Ուղիղ եթեր
Անհրաժեշտ կամք ունեն թե՛ Շարժման ղեկավարները, թե՛ մասնակցող ժողովուրդը
copy image url

Անհրաժեշտ կամք ունեն թե՛ Շարժման ղեկավարները, թե՛ մասնակցող ժողովուրդը

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 17:30 27-05-2024
Բոլոր նրանք, ովքեր մտածում էին, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն այս օրերին անկում է ապրում, քանի որ ակտիվ գործողություններն ընթանում են դադարներով, հիմա արդեն պարզ հասկանում են, որ ոչ մի պասիվություն էլ չի եղել, այլ իրականացվել է մեծ աշխատանք, որպեսզի ի մի բերվեն այն գաղափարները և միջոցները, որոնցով կընթանա պայքարի այս փուլը։

Երեկվա հանրահավաքն ու հատկապես այսօրվա անհնազանդության զանգվածային ակցիաներն ակնհայտ ցույց են տալիս, որ ժողովուրդը պատրաստ է պայքարելու հանուն ցանկալի փոփոխությունների։ Մարդիկ ոչ թե պարզապես մտահոգված են, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին չի մտածում իրենց մասին՝ առանձին վերցրած, այլ նաև համոզված են, որ Հայաստանի Հանրապետության ղեկին գտնվող այս մարդը որևէ պարտավորություն չունի ապահովելու նորմալ, անվտանգ ու արժանապատիվ կենսապայմաններ ընդհանուրի համար։

Մարդիկ ընդվզում են ոչ թե ինչ-որ ուժի կամ անհատի կողմից թելադրված ու նախանշված սխեմայի համաձայն, այլ ինքնաբուխ։ Այսօր, օրինակ, արձանագրվել են դեպքեր, երբ վարչակարգի աշխատողներ են միացել փողոցում կանգնած մարդկանց։ Եվ հուսով ենք, որ այդ մարդկանց թիվը միայն կաճի, քանի որ ճիշտ չէ հանդուրժել մի իշխանություն, որն իր օգտին քվեարկած մարդուն պատճառում է միայն վնասներ ու աղետներ։
Շատ կարևոր է, որ Շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանի թեկնածությունն է առաջադրվել վարչապետի պաշտոնի համար։ Ժողովուրդը լսում է իր Սրբազանին, նրա խոսքը որոշիչ է մարդկանց համար, որոնք, գուցեև, ցանկանում են իրականացնել կտրուկ գործողություններ, բայց առաջնորդի սթափեցուցիչ կոչերը վայրկենաբար ազդում են մարդկանց վրա։

Շարժումն, այսպիսով, անընդհատ ծավալվում և է՛լ ավելի մեծ չափեր է ընդունում։ Այս պահի դրությամբ բնակչության զգալի հատվածը համակրանք ունի պայքարի ձևի և բովանդակության նկատմամբ, սակայն, իհարկե, սա դեռևս կրիտիկական զանգվածը չէ։ Բայց եթե Բագրատ Սրբազանը՝ որպես շարժման ղեկավար, որոշի, որ պետք է ավելացնել հակակառավարական շարժման ինտենսիվությունը, ապա համոզված ենք, որ այդ որոշմանը դրական արձագանքողների թիվը նույնպես աճելու է։

Ակնհայտ է, որ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները պատրաստակամ են մասնակցում գործողություններին։ Ակնհայտ է նաև, որ շարժումը ղեկավարողներն ընտրել են «медленно, но верно» մարտավարությունը, շեշտը դնելով ոչ թե գործողությունների քանակի կտրուկ ավելացման, այլ այլ աստիճանական ընդլայնման վրա։

Ըստ ամենայնի, մենք գտնվում ենք Հայաստանը պատուհասած այս վարչախմբի հեռացման փուլում, և այն հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ կամային հատկանիշներով օժտված են թե՛ շարժումը գլխավորող անձինք, և թե՛ մասնակցող քաղաքացիները։

Տիգրան Աթանեսյան

Ձեզ գուցե հետաքրքրի