Ուղիղ եթեր
Մահաբեր վեցամյակ․ 5 խոշոր աղետ՝ Փաշինյանի կառավարման 6 տարում
copy image url

Մահաբեր վեցամյակ․ 5 խոշոր աղետ՝ Փաշինյանի կառավարման 6 տարում

Ներքին 10 ամիս առաջ - 18:00 07-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, որի հետևանքով վնասվել են ավտոճանապարհով անցնող մեքենաներն ու քաղաքացիները:

Այս պահին հայտնի է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 քաղաքացի, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 4-ի վիճակը՝ կայուն ծանր, տուժածներից մեկն էլ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 6 տարիները բացի անվտանգային խնդիրներից ու տարածքային կորուստներից նշանավորվել են նաև բազմաթիվ աղետներով, որոնց հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ են զոհվել, շատերն էլ՝ նյութական կորուստներ են ունեցել։ Չնայած նման աղետների ժամանակ գործող իշխանությունները սիրում են հայտարարել, որ դրանք տեղի ունեցել տարբեր իրողությունների բերումով և այդ աղետներում իրենք մեղավորություն չունեն, այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքացիներ, ոլորտային մասնագետներ պնդում են, որ եթե ժամանակին կառավարության կողմից համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեին, այդ աղետների հետևանքներն այդքան ծանր չէին լինի, ինչպես նաև հնարավոր կլիներ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած խոշոր աղետները․


Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

2022 թվականի օգոստոսի 14-ին ողբերգական պայթյուն տեղի ունեցավ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով զոհվեց 16 մարդ, այդ թվում 1 մանկահասակ երեխա։ Առևտրի կենտրոնի պահեստում հրդեհին հաջորդած ուժգին պայթյունից միայն տասն օր անց դադարեցվեցին որոնողական աշխատանքները, թեև այդպես էլ չգտնվեց 16 զոհերից մեկի աճյունը։

Միջադեպի հետևանքով վնասվեցին առևտրի կենտրոնի մոտ 5 տասնյակ տաղավարներ, իսկ պայթյունի պատճառած նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դրամ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեղի ունենալու և պատճառների կապակցությամբ շրջանառվել են մի շարք վարկածներ․

Պաշտոնական նախնական վարկածով՝ պայթել է հրավառության համար նախատեսված պարագաների պահեստը, սակայն այս վարկածը կասկածի տակ է առնվում բազմաթիվ քաղաքացիների կողմից։

Շրջանառվող վարկածներից մեկով՝ պայթյունը կապվում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անձի հետ, ինչը վերջինիս մամլո խոսնակը կտրականապես հերքել է և ամոթանք տվել այն տարածողներին։ Բացի այդ, շրջանառվում էին նաև ահաբեկչության և ռուսական միջամտության վարկածները, որոնք նույնպես հերքվել են Հայաստանի իշխանությունների կողմից։

Ողբերգությունից գրեթե 2 տարի անց որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ ավելի է խորացնում այն մտահոգությունները, որ պատկան մարմինները փորձում են ծածկադմփոց անել և մեղավորներին ազատել պատասխանատվությունից։


Հրդեհ՝ Ազատի զորամասում

2023 թվականի հունվարի 19-ին Հայաստանի բնակչությունը ցնցվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից։ Սա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ոչ մարտական զոհերի ամենամեծ միջադեպերից է, որի հետևանքով զոհվեցին՝ ողջ-ողջ այրվեցին 15 ժամկետային զինծառայողներ, ևս 6 ժամկետայիններ և 1 սպա այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Հրդենին հաջորդած կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է զորամասի վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում, ինչն արգելված է ՀՀ զինված ուժերում։ Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախնական տվյալներով՝ փորձ է արվել բացել և բենզինի 5 լիտրանոց տարայով բենզին լցնել վառարանի մեջ, որի հետևանքով հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որն էլ վառվող բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։

Այս հայտարարություններից հետո մի շարք իրավաբաններ համոզմունք հայտնեցին, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղորդում է իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս նախաքննություն իրականացնելիս առաջնորդվեն իր առաջ քաշած վարկածով։

