Երևան +12°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 26-04-2024

Փաշինյանի համար ամբոխահաճո պոպուլիզմն ամենակարևորն էր․ ինչի կարող էր հասնել ՀՀ-ն 6 տարում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրեր անց՝ մայիսի 8-ին, կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեցերորդ տարին։ 2018-ին ընդդիմադիր Փաշինյանը, ում գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ժամանակ ԱԺ-ում ուներ ընդամենը 4 մանդատ, կարողացավ լավագույնս օգտագործել հանրային դժգոհությունները և ՀՀԿ-ին պարադրել, որ վերջինս վարչապետի պաշտոնում իր ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն քվեներն ապահովի։

Փաշինյանը, որին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրենց աջակցությունն էին հայտնել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, որն ընդամենը օրեր առաջ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս եկել, ինչպես նաև սեփական քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու ուժերը ԼՀԿ-ն և «Հանրապետություն»-ը, մայիսի 1-ին՝ առաջին փորձի ժամանակ չէր հաջողվել ընտրվել, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Հաջորդող օրերին, երբ Փաշինյանն էլ ավելի լայնամասշտաբ բողոքի ակցիակներ անցկացեց և փաստացի պարալիզացրեց ողջ հանրապետությունը, ՀՀԿ-ն ստիպված եղավ տուրք տալ հանրային ճնշմանը և ընտրել Փաշինյանին։


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ և չենք սխալվի, եթե պնդենք, որ պաշտոնավարման սկզբնական շրջանում նա վայելում էր հանրության բացարձակ մեծամասնության անվերապահ վստահությունը։ Ասվածի վկայությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու և դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդունքներն էին, որոնցից առաջինի դեպքում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների ավելի քան 80, իսկ երկրորդում 70 տոկոսը, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ էր Հայաստանի Հանրապետության համար։

«Ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանը, ով 2018-2020-ին վայելում էր հանրության մեծամասնության աջակցությունը, ցավոք սրտի այդ վստահությունը չօգտագործեց Հայաստանի բարգավաճման և առկա խնդիրների լուծման համար, ինչն անշուշտ կարող էր։ Անգամ կառավարման սկզբնական շրջանում Փաշինյանի համար սեփական վարկանիշի պահպանումն ամեն ինչից վեր էր, որի համար էլ նրա անմիջական հորդորով հանրությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ինչը հանրության շրջանում պառակտման ու թշնամանքի պատճառ էր դառնում ու դրա հետևանքներն առ այսօր չի հաջողվում հաղթահարել։

Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր մշտապես ստեղծվում էր հակահեղափոխականի, իսկ ավելի ճիշտ ներքին թշնամու կերպար, որը, ըստ իշխանության, խոչընդոտում էր հեղափոխական բարեփոխումների իրականացմանը, իսկ հանրության ուշադրությունը շեղվում էր այդ կերպարի դեմ ծավալվող պայքարով։ Այդ կերպարներից առաջինը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որի հնարավոր վերադարձի շուրջ վախի մթնոլորտ ստեղծելով ՔՊ-ն ավելի էր ամրապնդում իր դիրքերը, իսկ ավելի ուշ՝ 2020-ին, արդեն Սահմանադրական դատարանն ու նրա նախագահ Հրայր Թովմասյանը, որին փաշինյանական իշխանությունն ամեն գնով պաշտոնանակ արեց։

Իրականում 6 տարին բավարար ժամանակահատված էր, որը ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանն այսօր կարող էր բոլորովին այլ իրավիճակում լինել, և բնակչության շրջանում էլ չէր լինի այն համատարած ապատիան, որի հետևանքով մարդկանց մեծամասնությունն այլևս չի հետաքրքրվում քաղաքականությամբ և անտարբեր է անգամ այնպիսի զարգացումների նկատմամբ, որոնք վտանգում են անգամ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։

Ներկայումս Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ Արցախի հարցը փակուղի էր մտել դեռ իր պաշտանավորումից շատ առաջ, և այն իրավիճակը, որին բախվեցինք 2020-ի 44–օրյա և 2023–ի 1-օրյա պատերազմների հետևանքով այլընտրանք չուներ։ Այս պնդումները բնականաբար աղերս անգամ չունեն իրականության հետ և բազմիցս հերքվել են անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ տարբեր երկների և բանակցային գործընթացում ներգրավված տարբեր դիվանագետների կողմից, սակայն եթե անգամ մի պահ ընդունենք, որ դրանք համապատասխանում են իրականությանը, ապա Փաշինյանը 2018-2020 թվականներին այնքան բարձր վարկանիշ ուներ, որ դա կարող էր օգտագործել և հանրությանը բացատրել, որ անհրաժեշտ է զիջումներ կատարել և այդ ճանապարհով ավելի քիչ կորուստներ ունենալ։

