Ներքին 2 տարի առաջ - 09:07 28-05-2024

Մենք ընթանում ենք առանց ընդհատումների եւ հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը․ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 106-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասված է

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարեւորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:

Այս օրը խորհրդանշում է նաեւ ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետեւ 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ կրողը, պետության հիմնադիրը եւ ինքնիշխանը: Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ:

Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, եւ խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է:
Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու եւ դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:

Սա չափազանց հավակնոտ եւ պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատեւությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձեւեր չեն ձեւավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը եւ հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը եւ իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:
Մտածողության այդ նոր ձեւերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատեւության ապահովման բանաձեւը, կենսունակ լինելու գրավականը:

Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել եւ զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:

Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաեւ նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:

Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում եւ ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների եւ հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