ Հաշվի առնելով, որ վերջինները ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն, ապա ենթադրելի է, որ Սրբազան դաշինքը կարող է հաղթել։ Նրան ձայն կտան ոչ միայն Արցախից բռնի տեղահանվածներն, այլև բոլոր նրանք, որոնք ոգևորվել են Բագրատ Սրբազանի պայքարով։

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն, դեմ են մանդատները դնելու գաղափարին։ Այս հողի վրա հնարավոր է բախվում լինի Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր խմբակցույթունների միջև, որի արդյունքում Սրբազանը կարող է միայնակ շարունակել պայքարը մինչև հերթական ընտրությունները կամ 1 տարով դադար վերցնել։ Իսկ 2025-ին կրկին վերսկսել պայքարը 2026-ի ընտրություններին կազմակերպված մասնակցելու և ՔՊ-ին հաղթելու մտադրությամբ։ Այս սցենարը պայմանական կարելի կոչել սահմանադրական ճանապարհ։

Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած ուղերձի նախագիծը մեղմ նախաձեռնությունն է։ Նույնիսկ ՔՊ-ական գործիչներն են տարակուսանք հայտնում այդ առնչությամբ, ակամա ցույց տալով, որ ակնկալում էին ավելի կոշտ քայլ։ Այսինքն՝ ընդդիմադիրները ոչ թե իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել կամ վարչապետին անվստահություն հայտնել, այլ ներկայացրել են ուղերձի նախագիծ։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ խորհրդարանական ընդդիմությունը չի առաջնորդվում իշխանափոխության օրակարգով։ Ավելին՝ կասկած կա, թե ընդդիմությունը ուղիղ կամ միջնորդավորված պայմանավորվածություններ ունի, ըստ որոնց՝ չի անելու այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։ Եթե այս կասկածները խորանան, ապա չի բացառվում, որ սահմանադրական ճանապարհն ընտրելու պարագայում Սրբազան դաշինքում ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն չներառվեն, իրենց տեղը զիջելով Սրբազանին աջակցող մյուս ուժերին։

Երկու սցենարների դեպքում էլ հաջողությունը հավանական է։ Առաջին սցենարի, սակայն, դեպքում ժամկետների սղություն կա։ Ենթադրվում է, որ թե՛ Սրբազանը, թե՛ նրան սատարող ուժերը դեռ պատրաստ չեն ներկայացնելու քաղաքական նոր օրակարգ, նոր ծրագրեր, որոնք համահունչ կլինեն նոր ձևավորվող աշխարհակարգի պահանջներին։ Այսինքն՝ եթե ընտրվի հեղափոխական ուղին, ապա շարժումը պետք է սեղմ ժամկետներում պայմանավորվածություն ձեռք բերի արտաքին խաղացողների հետ և նրանց աջակցությամբ կամ երաշխավորությամբ կազմակերպի իշխանափոխություն։ Առանց արտաքին պայմանավորվածությունների հեղափոխական ուղին խիստ ռիսկային է։ Այն կարող է դաժանաբար, արյան մեջ ճնշվել։

Սահմանադրական ճանապարհը նույնպես կարող է հաջողության հասնել արտաքին գործընկերների հետ ձեռք բերված փոխվստահության պարագայում։ Առանց արտաքին աջակցության Բագրատ Սրբազանին ու նրա թիմակիցներին պարզապես թույլ չեն հասնել 2026-ի ընտրարշավին։ Այդպիսի օրինակներ շատ կան, երբ իշխանությունը խաղից հանում է հաղթող մրցակցին, հետապնդելով, մեկուսացնելով, հեղինակազրկելով, ֆինանսավորման աղբյուրները կտրելով, ահաբեկելով և այլն։ Եթե Շարժումը չունենա արտաքին գործընկերներ, ապա ստիպված պետք է բավարարվի ընդիմադիր նիշայով, զբաղեցնելով ներկայիս ընդդամության աթոռները և վարելով նույն քաղաքականությունը, ինչ ներկայիս ընդդիմադիրները։

Պարզ ասած՝ ՀՀ-ի նման երկրներում իշխանության ձևավորվման հարցում էական նշանակություն ունեն արտաքին խաղացողները։ Եթե իշխանափոխության օրակարգ ունեցող Սրբազան շարժումը նոր աշխարհակարգին համահունչ ծրագիր ներկայացնի և դրա շրջանակում արտաքին գործընկերների հետ հասնի քաղաքական պայմանավորվածությունների մինչև հունիսի 17-ը ժամը 18։30-ը, ապա ԱԺ ՔՊ խմբակցության մի մասը գլխիկոր կներկայանա ԱԺ արտահերթ նիստին և կմասնակցի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի լուծմանը։

Թաթուլ Մկրտչյան