Եթե Փաշինյանը նախընտրեր շարժվել այս ճանապարհով, ապա հնարավոր կլիներ խուսափել հազարավոր զոհերից ու հաշմանդամներից, Արցախի լիակատար կորստից, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ թշնամու ներկայիս հավակնություններից։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը նախընտրեց շարժվել ժողովրդահաճո պոպուլիզմի ճանապահով և ավելին՝ Ստեփանակերտի վերածննդի հրապարակից ի լուր աշխարհի բղավել, որ Արցախը Հայաստան է և վերջն, ինչն իրականում ազատեց Ալիևի ձեռքերը ու այս հայտարարությունից մեկ տարի անց վերջինս լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ։

Վեց տարին բավարար ժամանակահատված էր նաև բազմաթիվ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, մարդկանց կենսապայմանները բարելավելու և աղքատության մակարդակը նվազեցնելու համար՝ առավել ևս, երբ Հայաստանում վերջին տարիներին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվում, իսկ իշխանավորներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ՀՀ-ն գումարի խնդիր չունի։ Այս հարցում նույնպես տնտեսական հեղափոխության խոստում տված կառավարությունը սահմանափակվեց միայն կենսաթոշակների մի քանի հազարական դրամով բարձրացմամբ, մինչդեռ ուժայինների, իրավապահ ու դատական համակարգի ներկայացուցիչների, պատգամավորների, նախարարների ու այլ պաշտոնյաների աշխատավարձերն անհամեմատ ավելի մեծ չափերով էին բարձրացվում։

Վեց տարին բավականին մեծ ժամանակահատված է նաև համաշխարահային քաղաքականության համատեքստում։ Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրած Գերմանիայում Ադոլֆ Հիտլերն իշխանության եկավ 1933 թվականի հունվարին, դրանից մեկ տարի անց երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում, իսկ արդեն 1938-39 թվականներին նա բռնազավթեց Ավստրիան և Չեխոսլովակիան, 1939-ի սեպտեմբերին ներխուժեց Լեհաստան, իսկ ավելի ուշ արդեն պատերազմ սկսեց Խորհրդային միության դեմ։

Թուրքիան նույնպես ջախջախիչ պարտություն էր կրել Առաջին աշխարհամարտում և նրա սուլթանական կառավարությունը ստորագրել էր երկրի կապիտուլյացիայի ակտը։ 1919 թվականի մայիսին թուրքական բանակի պաշտոնաթող սպա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը պայքար սկսեց երկրի մասնատումը վիժեցնելու նպատակով, ընդ որում Քեմալն այդ ժամանակ երկրի օրինական իշխանությունը չէր համարվում, ու արդեն 4 տարի անց նրան հաջողվեց ձևավորել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը խայտառակ պարտություն էր կրել Արցախյան առաջին պատերազմում, ապա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության է եկել 2003 թվականին, և վերջինիս հաջողվեց մի քանի տարում կատարելագործել երկրի զինված ուժերը, գերժամանակակից սպառազինություն ձեռք բերել, ինչը նրան թույլ էր տալիս մերժել միջազգային միջնորդների կողմից ներկայացված առաջարկները, այդ թվում Կազանի փաստաթուղթը, սահմանային լարվածություն հրահրել ու պատրաստվել լայնամասշտաբ պատրեզմի։ Նկատենք, որ չնայած այս ամենին Հայաստանին, նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, հաջողվում էր չեզոքացնել այս սպառանալիքները, իսկ Ալիևը խոստովանում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, բայց նա հերոսաբար դիմադրում է։

Այսպիով՝ եթե ամփոփենք Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիները, ապա լավագույն բառակապակցությունը, որը դրանք կբնութագրի ամբոխահաճո պոպուլիզմն է։ Նման գործելակերպը, որից Փաշինյանն առ այսօր չի հրաժարվում, աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի Հանրապետության համար ու առ այսօր շարունակում է ունենալ։ Եթե այս կործանարար ու աղետաբեր ընթացքն ամեն գնով չկասեցվի, Փաշինյանին հաջողվի ևս 6 տարի մնալ իշխանության ղեկին, ապա անհնար է պատկերացնել, թե ինչ տեսք կունենա Հայաստանի քարտեզը 6 տարի հետո, կամ առհասարակ Հայաստան անունով պետություն կլինի՞, թե՞ ոչ։

Ինչ վերանբերում Փաշինյանի հեռացմանը, ապա դրա միակ ճանապարհը համազգային համախմբումն է, որի շրջանակներում բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և պայքարեն՝ հանուն պետականության փրկության։ Արդեն Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո Հայաստանում հնարավոր կլինի նոր ընտրություններ անցկացնել ու նոր իշխանություն ձևավորել, որն էլ ստիպված կլինի հաղթահարել ստեղծված աղետալի իրավիճակը։

Կարծում ենք, որ այս իրավիճակում էլ ամենաարդյունավետ ճանապարհը վերկուսակցական, տեխնոկրատ՝ բացառապես բոլոր ոլորտների պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարության ձևավորումն է, որի հաջողելու շանսերն անհամեմատ ավելի բարձր կլինեն։

Դավիթ Գույումջյան