Ներքին 2 տարի առաջ - 22:01 25-04-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես նաև Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի դառնալու գործում: Մենք այդ աջակցությունը միշտ զգում ենք: Նաև վերջին 30 տարում մենք՝ որպես պետություն ենք գնահատում այդ վերաբերմունքը:

Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել, բայց ես կարծում եմ՝ մեր բոլորիս պահանջը դրանից դուրս է և միտված է նման ոճրագործություններ կանխարգելելուն և թույլ չտալուն:

Ցավոք, ներկայումս ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Մենք՝ որպես պետություն հետևողական ենք այս հարցում և միջազգային հարթակներում շարունակում ենք ակտիվ նախաձեռնություններ ու ներգրավվածություն ցուցաբերել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այս առումով գնահատելի է նաև ձեր, Ֆրանսիայի քաղաքական ուժերի և իշխանության գործունեությունը, որը վստահ եմ, ի վերջո, արդյունք տալու է»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է. «Պարոն նախագահ, ինչպես գիտեք, հավանաբար, ինձ ուղեկցում է ծագումով հայ ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիան Դըլագյուն և մեր փոքր պատվիրակությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հստակ պատկերացնում ենք, թե ինչ պատիվ եք Դուք մեզ անում՝ ընդունելով մի ժամանակաշրջանում, երբ մեծագույն պատասխանատվություններ եք ստանձնում նաև անձամբ:

Իմ ներկայությունը Հայաստանում մի ձև է վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում և Հայաստանի հանդեպ ուշադրությունը, որ գոյություն ունի վաղուց ի վեր: Սոցիալիստական շարժման հիմնադիր Ժան Ժորեսը դեռ 19-րդ դարի վերջին, այսինքն՝ ցեղասպանությունից դեռ շատ առաջ ահազանգում էր ֆրանսիացիներին՝ Օսմանյան սուլթանների բռնությունների վերաբերյալ և ասում էր, որ եթե այս պահին ֆրանսիացիները ոչինչ չանեն՝ շատ ավելի վատ կլինեն հետևանքները ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների համար:

Կցանկանայի, որ իմ այցը Հայաստան, և մասնավորապես այս բացառիկ պահը, երբ մենք հանդիպում ենք, առիթ ծառայի, որպեսզի Հայաստանը Ֆրանսիայի և Եվրամիության ուշադրության կենտրում հայտնվի ևս մեկ անգամ: Համենայն դեպս, գոնե նրանք, ովքեր կարևորում են իմ աշխատանքը, ում համար կարևոր են իմ գաղափարները գիտակցեն, որ Հայաստանը կարևոր է: Իրենց համար սա իհարկե բարդ առաքելություն է, բայց կարծում եմ նաև, որ այս պահը՝ Ձեր տրամադրած հանդիպումը, Ձեր ընդունելությունը, նաև կդյուրացնի մեր գործը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող հակամարտություների կանխարգելման և խնդիրները միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակում լուծման հրամայականը:

Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր խոսքում բարձր է գնահատել նաև Հայաստանի և նրա իշխանությունների կողմից հարևանների հետ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն միտված հաստատակամ դիրքորոշումն ու քաղաքական խիզախությունը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան