Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 29-04-2024

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հրաժարական կտա։ Հանրության մի հատվածին հետաքրքրող այս հարցը միանշանակ պատասխան չունի, սակայն կանխատեսումներ կան մոտավոր ժամկետի մասին։

Տավուշի հատվածական սահմանազատումից հետո բողոքի շարունակվող ցույցերը բարձրացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Տավուշի գյուղերի բնակիչները և հանրության մի հատվածը մտահոգություններ ունեն, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի բավարարելու է Ադրբեջանի պահանջները և հանձնելու է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ, փոխարենը ոչիչն չստանալով։ Եթե այս մտահոգությունները տարածվեն հասարակության մեջ, ապա կձևավորվի Փաշինյանի հրաժարականի պահանջի լեգիտիմ հիմք, որը կմիավորի քաղաքական համայնքի մի մասին։ Եվ նրանք կազմակերպված դուրս կգան փողոց, կպահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ժողովրդական ցույցը հրաժարականի անհրաժեշտ, լեգիտիմ պայմաններից է։ Ցուցարարների շրջանում ասեկոսե է տարածվում, որ եթե ցույցերը շարունակվեն մինչև մայիսի 20-ը և խափանվի Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի խորհրդանշական բացումը, ապա Փաշինյանը հրաժարական կտա։

Անհրաժեշտ պայմաններից է նաև ցույցերի պատասխանատուների քաղաքական դիրքորոշումը։ Իշանական քարոզչամեքենան վերջին օրերին աղաղակում է, թե հատվածական սահմանազատման և իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչները ռուսական գործակալներ են։ Այս աղաղակն ուղված է արտաքին աշխարհին։ Դրանով ակնկալում են ստանալ Արևմուտքի աջակցությունը։ Ժողովրդի լեզվով ասած՝ տղա են կանչում, որը կպաշտպանի ՀՀ իշխանությանը ռուսական գործակալների գրոհներից։ Չնայած՝ ռուսամետ դիրքորոշմամբ իշխանափոխության հրապարակային փորձերը նախընթաց տարիներին տապալվել են, այնուամենայնիվ՝ ենթադրելի է, որ ընդդիմության ռուսամետ ցույցերն այս անգամ հաջողության հասնելու շանս ունեն։ Դրա ցուցիչը կլինի այն, որ առաջիկա օրերին բողոքի ցույցերը լուսաբանելու նպատակով ՀՀ կժամանեն օտարերկրյա ԶԼՄ-ներ։

Ըստ իշխանական քարոզիչների կազմակերպած տեղեկատվական արտահոսքի՝ այս տարի լինելու է Ռուսաստանից ազատվելու տարի։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը մինչև տարվա վերջ իրականացնելու է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, դուրս հրավիրի ռուսական զորքերը ՀՀ-ից, իրականացնի լյուստրացիա ու ռուսական գործակալներին օրենքով հեռացնի իշխանության օղակներից։ Իր այս տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է արևմտյան գործընկերներին։ Ու եթե չարդարացնի հույսերը, ապա Արևմուտքը նրան կխնդրի հեռանալ։ Նկատենք, որ ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել է ԱՄՆ-ի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին։ Այս խոսքն իրական փորձություն է Փաշինյանի համար։ Կա՛մ նա իրականացնելու է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներն ու ստանալու է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, կա՛մ հրաժարական է տալու և իշխանությունը փոխանցելու է ուրիշներին, որպեսզի ուրիշներն իրականանցնեն այդ բարեփոխումները։

Մեկ այլ վարկածով՝ կանխատեսվում է, որ եթե տավուշյան ցույցերն առաջիկա օրերին չդադարեն, ապա Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին և խոստանալու է, որ առաջիկա ամսում Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնելու իր վերահսկողության տակ գտվող ՀՀ տարածքների մի մասը։ Ավելին՝ ասում են, թե նա խոստանալու է, որ հրաժարական կտա ու կհեռանա քաղաքական ասպարեզից, եթե այդպես չլինի։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը ոչ մի թիզ հող չզիջի Հայաստանին մինչև այս տարեվերջ, ապա Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան