copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:24 29-06-2022

Իմպիչմենտի գործիքը կիրառելու ենք, երբ բավարար թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակից դառնան այդ գործընթացին․ Ագնեսա Խամոյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ընդդիմությունը վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար խոսում է իմպիչմենտի մասին, որի հնարավորությունը ընդդիմադիր խմբակցությունները ստանալու են օգոստոսի 2-ից հետո, երբ լրանա գործող վարչապետի պաշտոնավարման մեկ տարին։

Ինչպես հայտնի է, վարչապետի իմպիչմենտին հասնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է առնվազը 20 իշխանական պատգամավորի ձայն։

Այստեղ մի բայց էլ կա՝ եթե ընդդիմությունը նախաձեռնի իմպիչմենտի գործընթացը, սակայն չունենա ցանկալի արդյունք, ապա այդ գործիքակազմին վերադառնալու և կրկին իմպիչմետի գործընթաց սկսելու հնարավորություն կունենա միայն 6 ամիս անց։

Միաժամանակ, ընդդիմության յուրաքանչյուր ձախողում ուժղացնում ու ամրապնդում է իշխանության դիրքերը։ Եթե ընդդիմությունը ձախողի իմպիչմենտի գործընթացը, ապա կարող է էլ ավելի ուժեղացնել ու լեգիտիմացնել Փաշինյանի գործող իշխանությունը՝ «ցենեմտելով» այն, ժամանակ և հնարավորություն տալով գնալ հերթական զիջումների։

Oragir.news-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ, այո՛, ժամկետների խնդիր կա, եթե իմպիչմենտի գործընթացը չհաջողի, ապա հնարավոր է գործընթացը նորից նախաձեռնել միայն 6 ամիս անց։

«Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հագամանքի վրա, որ գուցե սխալ ընկալում է եղել։ Մենք չենք ասում, որ օգոստոսի 2-ին իմպիչմենտի գործընթաց ենք նախաձեռնելու, մենք ասում ենք, որ օգոստոսի 2-ից հետո ունենք իմպիչմենտ իրականացնելու գործիքակազմը։

Միաժամանակ, Իշխան Սաղաթելյանը հստակ հայտարարել է, որ կդիմենք այդ գործիքակազմին, երբ կունենանք կատարած շատ աշխատանք և շատ կոնկրետ ակնկալիք, որ այն հաջողությամբ է պսակվելու։

Թյուրըմբռնում է, որ մենք օգոստոսի 2-ին կամ օգոստոսի 10-ին իմպիչմենտի գործընթաց ենք անելու, ո՛չ, մենք այդ գործիքը կիրառելու ենք այն ժամանակ, երբ դրա համար բարենպաստ հող է լինելու, երբ լինելու է հանրային ճնշում ժողովրդի կողմից, և երբ ՔՊ-ական պատգամավորներ՝ բավարար թվով ձայների տեսքով, մասնակիցը կդառնան այդ գործընթացին»։

Հարցին, թե արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատում են, նա պատասխանեց, որ չի կարող աշխատակարգային գործընթացները պատմել։

«Ամենակարևորն այն է, որ լինի հանրային ճնշում, իշխող ուժի պատգամավորները պետք է տեսնեն այդ հանրային ճնշումը։ Իրենք պետք է տեսնեն ու հասկանան, որ դա ժողովրդի պահանջն է, այսինքն՝ շատ կարևոր է, որ այդ պրոցեսի ժամանակ լինի մարդկանց քանակ, մարդկանց վճռականություն։

Այսինքն՝ միայն մենք՝ ընդդիմադիրներով, չենք կարող այդ գործը հաջողությամբ պսակել, եթե չլինի ժողովրդի շատ հստակ քանակը։ Իսկ դա միանշանակ լինելու է, որովհետև «Դիմադրության» շարժման հանրահավաքնների ժամանակ մենք անակատես ենք եղել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց շատ հստակ պահանջով, այն է՝ Նիկոլ Փաշնյանի հեռացումը»։