copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:00 07-05-2024

Փաշինյանը ստում է․ վեհափառի հրաժարականը պահանջողը կարիերայի շեշտակի աճ է ունեցել

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած վերկուսակցական շարժումն օրեցօր թափ է հավաքում և մոտենում մայրաքաղաքաին, ինչը բնականաբար չի կարող չանհանգստացնել գործող իշխանություններին։ Վերջիններս, որքան էլ զուսպ պահվածք ցուցաբերեն, ակնհայտ է, որ մտահոգված են այս շարժմամբ, քանի որ այն ի վերջո պետք է կապիտալիզացվի և հանգեցնի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության շենքում կայացավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որի կազմակերպիչները հերթական անգամ խտրական մոտեցում էին ցուցաբերել և չէին հրավիրել Oragir.News-ին, որը տևական ժամանակ է, ինչ հավատարմագրված է կառավարությունում։

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցին, պնդեց, թե, իբր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում, որի թիվ 1 շահառուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, որքան էլ դրա հետ համաձայն չլինի։

Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ առիթը բաց չթողեց՝ պնդելու համար, թե ՔՊ-ական իշխանությունները ոչ մի կերպ չեն աջակցել 2018 թվականի նախաձեռնված տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը։

«Հիշում եք Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում կար, մեզ ուզում էին մեղադրել, թե իբր մենք ենք հրահրել այդ շարժումը, կամ մենք ենք հովանավորում այն։ Բացաձակ, ոչ միայն մենք կապ չենք ունեցել, այլ նաև դեմ ենք եղել և հնարավոր բոլոր ձևերով այս ուղերձները հղել ենք»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ ևս մեկ անգամ հերքելով նմանաբովանդակ մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կարճ ժամանակ անց սկիզբ առած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը պահանջում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, բողոքի ակցիաներ իրականացնում, որոնց ընթացքում անգամ գրավել էին վեհարանը, ինչպես նաև բռնություն կիրառել կաթողիկոսի նկատմամբ։

Հատկանշական է, որ Փաշինյանն իր այսօրվա հայտարարությամբ հերթական անգամ ստել է՝ հայտարարելով, որ իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել այս շարժմանը։

Oragir.News-ն իր ընթերցողների ուշադրությունը ցանկանում է հրավիրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանի կարիերայում արձանագրված վերելքների վրա, որը տարօրինակ կերպով համընկել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու շրջանի հետ․

Կարեն Պետրոսյանը 2018-ի հուլիսի 12-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոմնակատար, որից երկու օր անց էլ տեղի էր ունեցել կաթողիկոսի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպը։

Մասնավորապես՝ հուլիսի 14-ին, Պետրոսյանի գլխավորած շարժման անդամները շրջափակել էին Գնդեվանք մեկնած կաթողիկոսի մեքենան, նրան իջեցրել մեքենայից և փորձել բռնություն կիրառել նրա նկատմամբ։

Այս միջադեպից հետո Պետրոսյանը ոչ միայն չհեռացվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, այլև կարիերայի աճ ունեցավ։ Արդեն 2021 թվականի հունիսին վերջինս նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Նշենք, որ նախքան 2018-ի իշխանափոխությունը Պետրոսյանը եղել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի շարքային դասախոս և ստացել 80 հազար դրամ աշխատավարձ։ Սակայն դասախոսական գործունեության տարիներին վերջինս մշտապես մասնակցել է ընդդիմադիր շարժումներին, իսկ արդեն 2018-ին ներգրավված է եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հեղափոխությանը»՝ իր ուսանողներին ուղղորդելով մասնակցել բողոքի ակցիաներին և իրենց լուման ներդնել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործում։

«Թավշյա հեղափոխությունն» անտարբեր չի անցել նաև Կարեն Պետրոսյանի քեռու, ով իշխանափոխությունից հետո կարողացել է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր դառնալ։ Նախքան իշխանափոխությունը Պետրոսյանը եղել է ֆիզիկայի ուսուցիչ և իր գործունեությամբ որևէ կերպ աչքի չի ընկել։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը որևէ կերպ չեն աջակցել տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությանը, մեղմ ասած համոզիչ չեն։ Շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանի օրինակը վկայում է այն մասին, որ ՔՊ-ական իշխանություններն ամեն կերպ խրախուսել են վեհափառի հրաժարականը պահանջող ակտիվիստներին, նպաստել վերջիններիս կարիերայի աճին։

Կարծում ենք, որ Փաշինյանն նման հայտարարություններով ձգտում է հերթական անգամ մանիպուլացնել հանրությանը և թույլ չտալ, որ վերջինս համախմբի Բագրատ Սրբազանի շուրջ՝ վիժեցնելով ոչ միայն Տավուշի գյուղերի հանձնումը, այլև Փաշինյանի հետագա պաշոնավարումը։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

Ձեզ գուցե հետաքրքրի