15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի ողբերգությունից շուրջ մեկուկես տարի անց զոհվածների հարազատները դժգոհում են գործի քննությունից՝ պնդելով, որ իրականությունը չի բացահայտվում։


Պայթյուն՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստում

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին, որի ժամանակ Հայաստանի իշխանությունները չփորձեցին միջամտել և կանխել ավելի քան 120 հազար արցախահայերի էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը, խոշոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում։

Այդ օրերին, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ բնակչության անվտանգ գոյությունն Արցախի տարածքում այլևս անհնար էր դարձել, Արցախի իշխանությունները հայտնել էին, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է այդ հնարավորությունը և Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում նրանց հատկացվելու է անվճար վառելիք։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիների մեծ խցանումներ են առաջացել բենզալցակայանների մերձակա տարածքներում։

Սեպտեմբերի 25-ին Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էր խոսել ականատեսների հետ և նրանց հղում անելով նշում էր, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։

Նախորդ տարեվերջին Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում։ ՔԿ-ն նաև տեղեկացրել էր, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։

Չնայած պաշտոնական վարկածով Ստեփանակերտի հրդեհը նույնպես դժբախտ պատահար էր համարվում, այնուամենայնիվ որոշ գործիչներ չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նման վարկածի մասին բարձրաձայնել էր իսրայելցի բլոգեր-լրագրող Ալեքսանդր Լապշինը՝ պայթյունը համարելով Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն։ Ըստ Լապշինի՝ այս ահաբեկչական գործողությունը տեղավորվում է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության սցենարի մեջ։


Ջրհեղեղ՝ Լոռու և Տավուշի մարզերում

Հերթական աղետին հայ ժողովուրդը բախվեց օրեր առաջ՝ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը․ այդ օրը հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել է և Ձորագետ ավանից մինչև «Բագրատաշենի» սահմանային անցակետ դարձել ավերածությունների պատճառ։ Միաժամանակ նմանատիպ աղետ է տեղի ունեցել նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում, որտեղ գետի ջրերը դուրս են եկել ափերից և լցվել բնակելի թաղամասեր։

Ջրհեղեղը, որն այս պահի դրությամբ 4 մարդու մահվան պատճառ է դարձել, դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել, տներ, անասուններ ու այգիներ քշել տարել։ Աղետից 10 օր անց բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։

Չնայած տեղի ունեցածը բնական աղետ էր, այնուամենայնիվ բազմաթիվ բնապահպաններ համոզված են, որ եթե համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին, ապա հնարավոր կլիներ խուսափել ջրհեղեղի պատճառած կորուստների զգալի մասից։ Այս համատեքստում բնապահպանները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը նախորդ 6 տարիների ընթացքում գետերի հուները մաքրելու նպատակով գումարներ չի հատկացրել և այդ ճանապարհով գումար է տնտեսել, որն էլ պատճառ է դարձել, որ բնական աղետը նման ծանր վնասներ պատճառի մեր երկրին։

Մինչ այս պահը հայտնի չէ, թե որքա՞ն գումարի վնաս են հասցրել հեղեղները բնակիչներին ու պետությանը, աղետից գրեթե երկու շաբաթ անց դեռ պաշտոնապես չի հստակեցվում։ Միևնույն ժամանակ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լոռու ու Տավուշի մարզերում աղետի հետևանքները վերացնելու համար Հայաստանի կառավարությունը միջազգային աջակցություն է ակնկալում։ «Վերականգման հարցում, մարդկանց կրած վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ենք ունենալու», - նշել էր նա։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիներին Հայաստանում տեղի է ունեցել առնվազն 5 խոշոր տեխնածին, կամ բնական աղետ, որոնք հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել, ինչպես նաև ահռելի նյութական կորուստ պատճառել։

Դատելով մասնագետների կողմից հնչեցվող պնդումներից՝ կարող ենք ենթադրել, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը պոպուլիստական նախաձեռնությունների փոխարեն երբեմն նաև համարժեք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեր, ապա այս աղետների հետևանքով զոհերի թիվը մի քանի անգամ ավելի քիչ կլիներ, պատճառված նյութական վնասները՝ անհամեմատ ավելի փոքր և հեշտ հաղթահարելի։






Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»