Ինչը կօգնի պատգամավորին ճիշտ դիրքորոշվել իմպիչմենտի հարցում
copy image url

Ինչը կօգնի պատգամավորին ճիշտ դիրքորոշվել իմպիչմենտի հարցում

Ներքին 11 ամիս առաջ - 20:15 14-05-2024
Վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը Բագրատ Սրբազանինն է։ Նա օրեր առաջ հանարահավքում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկելու են վարչապետին պաշտոնանկ անելու հարցը։ Մի քանի օր է, ինչ ՔՊ-ական պատգամավորները լրագրողների միջոցով ներկայացնում են իրենց տեսակետը վարչապետին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։ Իսկ ընդդիմադիր ուժերը լուռ են։

Սահմանադրության 115-րդ հոդվածի 1-ին կետով նշվում է, որ Ազգային ժողովի՝ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Պատգամավորիների ընդհանուր թիվը 107 է։ Մեկ երրորդը կազմում է 36 հոգի։ Ըննդիմադիր պատգամավորների թիվը 35 է։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայությունը։ Նշանակում է, որ խորհրդարանական ընդդիմությանը պետք է ձեռք մեկնեն ՔՊ-ական 19 պատգամավոր։ Այնպես որ՝ վարչապետին իմպիչմենտ հույտնելու մեխանիկան ամբողջությամբ հայտնի է։ Մնում է ՔՊ-ական 19 պատգամավոր միանա և գործը գլուխ կգա։ Ինչպես ասում են՝ ջինը շշից դուրս է եկել, հարցն արդեն օդում կախված է և չի բացառվում, որ ՔՊ ներսում քննարկեն և որոշեն միանալ։

Մինչ այդ, անհրաժեշտ է պարզել իշխանափոխության քաղաքական անհրաժեշտությունը, պատասխանելով երկու հարցի։ ՀՀ-ում իշխանափոխության առարկայական անհրաժեշտություն կա՞։ Եթե այո, ապա ի՞նչ քաղաքականություն է ակնկալում ընտրողը հաջորդ վարչապետից։ Այս հարցերի պատասխանները կարող են օգնել ՔՊ-ականներին և իմպիչմենտի ջատագովներին հիմնավորված որոշում ընդունելու համար։ Այս երկու հարցերն իրար կողք են նաև Սահմանադրության 115-րդ հոդվածում։ Այնպես որ, այս հարցերի շաղկապումը նաև սահմանադրական պահանջ է։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին և Արևմուտքին խոստացել էր, որ անկախության պաշտպանության շարժում է սկսելու։ Այդ ուղղությամբ քայլ չի արել։ Նա խոստացել է միջազգային գործընկերներին, որ նպաստելու է Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի գործարկմանը, որի խորհրդանշական բացումը տեղի է ունենալու մայիսի 20-ին։ Սակայն ՔՊ-ական իշխանությունը այս ճանապարհի կապիտալ շինարարության հարցը ևս լիակատար տապալել է։ Նա Եվրոպայում 2023-ի հոկտեմբերի 17-ին հայտարարեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է, սակայն Մոսկվայում 2024-ի մայիսի 9-ի Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներում նշվում է, որ Երևանի խնդրանքով ռուսական զորքերը մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Նա խոստացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, սահմանագծում իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Օրեր առաջ նույնիսկ Ֆրանսիան բաց կոչ արեց շարունակել սահմանազատումը այդ սկզբունքով։ Սակայն Երևանն ու Բաքուն չեն էլ ակնարկում, որ առաջիկա օերերին կամ շաբաթներին Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձնելու ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, դուրս է գալու Ջերմուկի, Սև լճի և այլ տարածքներից, վերադարձնելու Արծվաշենը և այլն։ Այսինքն՝ սահմանազատման գործընթացը ևս լռվել է անորոշ ժամանակով։ Ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, որի մասին արձանագրում են նաև միջազգային կառույցները։ Կարճ ասած՝ գրեթե բոլոր ճակատներում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղային իրավիճակում։ Ոչ կարող է առաջ գնալ, ոչ էլ տեղում մնալ։ Հետևապես՝ կարելի է ասել, որ ՀՀ-ում իշխանափոխության առարկայական անհրաժեշտություն կա։ Այսինքն՝ կարևոր 2 հարցերից առաջինն ունի դրական պատասխան։

Բաց է մնում նոր քաղաքական ծրագրի հարցը։ Ենթադրելի է, որ այս օրերին ուսումնասիրվում են հանրային կարծիքն ու ակնկալիքները։ Ենթադրելի է նաև, որ առաջիկա օրերին նոր քաղաքական ծրագրեր կներկայացվեն հանրային քննարկմանը։ Եվ եթե այդ ծրագրերից մեկն արժանանա հանրության մեծ մասի հավանությանը, ապա ՔՊ-ական պատգամավորների մի մասը կշտապի միանալ իմպիչմենտին և հաջորդ իշխանության մեջ աթոռ ամրագրել։ Ավելին՝ եթե այսօր ասպարեզ գա քաղաքական ծրագիր, որը կստանա ոչ միայն ընտրողի, այլև Արևմուտքի աջակցությանը, ապա ընդդիմադիր ողջամիտ պատգամավորները միանգամից վայր կդնեն մանդատներն ու կներգրավեն նոր ծրագիրը կյանքի կոչելու առաքելությանը, ապահովելով իրենց տեղը ապագա իշխանությունների շարքերում։

Ամփոփելով ընդգծենք, որ թեև՝ իշխանափոխության առարկայական անհրաժեշտություն կա, բայց իմպիչմենտի հարցը մնում է օդում, քանի որ նոր քաղաքական ծրագիր ու այն իրականացնող վարչապետի թեկնածու դեռ չկան։ Ուստի՝ քաղաքական համայնքը պարտավոր է հնարավոր սեղմ ժամկետում ժողովրդին և դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին, Իրանին, Հնդկաստանին ներկայացնել ամփոփ քաղաքական ծրագիր և այն իրականացնողների անունները։ Ու եթե ծրագիրն ու թեկնածուն վստահության արժանանան, ապա դրանից հետո իմպիչմենտն ու ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակումը կդառնան տեխնիկայի հարց։

Թաթուլ Մկրտչյան